Հայաստանի տնտեսությունը հունվար-օգոստոսին աճել է, բայց միջնորդական առևտրի տեմպը նվազում է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկնիշ տնտեսական աճը շարունակվում է, բայց այն շարունակում է հիմնված մնալ առևտրի, ծառայությունների և շինարարական բումի, այլ ոչ թե արդյունաբերության վրա:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-օգոստոսին աճել է 10.4%-ով։ Այս մասին ասվում է ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի նախնական ամփոփագրում։
Ինչպես և նախորդ ամիսներին, տնտեսության աճը հիմնված է առևտրի, ծառայությունների և շինարարական բումի վրա, այլ ոչ թե արդյունաբերության: Շինարարության ծավալն աճել է 17.3%-ով, առևտրինը՝ 23.1%-ով, ծառայությունների ոլորտում շրջանառությունը՝ 14.8%-ով: Ընդ որում, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0,1 տոկոսով։ Պատկերը՝ ըստ ոլորտների, նմանատիպ է եղել նաև նախորդ ամիսներին։
Հիշեցնենք, որ Հայաստանում գնաճը հունիսից շարունակում է բացասական մնալ և օգոստոսին կազմել է -0,2%:
Պահպանվում են նաև միջնորդական առևտրի մեծ ծավալների մասին վկայող ցուցանիշները. արդյունաբերությունը, ինչպես նշվեց վերևում, կրճատվել է 0,1%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2,6%-ով: Դրա հետ մեկտեղ արտահանումն աճել է 51,8%-ով, ներմուծումը՝ 53,8%-ով։
Հավելենք, որ հանրապետությունում նվազում են արտահանման-ներմուծման տեմպերը (միջնորդական առևտրի անուղղակի ցուցանիշ). եթե մինչև մայիս (այսինքն՝ հունվարին, հունվար-փետրվարին, հունվար-մարտին և այլն, 2022-ի նույն ժամանակահատվածների համեմատ) արտահանման աճը կրկնակի էր կամ մոտ էր կրկնակի ցուցանիշին, ապա հունիսին այդ տեմպերը նվազել են՝ հասնելով մոտ 70%-ի, հուլիսին՝ 60%-ի, ներկայումս 50%-ի սահմաններում են։
Բացարձակ ցուցանիշներով հունվար-օգոստոսին արտահանումը կազմել է 4 մլրդ 459 մլն դոլար, ներմուծումը՝ 7 մլրդ 537 մլն դոլար։
Լրահոս
0