Ամեն ընտանիքում՝ 8 երեխա․ Արցախի ամենաերեխաշատ գյուղում խաղահրապարակ կկառուցվի

© Photo : provided by reArmeniaՎաղուհաս գյուղի երեխաները. Մարտակերտ, Արցախ
Վաղուհաս գյուղի երեխաները. Մարտակերտ, Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Բաժանորդագրվեք
Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի 650 բնակիչներից 230-ը երեխաներ են։ 44-օրյա պատերազմից հետո գյուղում կյանքը շարունակվում և նոր թափ է հավաքում․ այստեղ հայրենասիրությունը տեսնում են ոչ միայն լավ կռվելու, այլև հողի վրա ամրանալու մեջ։
«Վաղուհասում ոչ բազմազավակ միայն նորաստեղծ ընտանիքներն են», ժպտալով ասում է 27-ամյա Նարա Բալայանը, որն իր ամուսնու՝ Հայասերի հետ դեռ մեկ դուստր ունի՝ 1-ամյա Արփին։ Վաղուհաս գյուղից տարբեր պատմություններ կարելի է պատմել. այն, որ գյուղում ամեն քայլափոխին սրբավայր կա («վաղուհաս» բառը «վաղ հասնելու» հետ կապ չունի, ստուգաբանվում է որպես «վեղ հաս»՝ սուրբ հող), այն, որ գյուղում է գտնվում թվագրված երկրորդ ամենահին խաչքարը՝ 866 թվականի (առաջին ամենահինը՝ 853թ․, նույնպես Արցախում է՝ Հակոբավանքի տարածքում), այն, որ Արցախյան առաջին պատերազմից ամենաշատ տուժած, բայց այսօր բարգավաճող գյուղերից մեկն է։
Որ վանքի դռները չփակվեն. Կառլեն պապն Ամարասը չի լքել անգամ պատերազմի ամենաթեժ պահին
Բայց, թերևս, ամենահետաքրքիրն այս գյուղի «երեխաշատությունն է»․ ամեն ընտանիքում միջինում 8-12 երեխա կա, գյուղի 650 բնակիչներից 230-ը երեխաներ են։
Նարա Բալայանը, որը հարս է եկել Վաղուհաս (ծնվել է Մարտունիի Գիշիում, սովորել ու աշխատել Ստեփանակերտում), պատմում է, որ բազմազավակության պատճառը վաղուհասցիների յուրովի պատկերացումներն են հայրենասիրության մասին․
«Հայրենասիրությունը միայն լավ կռվելը չէ, այլև՝ հողում ամրանալը։ Առաջին պատերազմի ժամանակ Վաղուհասը ամենաշատ զոհ տված գյուղերից էր, այն հարյուր տոկոսով ավերվել էր․․․ Հիմա ամեն ընտանիք այստեղ շատ զավակներ է ունենում, որ լրացնի բացը։ Մեր սեղաններին առաջին կենացը միշտ մայրերին է նվիրված, բաժակ բարձրացնող տղամարդն ասում է՝ սիրելի կանայք, խոնարհվում ենք ձեր առջև, շատ առյուծներ ծնեք, որ աշխարհը մեզանից պատկառի»։
© Photo : provided by reArmeniaՎաղուհաս գյուղի երեխաները. Մարտակերտ, Արցախ
Վաղուհաս գյուղի երեխաները. Մարտակերտ, Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Վաղուհաս գյուղի երեխաները. Մարտակերտ, Արցախ
Վաղուհասում ապրող երեխաներն էլ ոչ միայն քանակով են աչքի ընկնում, այլև նախաձեռնողականությամբ։ 44-օրյա պատերազմից հետո երեխաները «Առաջնորդության դասընթացի» շրջանակում սկսեցին ուսուցչուհու՝ հենց Նարայի հետ, համայնքի համար նախագծեր մշակել։ Ստացվեց յոթ նախագիծ։
Դրանցից մեկը՝ ինտերակտիվ այգին, կֆինանսավորի դասընթացը կազմակերպած Teach for Armenia կազմակերպությունը։ Մյուս ծրագրերը մշակած երեխաներին չհիասթափեցնելու և ոգևորելու համար Վաղուհասում սկսեցին այլ տարբերակներ փնտրել, հետաքրքրվեցին հիմնադրամներով, տարբեր նախաձեռնություններով։
Քոլատակ․ գյուղ Արցախի սրտում, որն օրեցօր ծաղկում է
Օգոստոսին Նարային զանգեցին reArmenia հարթակից, առաջարկեցին նախագծերից մեկը տեղադրել իրենց կայքում և համահայկական դրամահավաք կազմակերպել։ Ընտրեցին և միացրին երկու նախագիծ՝ խաղահրապարակի և գրադարանի ստեղծման նախագծերը։ Հոկտեմբերին reArmenia հարթակում հայտնվեց «Կարդա և խաղա Վաղուհասում» նախագիծը, դրամային ֆոնդը սահմանվեց 7,7 մլն դրամ։ Այսօրվա դրությամբ նվիրատվություններով հավաքվել է կեսից ավելին՝ 4,6 մլն դրամ։
«Խաղահրապարակը 12-14 տարեկան երեխաների միտքն էր։ Սկզբում ասում էին՝ հյուրեր են գալիս դպրոց, նստարաններ ունենանք դրսում։ Հետո միտքը վերաճեց խաղահրապարակի, որտեղ մեր 230 երեխաները կկարողանան խաղալ, միջոցառումներ կազմակերպել, իրենց առօրյան զարգացնել։ Երեխաները շատ ոգևորված են, օնլայն հետևում են դրամահավաքին, հենց թիվը խոշոր ձևով փոխվում է, գալիս, ասում են, ամեն նվիրատվության ուշադիր են, ամեն անուն հիշում են․․․
© Photo : provided by reArmeniaՎաղուհաս գյուղի երեխաները. Մարտակերտ, Արցախ
Վաղուհաս գյուղի երեխաները. Մարտակերտ, Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Վաղուհաս գյուղի երեխաները. Մարտակերտ, Արցախ
Իհարկե, ամեն ինչը շատ անսպասելի էր, բայց մյուս կողմից մենք մեծ հավատ ունենք մեր հայրենակիցների հանդեպ, և մենք տեսնում ենք, որ չենք սխալվել, որ մարդիկ անտարբեր չեն մեր նկատմամբ», - ասում է Նարան։
Նրա խոսքով՝ դրամահավաքի ավարտից հետո, եղանակային լավ պայմանների դեպքում, խաղահրապարակը կկառուցվի մեկից երեք ամսում։ Ինչ վերաբերում է գրադարանին, Վաղուհասում երբեք գրադարան չի եղել, երեխաների մշակած ծրագրից հետո համայնքը տրամադրել է չօգտագործվող կառույց, որը անմխիթար վիճակում է և պետք է հիմնովին վերանորոգվի։
Պատերազմն ավարտվել է, բայց խաղաղություն չկա. ի՞նչ է տվել Արցախում հրադադարի մեկ տարին
«Բնակիչները իրենք իրենց ձեռքով կանեն հնարավոր աշխատանքները, երեխաները կներկեն, սա մեր բոլորի նախագիծն է։ Մեծահասակներս պատերազմից հետո ամեն ինչ արել ենք, որ երեխաները ոգևորվեն, լավ զգան իրենց ու շարունակեն իրենց ապագան տեսնել իրենց հողում», - ասում է Նարան։
44-օրյայի ժամանակ թշնամին հրետակոծել է գյուղը։ Գյուղի տղամարդիկ բարձրացել են դիրքեր, կանայք, ծերերը ու երեխաները պատսպարվել են դպրոցի ապաստարանում։ Սակայն ադրբեջանցիները սկսել են թիրախավորել դպրոցը, ԱԹՍ-ներով հարվածներ հասցնել։ Դրանից հետո կանայք ծերերի ու երեխաների հետ, մեկնել են Երևան։ Գյուղում մնացել են միայն 12 կանայք, նրանք հրաժարվել են Երևան գնալ, ասելով՝ թե ով է դիրքերում կռվող տղամարդկանց համար ճաշ պատրաստելու։
Գարեգին Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
«Դեդո, մեր պոլկայում արդեն թորքերն են». Գարեգին պապն ընտանիքից ծածուկ է պատերազմ մեկնել
Գյուղի տղամարդիկ դիրքերից իջել են նոյեմբերի 12-ին, գնացել իրենց ընտանիքներին Երևանից հետ բերելու, և նոյեմբերի 18-ին արդեն ամբողջ գյուղը վերադարձել է Վաղուհաս։ Դեկտեմբերի 1-ից սկսել են դասերը, որոնց ժամանակ ուսուցիչները ամեն կերպ փորձում էին աշխուժացնել երեխաներին, խթանել նրանց ստեղծարար ու հայրենասիրական մտածողությունը։ Կարելի է հաստատ ասել՝ ստացվեց․ երեխաների ծրագրած խաղահրապարակն ու գրադարանը պատրաստ կլինեն արդեն մյուս տարի։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала