Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչ կլինի, եթե փորձեն գնաճն արհեստականորեն զսպել. Աղաբեկյանը մի շարք խնդիրներ է մատնանշում

Փոխարժեի վրա ազդելով` գնաճ զսպելը կարող է հավելյալ լուրջ ռիսկեր պարունակել․ տնտեսագետ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դոլարի արժեզրկման և գնաճի փոխկապակցվածության խնդրին։
Գնաճի ցանկացած արհեստական զսպում զսպանակի էֆեկտով հարուցելու է այլ խնդիրներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը։
«Արտարժույթի շուկայում տեղի ունեցող գործընթացները կարծես պետք է հանգեցնեին նրան, որ Հայաստանում, որպես ներմուծող երկիր, գնաճի որոշակի զսպում տեղի ունենար, բայց գոյություն ունեն ռիսկեր զուտ արտահանման առումով, ուստի խնդիրը նախևառաջ պետք է դիտարկել ներմուծում–արտահանում հարթության մեջ։ Ստեղծված իրավիճակում ԿԲ–ն վարում է իր քաղաքականությունը, և տվյալ կառույցի համար բնականաբար ազատ լողացող, փոփոխվող փոխարժեքը կամ շուկայական գործոններով որոշվող փոխարժեքն ամենաիդեալականն է այս պարագայում, որովհետև գնաճի արհեստական ցանկացած զսպում հետագայում զսպանակի էֆեկտով հարուցում է նաև այլ խնդիրներ, ուստի ԿԲ–ն պարբերաբար արտարժույթի առք է իրականացնում շուկայից, բանկային համակարգից և այդկերպ փորձում է որոշ չափով թուլացնել բանկերի բեռը»,– նշեց տնտեսագետը։
Աղաբեկյանի դիտարկմամբ` ԿԲ–ի կողմից արտարժույթի շուկային միջամտելը տվյալ դեպքում գնաճը զսպելու խնդիր չի լուծում, այլ փորձ է արվում արտարժույթի փոխարժեքի գնաճի վրա ազդել այլ մեխանիզմներով։
Կրճատումներ, աշխատավարձի նվազում, արտահանման անկում. ո՞ւմ է ձեռնտու դոլարի էժանացումը
«Կա արտարժույթի շուկա, որտեղ ձևավորվում է որոշակի փոխարժեք, որն իր հերթին կարող է ազդեցություն ունենալ գնաճի վրա, իսկ այս պահին գնաճային ճնշումների հիմնական բեռը գալիս է արտաքին միջավայրից, այսինքն` տեղի է ունենում համաշխարհային պարենային ապրանքների գնաճ, ինչն իր հերթին բերում է առաջին անհրաժեշտության օգտագործման ապրանքների թանկացման, հետևաբար մեր ԿԲ–ի խնդիրը դրամավարկային այլ գործիքներով գնաճի զսպումն է»,– մանրամասնեց տնտեսագետը։
Փոխարժեքի վրա ազդելով` գնաճ զսպելու փորձերը, ըստ Աղաբեկյանի, այդքան էլ իրական չեն, որովհետև դա կարող է հավելյալ լուրջ ռիսկեր պարունակել։
Նրա կարծիքով` մենք համալիր քաղաքականության, ինչպես նաև առանձին ոլորտների ուսումնասիրության և դրանց համար առանձին աջակցության լծակների մշակման խնդիր ունենք, որովհետև այս պահին կան ոլորտներ, որոնք պետական աջակցության տեսանկյունից գտնվում են տարբեր մակարդակներում, հետևաբար առավել մեծ աջակցության կարիք ունեն ՏՏ ոլորտի մասնագետներն ու արտահանող տնտեսվարողները։
Տնտեսագետի խոսքով` կառավարությունը, ԿԲ–ն պետք է իրականացնեն զուգորդված քաղաքականություն` հաշվի առնելով նոր իրավիճակում ի հայտ եկած պայմանները, այսինքն` անհրաժեշտ է տրամադրել սուբսիդիաներ և հարկային բեռը նվազեցնել, չնայած որ կարող է առաջ գալ նաև կառուցվածքային փոփոխությունների գնալու խնդիր, ինչն էլ մակրոտնտեսական մակարդակում առաջ կբերի ավելի գլոբալ տնտեսական կառավարման հետ կապված խնդիրներ։
Նշենք, որ այսօր ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, մեկնաբանելով դրամի արժևորման շուրջ առկա մտահոգությունները, հայտարարեց, որ Հայաստանում դոլարի փոխարժեքի անկմանը զուգահեռ աշխարհում շատ մեծ գնաճ է գրանցվել, հետևաբար, ըստ նրա, եթե փոխարժեքի անկումը չլիներ, Հայաստանում նույն ապրանքների գնաճը շատ ավելի զգալի կլիներ։
ԿԲ–ի տվյալներով` Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ամերիկյան դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ կտրուկ բարձրացել էր` մարտի 11-ին հասնելով 518.28 դրամի։
Դրանից հետո դոլարի փոխարժեքը Հայաստանում սկսեց դանդաղ, բայց հաստատուն նվազել` կապված դոլարի պահանջարկի նվազման ու ռուբլու արժևորման հետ։
ԿԲ–ի ներկայացրած այսօրվա փոխարժեքով 1 դոլարը ՀՀ–ում գնահատվում է 422 դրամ։
Լրահոս
0