23:18 23 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP611.79
  • EUR528.92
  • RUB7.45
Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանում

Տիեզերականը, որ խոսեց Աստծո հետ սրտանց, իսկ Աստված պատասխանեց նրան

© Photo / official site of the President of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
22220

Ընդունված է համարել, որ մայիսի 7-ը սուրբ Գրիգոր Նարեկացու ծննդյան օրն է: Ճիշտն ասած` հետաքրքիր է, որ կոնկրետ ծննդյան օր է նշվում մի Մեծության կենսագրության մեջ, ում ծննդյան ու մահվան տարեթվերի (951-1003թթ.) հավաստիությունն էլ դեռ հետազոտման ու ճշգրտման կարիք ունի:

Արմեն Հակոբյան, Sputnik Արմենիա

Փոխարենը յուրաքանչյուրը, ով Նարեկացու «Մատյան ողբերգության» համամարդկային աղոթքին կամ թեկուզ «Տաղ Վարդավառին» առնչվել է, առանց հավելյալ հավաստումների ու ճշտումների գիտի, զգացել է, որ անվիճարկելի մեծություն է նա: Քաղաքակրթական բարձունք, ում գործերին ծանոթանալիս  նախաստեղծ, արարչական լույսին հպվելու երջանկությանը համադրելի զգացողություն կարող ես ունենալ, և ապաշխարելու, մեղքերից կամ չարից ձերբազատվելու, մաքրվելու անդիմադրելի մղում:

 Սուրբ Գրիգոր Նարեկացու հետ էր կապված օրերս մեր ներկայացրած հրապարակումը՝ 99-ամյա գիտնական, գրաբարի մասնագետ և թարգմանիչ Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի մասին: Աստծո մատը խառն է, քանզի միայն այդ կերպ է հնարավոր բացատրել անհերքելի իրողությունը, որ մարդը նման պատկառելի տարիքում հանձն առնի Նարեկացու տեղերը գրաբարից ռուսերեն թարգմանելու գործը:

Մեր օրերին մոտիկ ժամանակներում Նարեկացու անվան հետ կապված հիշարժան մյուս իրադարձությունն, ինչ խոսք, Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն էր, որ ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների և հավատացյալների խնդրանքը, Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակում է Տիեզերական եկեղեցու վարդապետ:

Հիշեցնենք, որ դա տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ընթացքում:

Այն ժամանակ, նախքան Հռոմի պապի հայտարարությունը, Վատիկանի Սրբադասման դատավարությունների նախագահ, կարդինալ Անջելո Ամմատոն ընթերցեց բազմաթիվ եպիսկոպոսների խնդրանքը և սրբազան քահանայապետին խնդրեց Տիեզերական եկեղեցու վարդապետների շարքին դասել Սուրբ Գրիգոր Նարեկացուն. «Նա իր կյանքով և իր վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկությունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են և՛ պարզ ժողովրդի, և՛ խորիմաց աստվածաբանների կողմից: Նրա տևական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր գլուխգործոցի՝ Մատյան ողբերգության հետ, որը ժողովուրդը պարզապես անվանում է Նարեկ և որը ավետարանից հետո հայ հավատացյալների մոտ ամենատարածված գրությունն է»,- ասաց կարդինալը:

«Vatican News»-ի «Յութուբում» զետեղած ամբողջական տեսանյութում, 18:40-ից 29:20-ի միջակայքում, պատկերված է հենց այդ արարողության Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը:

Իսկ մեզ մնում է ոչ միայն հպարտանալ, այլև խոնարհմամբ, համեստորեն ու ընկալման ձգտմամբ անդրադառնալ Նարեկացուն: Մեծության, որ ծննդյան ու մահվան ամսաթվեր ունի, իհարկե, բայց անմահացել է՝ անկասկած: Մեծություն, որ խոսեց Աստծո հետ սրտանց, մեր հոգու խորքից, ու Աստված պատասխանեց նրա շնորհով:

… Շուշանն շաղով լցեալ,

շող-շաղով և շար մարգարտով:

Ծաղկունքդ ամէն շաղ առին,

շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.

Աստեղքդ ամէն շուրջ առին,

դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:

Գունդ-գունդ խաչաձև գնդակ,

յօրինուած երկնից շուրջանակ:

Ըստ թեմայի

Նարեկացին հասանելի կդառնա երիտասարդներին
Նարեկացին դառնում է քրիստոնյա երկու համայնքների համերաշխության խորհրդանիշ
Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն
թեգերը:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապ, Հայաստան

Գլխավոր թեմաներ