«Ժողովուրդ». Շենգավիթի դատարանի նախագահը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի անդամներից Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, օրերս հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ դատավորին հրազենային վնասվածք հասցրել են՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավորը հաստատել է հրազենային վնասվածք ստանալու փաստը` տեղեկացնելով, որ իրականում անզգուշության հետևանք է տեղի ունեցածը: «Որ ասեմ կրակել են, կհավատա՞ք: Ես ինքս եմ իմ ոտքին անզգուշությամբ կրակել»,- ասել է Բալայանը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել որսի ժամանակ՝ անզգուշության հետևանքով»:
«Հրապարակ». Ծառուկյան դաշինքում հրմշտոց է ցուցակների պատճառով. ոմանք ազդում են ԲՀԿ-ականների «ներվերի» վրա
Թերթը գրում է. «Ծառուկյան դաշինքում, մասնավորապես ԲՀԿ սեկտորում, խուլ դժգոհություն կա համամասնական և ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելիք քաղաքական ուժերից և գործիչներից` ընդհուպ մինչև Ստեփան Դեմիրճյան, որի «էռան», ըստ ԲՀԿ-ականների, ավարտվել է դեռ 2003 թվականին, երբ նա գնաց «թեյ խմելու»:
Սակայն ամենաշատը ԲՀԿ-ականների «ներվերի» վրա ազդում են գաղափարական, լիբերալ, լուրջ ուղի անցած «տղերքը»` ի դեմս նախկին արտգործնախարար, երկար տարիներ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, ղարաբաղյան խնդրի լավագույն գիտակ Ալեքսանդր Արզումանյանի և նրա «նապարնիկ» Արարատ Զուրաբյանի, որոնք արևմտյան արժեկիրներ են։ «ԵՏՄ-ին վերաբերող հենց առաջին իսկ քվեարկության-քննարկման ժամանակ նրանք հակադրվելու են մեզ»,- «բողոքեց» ԲՀԿ-ականը, որին էլ ավելի զայրացրել էր հնչակներից Նարեկ Գալստյանի «ընտրությունը»` «կարգին կնիկ» Լյուդմիլա Սարգսյանի փոխարեն. «Մոռացել են, որ Նարեկ Գալստյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականն էր ու գենետիկորեն անհամատեղելի ԲՀԿ-ի հետ»:
«Հայկական ժամանակ». Լոռիում ՀՀԿ ռեյտինգային ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը
Թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԺ առաջիկա ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրական տարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի առաջին տեղերը կզբաղեցնեն պատգամավոր Կարեն Կարապետյանը և «Էյ-Սի-Փի» ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանը:
Մեջլումյանը Հանրապետական կուսակցության Ալավերդու կանաց խորհրդի նախագահն է, Ալավերդու պղնձաձուլարանի տնօրենը:
Թերթին հայտնի է դարձել, որ նա մի քանի տարի էլ աշխատել է «Թեղուտ» ընկերությունում որպես ներքին աուդիտի ծառայության պետ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լուսինե Մեջլումյանին կարիերայի հարցում օգնել է նրա հորեղբայրը՝ Վալերի Մեջլումյանը, որն էլ Վալեքս ընկերությունների խմբում գտնվող «Արմենիան Ռափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետերն է, Սերժ Սարգսյանի մտերիմներից»:
«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի հեռանալը ՀՀԿ-ից Արարատի մարզում քաոս է առաջացրել. «առվակները ցամաքեցվում են»
Թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալը ՀՀԿ-ից Արարատի մարզում քաոս է առաջացրել։
Երեկ տեղեկություն ստացանք, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սեւան Քոչարյանն իր մոտ է հրավիրել Աբրահամյանի ազդեցության տիրույթում գտնվող հանրապետական որոշ գյուղապետերի եւ հրահանգել, որ ՀՀԿ-ից դուրս գալու եւ «տակից» Հովիկ Աբրահամյանին աջակցելու դեպքում պրոբլեմներ կունենան։
Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո ակտիվ խոսակցություններ կան, որ մարզում ՀՀԿ-ից նրա քայլին հետեւողներ կլինեն»: