ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին հայտնաբերել է այլ երկրների իրավապահ կառույցների համագործակցության շնորհիվ։ Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ։
Այսօր մամուլը գրել էր, որ Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրը մատնել է Չեխիայում երկար տարիներ քրեական գործունեություն ծավալած, այդ երկրի իրավապահներից Հայաստանում թաքնվող, քրեական հեղինակություն Զապը` Անդրանիկ Սողոյանը։
«ՀՀ ոստիկանությունը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, այդ թվում` բոլոր ստորաբաժանումների համակարգված փոխգործակցությամբ և օտարերկրյա գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, որը կանոնակարգված է նախորդ տարիներին կնքված ու լիարժեք գործող միջազգային իրավական փաստաթղթերով»,– նշված է ոստիկանության պարզաբանման մեջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին ոստիկանությունը հայտարարեց, որ դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը: Նա հայտնաբերման պահին ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա Հայաստան տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:
Հիշեցնենք նաև, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: