04:00 23 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Марат Яврумян, Рубен Пашинян, Елена Шуваева-Петросян

«Բլոկադա.am». հումորի զգացումը հայերին փրկեց ցրտից ու սովից

© Sputnik/ Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Հատուկ կտրոններով հացի հերթեր, լեփ-լեցուն տրոլեյբուսներ, էլեկտրաէներգիայի, գազի և ջրի անջատումներ, սով... Շրջափակումը հերթական փորձություն էր, որը բաժին հասավ հայ ժողովրդին 90–ականների սկզբին

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Հերթական դաժան փորձություններից հայերին օգնեց փրկվել համախմբվածությունը և հումորի զգացումը, որոնք նրանց ավելի ուժեղ և մտերիմ դարձրին։

Մի խումբ ստեղծագործողներ որոշեցին Հայաստանի ծանր տարիների մասին հիշողություններն ամփոփել «բլոկադա.am» վերնագրով ժողովածուում։ Ապրիլի 30-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա ժողովածուի շնորհանդեսը։

Գաղափարի հեղինակն անվանի ռուս գրող Եվգենի Պոպովն է։ Այդ պատասխանատու նախագծի իրականացմանը ձեռնամուխ եղավ ստեղծագործական խումբ` գրող, լրագրող Ռուբեն Փաշինյանի ղեկավարությամբ և գրող, լրագրող Ելենա Շուվաևայի, գրող Հովհաննես Ազնավուրյանի և գրող, լուսանկարիչ Հայկ Մելքոնյանի մասնակցությամբ։

Շրջափակումը և Ծաղկաձորը

Ժողովածուն ստեղծելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ հեղինակները գտնվում էին Ծաղկաձորում։

«Ամեն անգամ, երբ Եվգենի Պոպովը լսում էր «շրջափակում» բառը, զարմանում էր և չէր հասկանում` ինչի մասին է խոսքը։ Նրան թվում է, թե խոսքը Լենինգրադի շրջափակման մասին է»,- հինգշաբթի Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց «բլոկադա.am» ժողովածուի կազմող, լրագրող, գրող, դերասան Ռուբեն Փաշինյանը։

Հենց այդ ժամանակ Փաշինյանը և նրա գործընկերները պատմեցին Պոպովին, թե ինչ շրջափակման մասին է խոսքը, և դրանից հետո ծնվեց «բլոկադա.am»-ը ստեղծելու գաղափարը։

«Ժողովածուն կազմված է երկու բաժնից. մութ ու ցուրտ տարիներին ապրած մարդկանց պատմությունները, ինչպես նաև ստեղծագործող մարդկանց և տարբեր մշակութային օջախների ղեկավարների հիշողությունները, որոնք շարունակում էին իրենց գործունեությունն այդ անհանգիստ ժամանակներում։ Ժողովածուում բացասական երանգեր չկան»,- պատմեց դերասանը։

Նա հավելեց, որ շուտով լույս կտեսնի Ղարաբաղին և ղարաբաղյան շրջափակմանը նվիրված ժողովածուն։

Իր հերթին Yavruhrat հրատարակչության հիմնադիր Մարատ Յավրումյանը հավելեց, որ ինքը և նախագծի մյուս համահիմնադիրներն առաջարկ են ստացել հրապարակել ժողովածուն էլեկտրոնային տեսքով, ինչը հնարավորություն կտա այն ավելի արագ տարածել, քան տպագիր տարբերակը։

«Ժողովածուի էլեկտրոնային տարբերակն արագ կտարածվի տարբեր միջազգային հարթակներում և կայքերում»,- հավելեց Յավրումյանը։

Գրող, լրագրող, «Զբոսաշրջային Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Ելենա Շուվաևա-Պետրոսյանը հավելեց, որ ժողովածուի ստեղծմանն աջակցել է նաև «Ֆիլատովո» մոսկովյան հիմնադրամը։

«Հիմնական ուղղվածությունն աջակցությունն է երիտասարդ գրողներին։ Վերջին չորս տարիներին ֆոնդը հետաքրքրվում է Հայաստանով և մի քանի համաժողով է անցկացրել Ծաղկաձորում։ Դրանց արդյունքում հեղինակները ներկայացվել են մոսկովյան գրական ամսագրերին։ Ծաղկաձորում պարզվեց նաև, որ Ալեքսանդր Ֆիլատովը (նախագահ Բորիս Ելցինի աշխատակազմի ղեկավար) հայկական արմատներ ունի»,- ասաց Շուվաևա-Պետրոսյանը։

Նրա խոսքով` կենսաթոշակի անցնելուց հետո Ֆիլատովը զբաղվել է երիտասարդ գրողներին աջակցելով։ Ծաղկաձորում նա իրեն և Ռուբեն Փաշինյանին պատմեց իր հայկական արմատների մասին. նրա մայրը հայուհի էր Կիրովաբադից։

«90-ականներին` ղարաբաղյան պատերազմի ժամանակ, Ֆիլատովը գաղտնի կերպով աջակցել է Լեռնային Ղարաբաղին, մի քանի անգամ մեկնել այնտեղ, ինչի մասին գրել է իր գրքերում, որոնք լույս կտեսնեն հուլիսին` նրա հոբելյանի կապակցությամբ։ Հենց այդ պահին ծնվել է «բլոկադա. am» նախագիծը ստեղծելու գաղափարը»,- նշեց գրողը։

Մեր ուժը միասնությունն է

Հայ ժողովրդի ուժն իր դժվարություններին հումորով վերաբերվելն է։ Նույնիսկ 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո` արդեն հաջորդ օրը, մարդիկ անեկդոտներ էին հորինում։

«Շատ ծանր էր։ Ես և եղբայրս հետո իմացանք, որ մեր ծնողները հաց չէին ուտում, որ մենք ուտենք»,- պատմեց գրող Հովհաննես Ազնավուրյանը։

Նրա խոսքով` հումորը յուրահատուկ պաշտպանիչ ռեակցիա է։

«Մարդիկ ստիպված էին լինում քնել մեկ սենյակում, որպեսզի չմրսեն։ Միայն մեկ սենյակն էր ջեռուցվում, իսկ մյուսները փակվում էին, և ձմռանն անհնար էր այնտեղ մտնել։ Երբ ինչ-որ մեկը դուրս էր գալիս սենյակից, մյուսները հետաքրքրվում էին` ու՞ր ես գնում։ Մենք մի բուռ ազգ ենք և ցանկանում ենք իմանալ։ Հումորն իսկապես փրկում էր»,- ասաց նա։

 

Գլխավոր թեմաներ