ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Երևանի քաղաքապետի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակը որոշ առումով հիշեցնում է ապրիլ–մայիսին Աժ–ում ստեղծված վիճակը։ Դարձյալ ամեն ինչ կախված է ՀՀԿ խմբակցությունից։ Բայց, եթե խորհրդարանում ՀՀԿ–ն պետք է ընտրեր «Ելք»–ի թեկնածուին, ավագանիում ՀՀԿ–ն` «Ելք»–ի ծրագրերը չխափանելու համար պետք է որևէ մեկին չընտրի։
Բանն այն է, որ «Ելք»–ը երեկ արդեն պաշտոնապես հայտարարեց, որ քաղաքապետի պաշտոնում թեկնածու չի առաջադրում, հուլիսի 16-ի նիստին չի մասնակցում և գնում է արտահերթ ընտրությունների ճանապարհով։
Թեկնածու առաջադրած միակ խմբակցությունը «Երկիր ծիրանին է», առաջադրված թեկնածուն` խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն չցանկացավ գնահատել իր շանսերը երկուշաբթի օրը նախանշված ընտրություններում` նշելով, որ առաջադրվել է, որպեսզի երևանցուն հնարավորություն տա ընտրված քաղաքապետ ունենալ։
Իսկ թե ավագանու անդամներից ով կընտրի այդ քաղաքապետին, Զարուհի փոստանջյանը չցանկացավ կանխատեսումներ անել։ Իսկ առանց գործընկերների աջակցության Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետի աթոռին հասնել չի կարող։ «Երկիր ծիրանին» ավագանիում ընդամենը 3 անդամ ունի, «Ելք»–ի 14 անդամներն էլ նրա օգտին չեն քվեարկի, ուստի Զարուհի Փոստանջյանին մնում է ապավինել ՀՀԿ–ի բարեհոգությանը։
Իսկ կքվեարկե՞ն Հանրապետականները այն թեկնածուի օգտին, որի խմբակցության անդամներին մի քանի ամիս առաջ քաշքշում էին ավագանու նիստի ժամանակ` գարշահոտ հեղուկով լցված տարաներ ներս բերելու ու արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ ուղղված քայլեր ձեռնարկելու համար։
Նման սցենարը հնարավոր է կանխատեսել միայն մի դեպքում` եթե ՀՀԿ–ն որոշի խափանել «Ելք»–ի ծրագրած արտահերթ ընտրությունները, և եթե այդ ցանկությունն այնքան ուժեղ լինի, որ գերազանցի Զարուհի Փոստանջյանին քաղաքապետի աթոռին տեսնելու չկամությանը։
Sputnik Արմենիան այս հարցով դիմեց ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանին։ Նա չցանկացավ խոսել խմբակցության անունից։ Բայց իր կողմից ասաց, որ Զարուհի Փոստանջյանին լավ է ճանաչում, քանի որ միասին փաստաբանական գործունեությամբ են զբաղվել տարիներ առաջ։
«Եթե իմ կարծիքն եք հարցնում, ես ոչ մի անձի հետ խնդիր չունեմ։ Իմ դիրքորոշումը հետևյալն է` ավագանու 65 անդամ կա, կարևոր չէ արդեն որ խմբակցությունից։ Կարելի էր առաջադրել ու ընտրել թեկնածու և ամեն ինչ չպայմանավորել մեկ անձով»,– ասաց նա։
Ազարյանը հայտնեց, որ Հանրապետականը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի։
«Եթե մասնակցելու լիներ` քաղաքապետը հրաժարական չէր տա։ Եթե մենք հրաժարականի հիմնական պատճառը դիտարկում ենք վստահության պակասը, ապա թեկնածու առաջադրելու իմաստ չկա»,– ասաց նա։
Ազարյանը չի բացառում, որ ՀՀԿ–ն ընտրություններին ընդհանրապես չմասնակցի, բայց և չի էլ բացառում, որ որոշի քվեարկել Զարուհի Փոստանջյանի օգտին։
«Ելք»–ում արդեն տեղյակ են, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրելու և ընտրությունները բոյկոտելու մտադրություն ունի, հետևաբար չեն բացառում, որ առաջիկայում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն։
Այս մասին Sputnik Արմենիային ասաց Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը` նշելով. «Չենք բացառում նաև այդ տարբերակը, որը կբերի ավագանու արտահերթ ընտրությունների, որը վերջ ի վերջո պիտի կայանա»։
Թեկնածուի անուն «Ելքը» ևս դեռ չի հրապարակում` կա՛մ պահելով ինտրիգը մինչև վերջին օրը, կա՛մ արտահերթ ընտրությունների անցկացումը ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը համարելով։
Քաղաքապետի թափուր մնացած աթոռի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի հուլիսի 16-ին. ժամը 11։00–ին հրավիրվող ավագանու նիստում պարզ կդառնա` կունենանք նոր քաղաքապետ, թե կհրաժարվենք նաև ավագանուց ու կընտրենք նորը` նոր քաղաքապետով։
Եթե հունիսի 16-ին միակ առաջադրված թեկնածուն լինի Զարուհի Փոստանջյանը, քաղաքապետ դառնալու համար նա պիտի առնվազն 32 ձայն ստանա, որից միայն 3-ն են իր ղեկավարած խմբակցության անդամներինը։
Իսկ քաղաքապետ չընտրելու դեպքում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն ավագանուն 2 շաբաթ ժամանակ է տալիս։ «Եթե երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ», ապա կառավարությունը որոշում է ցրել ավագանին ու նշանակում է նոր արտահերթ ընտրություններ։
Ընդ որում` արտահերթ ընտրությունը նշանակվում է կառավարության որոշումից հետո 30-40 օրվա ընթացքում:
Այս հաշվարկով, փաստորեն, երևանցիներին դարձյալ թեժ ամառ է սպասում։ Օգոստոսի վերջին– սեպտեմբերի սկզբին մայրաքաղաքում կարող են անցկացվել նոր ընտրություններ` նախընտրական քարոզչության բոլոր հնարավոր դրսևորումներով։