Երևանում մեկնարկել են հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները
16:16 11.09.2023 (Թարմացված է: 21:16 11.09.2023)
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of ArmeniaԷդվարդ Ասրյանը «Արծիվ գործընկեր-2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունների բացմանը

Էդվարդ Ասրյանը «Արծիվ գործընկեր-2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունների բացմանը
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia
Հրամանատարությունից նշել են, որ զորավարժությունները Հայաստանի 12–րդ խաղաղապահ բրիգադին կօգնեն նախապատրաստվել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Երևանում մեկնարկել են «Արծիվ գործընկեր –2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Տեղեկությունը հայտնում է AFP–ն։
«Այսօր տեղի ունեցավ «Արծիվ գործընկեր-2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունն»,– AFP գործակալությանը հայտնել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի ներկայացուցիչը:
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia«Արծիվ գործընկեր-2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները ՀՀ–ում

«Արծիվ գործընկեր-2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները ՀՀ–ում
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia
Ավելի ուշ ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում մեկնարկած «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Նշվում է, որ զորավարժության օրերին կխաղարկվի հակամարտող կողմերի միջև կայունացման ապահովման գործողություններ՝ խաղաղապահ առաջադրանքների կատարմամբ։
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia«Արծիվ գործընկեր-2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները ՀՀ–ում

«Արծիվ գործընկեր-2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները ՀՀ–ում
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 11-20-ը ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում կայանալիք զորավարժություններն ուղղված են միջազգային խաղաղապահ առաքելություններում ԱՄՆ ուժերի հետ օպերատիվ համատեղելիության մակարդակի բարձրացմանը:
Իսկ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինվորականներ, որոնք կմարզվեն «Զառ» ուսումնական կենտրոնում և Արմավիրում։
Հրամանատարությունից նշել են, որ զորավարժությունները Հայաստանի 12–րդ խաղաղապահ բրիգադին կօգնեն նախապատրաստվել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու համար։
Հիշեցնենք` սեպտեմբերի 8–ին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան էր հայտնել Հայաստանին։
Հայտարարության մեջ ասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի նկատմամբ։
Առաջինը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացի մեկնարկն է, երկրորդը` ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի այցը Կիև, ինչպես նաև մարդասիրական օգնության փոխանցումը Կիևին, և երրորդը` ՀՀ տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։