«Չեմ զգում, որ ուրիշ ազգի մեջ եմ». ՀՀ ազգային հերոսի մոլդովացի այրին ապրում է Աշտարակում

© Sputnik / Aram NersesyanՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին` Էմիլյա Միքայելյանը
ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին` Էմիլյա Միքայելյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2021
Բաժանորդագրվեք
Ամուսնու սպանության ժամանակ Էմիլյա Միքայելյանն ընդամենը 35 տարեկան էր։ Մենակ մնալով երեք երեխաների հետ՝ որոշեց չգնալ հայրենի Մոլդովա և մնալ Հայաստանում։ Այսօր էլ, երբ երեխաներից երկուսը արտերկրում են, տիկին Էմիլյան ապրում է Աշտարակում՝ Գեղազնիկի հետ իրենց ապրած տանը։
«Երբ ինձ ասում են՝ Գեղազնիկից պատմիր, իսկականից չգիտեմ` ինչ պատմեմ, մեր կյանքից բան չեմ հասկացել, ինքը կամ խոպան էր, կամ կռիվ»,– տան մի ամբողջ պատը գրավող՝ Հայաստանի ազգային հերոսի նկարին նայելով՝ ասում է 66-ամյա Էմիլյա Միքայելյանը (աղջկական ազգանունը՝ Բոլբոչան)։
Ազգությամբ մոլդովացի տիկին Էմիլյան ամբողջ զրույցի ընթացքում մեզ հետ հայերեն է խոսում, թեև երբեմն անհանգստանում է, որ իր առոգանության պատճառով կարող ենք իրեն չհասկանալ։ Տիկին Էմիլյան որպես Գեղազնիկի կին կրկնակի քիչ տարիներ է ապրել, քան որպես նրա այրի. նա ընդամենը 35 տարեկան էր, երբ ամուսնուն սպանեցին։ Այսօր տիկին Էմիլյան շարունակում է ապրել Աշտարակի իրենց տանը, որտեղ Գեղազնիկի հետ ընդամենը երեք ամիս են ապրել։ Երեք երեխաներ ունեն, Ալբերտը և Համլետը Ֆրանսիայում են ապրում, Անահիտը՝ Երևանում։
© Sputnik / Aram NersesyanՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին` Էմիլյա Միքայելյանը
ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին` Էմիլյա Միքայելյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին` Էմիլյա Միքայելյանը
«Հո ամեն քաղաք Աշտարակի պես հին կամուրջ չունի»․ նկարչի գեղանկարները՝ չարտագաղթելու կոչ
«Կազմակերպեցինք, որ տղաներս Ֆրանսիա գնան Գեղազնիկի մահվանից հետո։ Վախենում էի, որ կարող է՝ իրանց հետևից էլ գան… Մեծս մեկ֊մեկ գալիս է, փոքրը 20 տարի Հայաստանում չի եղել։ Ես հիմա ամեն օր մեկ Մարիամ Աստվածածնի հետ եմ խոսում, մեկ՝ Գենայի (տիկին Էմիլյան այդպես է անվանում ամուսնուն), իրեն ասում եմ՝ ինչի՞ ինձ մենակ թողեցիր֊գնացիր, թոռներիս ինձ հիմա չեն ճանաչում… Տղաներս ասում են, որ տեղափոխվեմ Ֆրանսիա, բայց ես չեմ ուզում, եթե Հայաստանից ուզենամ գնալ, իմ երկիր կգնամ՝ Մոլդովա, այնտեղ քույրեր ու եղբայր ունեմ։ Բայց Հայաստանում ինձ լավ եմ զգում, չեմ զգում, որ ուրիշ ազգի մեջ եմ», – պատմում է տիկին Էմիլյան։
Գեղազնիկի ու Էմիլյայի ծանոթության սկզբում ամենամեծ խնդիրը վերջինիս համար այն էր, որ իրեն հայ տղան ոչ մի կերպ հանգիստ չէր թողնում։ Ռուսաստանի Ստառի Օսկոլ քաղաքում են ծանոթացել՝ 18-ամյա Էմիլյան այդտեղ ուսանողական պրակտիկայի էր, իսկ 22-ամյա Գեղազնիկը՝ աշխատանքի (Գեղազնիկի ընտանիքում յոթ երեխա էին, և մեծերը վաղ տարիքից աշխատում էին)։
© Sputnik / Aram NersesyanՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին` Էմիլյա Միքայելյանը
ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին` Էմիլյա Միքայելյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին` Էմիլյա Միքայելյանը
«Ինձ տանն ասել էին՝ հայեր, գրուզիններ, զգույշ կլինես իրանցից։ Որ ինքը առաջին անգամ մոտեցավ ու ասեց՝ ուզում եմ ծանոթանամ քո հետ, ես ասեցի՝ լսել եմ, որ հայերը ուրիշ ձևի մարդիկ են, ինքը ասեց՝ սաղ նույն ձև չեն, ես անպայման ուզում եմ խոսամ քո հետ։ Պայման դրեցի, որ ընկերուհիներիս հետ պետք է լինեմ հանդիպմանը, համաձայնեց», ֊ հիշում է տիկին Էմիլյան։
Հանդիպմանը ոչ աջ–ոչ ձախ Գեղազնիկն առաջարկում է երիտասարդ մոլդովացուն ամուսնանալ, վերջինս ընդդիմանում է։ «Սիրած ունե՞ս»,– հարցնում է Գեղազնիկը։ «Չէ»,– լինում է ճակատագրական պատասխանը։ Դրանից հետո արձակուրդին Էմիլյան Մոլդովա է մեկնում՝ հայրենի Բուլբոակա գյուղ։ Մի օր էլ իրենց տուն գյուղսովետից գալիս են, թե Էմիլյային կանչում են հեռախոսի մոտ։
«Թե ոնց էր գտել մեր գյուղսովետի համարը, չգիտեմ, բայց ամբողջ գյուղը իմացավ, որ ինձ հայ ա զանգում, ես մտածում էի՝ բա որ չամուսնանամ իր հետ, իմ ռեպուտացիայի հարց կար արդեն։ Մամայիս պատմեցի ամեն ինչ, ասեց՝ եթե ուզում ես ամուսնանալ հետը, գնա, չէ՝ չէ։ Ես Գենային ասեցի՝ մամաս չի ուզում հետդ ամուսնանամ, ասեց՝ կգամ, կհամոզեմ», – ժպիտով հիշում է տիկին Էմիլյան։
Տղայի համառ քայլերը գրավում են դեռահաս Էմիլյայի սիրտը, նրանք միասին Հայաստան են գալիս։ Գեղազնիկի սասունցի հայրը սկզբում չի ընդունում օտար հարսին, անգամ մի քանի օր տուն չի գալիս։ Բայց հետո գալիս է, նոր հարսի հետ զրույց է ունենում։ Աղջիկն իր խոսքով, տան գործ անելով, որդու հանդեպ նվիրվածությամբ ավագ Միքայելյանի աչքն է մտնում։

«Մեծ քեֆ արեցին, ես այդ ժամանակ հայերեն ոչ մի բառ չգիտեի, ռուսերենն էլ սահուն չէր, շատ բան չէի հասկանում՝ ինչ էր կատարվում, բայց ինձ հարազատ տեղ էի զգում արդեն», – ասում է նա։

Զույգի ծանոթությունն ու ամուսնությունը եղան 1973-ին, և համատեղ կյանքի 17 տարում նրանք միայն մեկ ընդհանուր նկար ունեն։ Փոխարենը տիկին Էմիլյայի ալբոմում շատ են երեխաների և Գեղազնիկի զինվորական նկարները։
© Sputnik / Aram NersesyanՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին` Էմիլյա Միքայելյանը
ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին` Էմիլյա Միքայելյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին` Էմիլյա Միքայելյանը
1988-ին Գեղազնիկը աշխատում էր կիսահաղորդիչների գործարանում որպես պահեստապետ։ Հենց որ շարժումը սկսվեց, գործարանը դարձավ զենքերի արհեստանոց. հավաքում էին դպրոցների ուսումնական զենքերը, որսորդական զենքեր, նորոգում ու ուղարկում կռվողներին։
«Գիշերները ուշ էր գալիս կամ չէր գալիս, ես ինչ ասես մտածում էի։ Մի անգամ հարցրի, ասեց՝ սեկրետնի ա, չեմ կարա ասեմ, մի անգամ էլ արդեն շատ նեղված էի՝ իրականությունը պատմեց, հետն էլ ավելացրեց, որ հանկարծ ոչ մեկին չպատմեմ», ֊ հիշում է Գեղազնիկի այրին։
Մի քանի ամիս անց Գեղազնիկին արդեն միայն զենքեր պատրաստելը չէր բավարարում, նա ջոկատ է կազմում և որպես հրամանատար կռվում Հայաստանի տարբեր շրջաններում՝ Մեղրիում, Արարատում, Նոյեմբերյանում։ Քսան–քառասուն կամավորով պայքարում էին տեղում խժդժություն սարքող ադրբեջանցիների դեմ։
Սյունիքը Գեղազնիկի համար հատկապես ցավոտ կետերից էր, ասում էր, որ «եթե հայը զենք չվերցնի, Զանգեզուրը Ղարաբաղի պես կթուրքանա» (իրադարձությունները մինչև Արցախի լայնածավալ պատերազմն ու ազատագրումն էին):
1990-ին իշխող ՀՀՇ֊ն փորձում էր համախմբել տարբեր անկյուններում գործող զինվորականներին։ Գեղազնիկ Միքայելյանը դարձավ այդ քաղաքական խառնաշփոթի զոհերից մեկը։ Հայոց ազգային բանակ ռազմական միավորումը չէր ենթարկվում ՀՀՇ֊ին։ Ըստ պաշտոնական վարկածի՝ օգոստոսի 28-ի գիշերը ՀԱԲ֊ի զինված ջոկատները գնդակոծեցին Երևանում բենզակայաններից մեկը, որի հետևանքով վիրավորվեց 3 մարդ: Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանեցին Գեղազնիկ Միքայելյանը և պատգամավոր Վիտյա Այվազյանը։ ՀԱԲ֊ի շտաբից կրակ բացեցին նրանց ուղղությամբ, երկուսն էլ ստացած վնասվածքներից մահացան։

«Առավոտն արթնանում եմ՝ բակում լիքը մարդ։ Բարեկամներից մեկը եկավ, ինձնից Գենայի շորերից ուզեց։ Հարցրի՝ ինչ ա եղել, ասեց՝ ոչ մի բան, հիվանդանոցում ա, երդվեց հոր ու մոր արևով, որ ամեն ինչ լավ ա Գեղազնիկի հետ։ Բոլորը, ում տեսնում էի, լացում էին, բայց ես գիտեի՝ ինքը կենդանի ա, հավատում էի բարեկամի երդմանը, մինչև ամեն ինչ պարզվեց… Մոլդովայում քույրս լուրերով տեսել էր, որ Գեղազնիկին սպանել են, եկել էր Հայաստան՝ կողքս լինելու։ Աղջիկս նոր֊նոր մի տարեկան էր դարձել այդ տարին։ Էս տունը չէինք հասցրել սարքեինք, երեք ամիս էինք տեղափոխվել, գետնին էինք քնում, Գենան ասում էր՝ սաղ կսարքի, սաղ լավ կլինի…», ֊ հիշում է Գեղազնիկի այրին։

Միքայելյանին թաղեցին հարազատ Սասունիկ գյուղում։ 1996-ին նրան Ազգային հերոսի կոչում շնորհեցին։ Տիկին Էմիլյան ասում է, որ մտածում է դիմել պետությանը ամուսնու աճյունը Եռաբլուր տեղափոխելու համար։
Միքայելյանների շենքն առանձնանում է Աշտարակում, քանի որ մուտքի պատի մոտ յուրօրինակ արտ֊աշխատանք կա` Գեղազնիկ Միքայելյանի` ավելի քան 7000 խցաններից պատրաստված դիմանկարը։ Հեղինակը Աշտարակ քաղաքի միակ սթրիթ արտիստն է՝ Արման Ստեփանյանը, որը այսօր էլ այդ շենքում ապրող տիկին Էմիլյայի հարևանն է։
© Sputnik / Aram NersesyanՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին` Էմիլյա Միքայելյանը
ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին` Էմիլյա Միքայելյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին` Էմիլյա Միքայելյանը
Աշտարակցի ատամնաբույժ Նիկողոս Այվազյանը, Վիկտոր Համբարձումյանն ու նրա 120 կարի մեքենաները
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала