22:46 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
295 0 0

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չէր կարող չանդրադառնալ Վերին Լարսի վրա։ Ճիշտ է, այս պահին մաքսակետում առաջվա սարսափելի հերթերը չկան, բայց…

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական բեռնատարները կկարողանան օգտվել «կանաչ միջանցքից», երբ խիստ անհրաժեշտություն լինի։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ միջանցքը գրեթե պատրաստ է և կսկսի գործել, եթե Վերին Լարսում բեռնատարների մեծ հոսք լինի։

Մարտի վերջին հայտնի էր դարձել, որ Հայաստանը, Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են «կանաչ միջանցք» ապահովել ԵԱՏՄ բեռնափոխադրումների համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկրողների հետ հանդիպմանը նշել էր, որ քաղաքական մակարդակում պայմանավորվածությունն արդեն կա։

Սակայն նախագծի իրականացման ժամկետները դեռ չեն հաստատվել։

«Լարսում արդեն մեկ կետ առանձնացվել է հայկական բեռնատարների համար, բայց կաշխատի մեծ հոսքի դեպքում, ինչը շուտով կլինի», – ասաց Թանանյանը։

Նրա խոսքով` անցակետն առայժմ կարողանում է սպասարկել հոսքը, և այդ կետի գործարկումն անտրամաբանական է։ Հատկապես հիմա, երբ կորոնավիրուսի պատճառով մաքսակետի աշխատակիցների աշխատանքն առանց այդ էլ սահմանափակվել է։ Նրանց մի մասը մեկուսացման մեջ է, որովհետև շփում են ունեցել ջերմող վարորդների հետ (խոսքը հայաստանցի վարորդների մասին չէ – խմբ.)։

Թանանյանը նշեց, որ կորոնավիրուսը, բնականաբար, ազդել է Վերին Լարսի աշխատանքային ռեժիմի վրա։

Փաստն այն է, որ անկախ կորոնավիրուսից, Լարսի հնարավորություններն անսահմանափակ չեն։ Անցակետի օրական թողունակությունը կազմում է շուրջ 200 բեռնատար, 40 ավտոբուս և մինչև 200 թեթև մարդատար մեքենաներ, ընդ որում` երկու ուղղությամբ։

Սակայն իրականում անցակետը վաղուց արդեն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով։

Այս պահին անցակետի աշխատանքի տեմպերը կորոնավիրուսի համավարակի պատճառով փոքր–ինչ դանդաղել են, բայց առաջվա սարսափելի հերթերն այսօր չկան։

Հայկական կոնյակ

Covid-19–ի պատճառով աշխատանքային այլ ռեժիմի է անցել նաև Ռոսպոտրեբնադզորը։ Հայկական կոնյակով բեռնված մեքենաներն արդեն երկու շաբաթ է` անցակետում են։ Թանանյանը նշեց, որ Ռոսպոտրեբնադզորը պարտադիր ստուգում է որոշ ապրանքատեսակները, իսկ կոնյակը դրանց թվում է։

«Տեխնիկական ընթացակարգ է, ռուսական կողմը պետք է իմանա` ինչ որակի կոնյակ է մտնում իր տարածք», – ասաց Թանանյանը։

Հիմա ակտ է կազմվել, փորձանմուշներն ուղարկվել են լաբորատորիա, բայց պատասխաններն ուշանում են, որովհետև կորոնավիրուսի պատճառով լաբորատորիան էլ է աշխատանքային այլ ռեժիմի անցել։

Ըստ Թանանյանի` նույն տրամաբանությամբ են ստուգվելու նաև միրգն ու բանջարեղենը։ Նա միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանի համար, որպես ԵԱՏՄ անդամի, ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի, մաքսային ընթացակարգը պարզեցվել է։ Հայկական բեռներն ավելի արագ են ստուգվում։

Ռուսական կողմը որոշել է 2020 թվականին վերկառուցել Վերին Լարսը։ Ըստ ծրագրի` նախատեսված է թողունակությունը հասցնել օրական մինչև 3800 ավտոտրանսպորտային միջոցի։

Թանանյանի խոսքով` դրա համար ժամանակ ու գումար է պետք։

«Հիմա պետք է նախագիծ կազմել, գումար գտնել ու հասկանալ` ինչպես կարելի է ավելացնել թողունակությունը։ Տարածքը սահմանափակ է կիրճի պատճառով, և մեծ երևակայություն է պետք անցակետն ընդլայնելու համար», – ասաց Թանանյանը` միաժամանակ նշելով, որ իրավիճակը շտկելու հնարավորություններ հաստատ կան։

Նշենք, որ միայն Հայաստանից բեռնափոխադրողները տարեկան առնվազն 10 հազար երթուղի են իրականացնում Վերին Լարսով (երկու ուղղությամբ)։ Գործող ճանապարհը գրեթե միակն է Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքներ մատակարարելու համար։

Լարսի այլընտրանքային մյուս 8 ճանապարհները քաղաքական պատճառներով փակ են։

Ըստ թեմայի

Կա տեղական և կա ռեգիոնալ հովանավորչություն. ԵԱՏՄ պաշտոնյան խոսել է «Վերին Լարսի» խնդրից
«Վերին Լարսի» անցակետն ու թղթի վրա մնացած համաձայնագիրը. ե՞րբ կլուծվի բազմաչարչար խնդիրը
Հայկական բեռնատարներն այլևս Վերին Լարսում չե՞ն մնա. Վրաստանը լուծում է առաջարկում
թեգերը:
բեռնատար, Վերին Լարս

Գլխավոր թեմաներ