20:18 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը Արցախում. 16 հունիսի 2018 թ.

Արցախյան կադրային փոփոխությունների կեղծ և իրական մոտիվները. ու՞մ պետք չէ շանս տալ

© Photo: official site of the Prime minister of RA
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
59720

Արցախի ղեկավարության շրջանում տեղի ունեցող կադրային փոփոխությունները ակտիվորեն քննարկվում են ոչ միայն սոցցանցերում, որոնք գործող հրաբխի են նման, այլև բավական լուրջ ԶԼՄ–ներում։ Ինչպես հայտնի է՝ ճշմարտությունը միշտ միջնամասում է, և հաշվի չառնելով ամենառադիկալ վարկածները, կարելի է եզրահանգել, որ գործընթացը բավական տրամաբանական ու բնական է։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա
Երեքշաբթի ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձան ԼՂՀ ղեկավար կազմում երկու պաշտոնաթողություններն ու կադրային տեղափոխությունները։ Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից Արթուր Աղաբեկյանի հրաժարականի պատճառների մասին կարելի է միայն կռահել, բայց ավելի լավ է նման բան չանել. մեր բուռն և ոչ միշտ տրամաբանական ժամանակներում երբեք չգիտես, ինչով կավարտվի այս կամ այն ենթադրությունը։ Եվ ընդհանրապես ավելի լավ է գործել ոչ թե ենթադրություններով, այլ արժանահավատ տեղեկությամբ։

Մեծ աղմուկ էր բարձրացել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից Լևոն Մնացականյանի ազատման շուրջ, երբեմն լացուկոծ էր լսվում այս թեմայով։ Լացուկոծ անողները, սակայն, ամբողջ օրվա ընթացքում չհիշատակեցին, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկ այլ հրաման ևս ստորագրել է գեներալ–մայորի մասով, դա աշխատանքից ազատելու մասին հրամանից հետո գրեթե հաջորդ թուղթն էր։ Մնացականյանն այսուհետ կղեկավարի Արցախի ոստիկանությունը. որոշակի առումով այս նշանակումը կարելի է պաշտոնի բարձրացում համարել։ 

Եվ, վերջապես, Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Այս թեմայի շուրջ տարբերակներ ևս հնչել են` վայրի վարկածներից մինչև հիստերիկ վարկածներ, սակայն դրանց մեծամասնությունը, հավանաբար, կրկնել պետք չէ. ինչի համար է պետք ավելորդ անգամ կրակի վրա յուղ լցնել։

Այո, Բալասանյանը բազմիցս քննադատաբար արտահայտվել է ՀՀ նոր իշխանությունների հասցեին։ Այնուամենայնիվ, նա երբեք չի անցել գիծը, որը քննադատությունը կսահմանազատի չար պոռթկումից, այդ պատճառով էլ սոցցանցերում իրենց իշխանամետ համարող ֆեյքերի բանակի աղաղակների վրա կարելի է ուշադրություն չդարձնել։ Խիստ ասած, նրանց աղաղակներին ընդհանրապես պետք չէ ուշադրություն դարձնել, ինչ թեմայի շուրջ էլ, որ լինեն այդ աղաղակները, սակայն դա արդեն այլ հարց է։

Չի մոռացվել դեռ Բալասանյանին պատկանող մեքենայի խուզարկության հետ կապված դրվագը։ Դա, իհարկե, վկայում է նրա և պաշտոնական Երևանի միջև առկա որոշակի լարվածության մասին։ Թեպետ այդ դրվագից բավական լավատեսական եզրակացություն է բխում, որը հնչեցրել է հենց Բալասանյանը. կան դեռ տղամարդիկ, որոնց «ասֆալտին փռել» չի հաջողվում։

Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Վիտալի Բալասանյանը լի է վճռականությամբ մասնակցելու Արցախում սպասվող նախագահական ընտրություններին, և չի բացառվում, որ հենց այդ հանգամանքն է նրա պաշտոնանկության գլխավոր պատճառը։ Այժմ, Անվտանգության խորհրդից հեռանալուց հետո, Բալասանյանին ոչ մի կերպ չի կարելի մեղադրել պաշտանեական դիրքը կամ վարչական ռեսուրսներն օգտագործելու մեջ։

Իսկ եթե հաշվի առնենք, որ Արցախում շատերը Բալասանյանին անվանում են ընտրություններում հաղթանակի գլխավոր թեկնածու (համենայն դեպս այսօրվա դրությամբ), ապա այս ազատումը թույլ կտա նրան առավելագույնս անկաշկանդ լինել իր գործողություններում և հայտարարություններում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասաց, որ պետք չէ այս պաշտոնանկություններն ու տեղափոխությունները կապել ՀՀ և Արցախի իշխանությունների միջև գոյություն ունեցող որոշակի տարաձայնությունների հետ։ Հակասությունների առաջացման դեպքեր վերջին երեք տասնամյակի ընթացքում եղել են նաև նախկինում, ասաց Հակոբյանը, հիշեցնելով, որպես օրինակ, Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակները։

Այն ժամանակ Արցախում իշխանության գլուխ էին Դաշնակցության ներկայացուցիչները, և Տեր–Պետրոսյանն արեց ամեն բան, որպեսզի հեռացնի նրանց և իշխանության բերի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Այսօր դա ընկալվում է որպես ճակատագրի ծաղրանք, սակայն դա իրողություն է. փաստից որևէ տեղ չես փախչի, իսկ քաղաքականությունը` այդպիսին է նա, հաճախ հակասական։

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ բոլոր հակասություններն ու բարդ հարցերը պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը պետք է լուծեն առավելագույնս փակ ռեժիմում` դրանք ԶԼՄ–ներ չարձակելով, առավել ևս սոցցանցեր։

«Քաղաքական մեծ սխալ կլիներ նման քննարկումները դիտավորյալ հանրային դաշտ բերել։ Այս կապակցությամբ ես բարձր եմ գնահատում Բակո Սահակյանի զսպվածությունն ու շրջահայացությունը, որոնք արտահայտվեցին նրա վերջին հարցազրույցում, իսկ այսօրվա պաշտոնանկություններն ու տեղափոխությունները կծառայեն, այդ թվում, հույզերի որոշակի հանդարտեցման», – ասաց Վիգեն Հակոբյանը։

Հասկանալի է, որ Երևանի և Ստեփանակերտի միջև լարվածությունը (ցանկացած աստիճանի) կարող է ձեռնտու լինել միայն երկու հայտնի երկրների և աշխարհաքաղաքական խաղացողներից մի քանիսին, որոնք, ինչպես ասաց Հակոբյանը, անպայման կփորձեն հարմարվել ճեղքերում և խորշերում, իրենց պետք եկած գիծը տանելու համար։ Հակոբյանը չի բացառում, որ որոշակի փուլում ինքնատիպ միջնորդների դերում կարող են հանդես գալ երկու հայկական հանրապետությունների հոգևոր առաջնորդները։

Հոգևորականության մասնակցությունը նման ճգնաժամի լուծման հարցում, մի կողմից, կարելի է ողջունել, մյուս կողմից` իրավիճակն ամեն դեպքում տարօրինակ կլինի։ Թեև, հույս կա (և հիմքեր դրանց համար), որ Երևանի և Ստեփանակերտի քաղաքական ղեկավարները կլուծեն բոլոր բարդ հարցերն անձամբ։ Գուցե, նույնիսկ հեռախոսով։

Ըստ թեմայի

Հայաստանի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է․քաղաքագետը՝ զորավարժությունների մասին
Արցախի կարգավիճակի վերաբերյալ իր կոնսենսուսը ժողովուրդը բազմիցս արտահայտել է. Ալավերդյան
«Լոխ լավա». Լապլանդիայից Սանտա Կլաուսի «պատվիրակներն» այցելել են Արցախի մանկապարտեզ
Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ
Ինչպես Աշոտը վիետնամցիներին սովորեցրեց տոլմա ուտել. հայկական ռեստորան Նյաչանգում
թեգերը:
Վիտալի Բալասանյան, Նիկոլ Փաշինյան, Բակո Սահակյան, Հայաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ