ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում շարունակվում են 2021թ-ի բյուջեի նախագծի՝ երեկ մեկնարկած քննարկումները։ Դրանց այսօր պաշտոնապես հրավիրվել էր մասնակցելու նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բայց խորհրդարան էր եկել նրա տեղակալ Սերգեյ Ներսիսյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց` ինչու։
«Քաղաքապետն այժմ զբաղված է «Երևան» ջոկատի կազմավորման հարցով, և նրանք գտնվում են զորամասում, վերապատրաստման փուլում են, որպեսզի մեկնեն սահման։ Այդ պատճառով քաղաքապետը չի կարողացել ներկա գտնվել»,– պատասխանեց քաղաքապետի տեղակալը։
Սամսոնյանը հիշեցրեց, որ ԱԺ–ում ընդունած օրենքով աշխարհազորային ջոկատը պետք է գլխավորի ոչ թե քաղաքապետը, այլ նրա տեղակալը։
«Ես չեմ հասկանում, որ այսքան խնդիրներ Երևան քաղաքում` կապված թե՛ ապաստարանների, թե ապօրինի շինարարության, թե՛ շինթույլտվությունների հետ, մենք չպիտի քննարկենք գլխավոր պատասխանատուի հետ, այլ գլխավոր պատասխանատուն պիտի զբաղված լինի մի գործով, որը իր գործը չէ իրականում»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ինչու է աճել պարգևավճարների ֆոնդը. քննարկում Ազգային ժողովում
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ շեշտեց, որ Մարությանն այսօր հրավիրված է նաև ԱԺ Տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ, իր խոսքով, նրա ներկայությունը շատ ավելի կարևոր է։
«Ես էլ եմ կողմ, որ որքան մենք այստեղ ներկայացուցչական կազմ ունենանք, այնքան քննարկումն ավելի արդյունավետ կլինի։ Խնդրում եմ պատգամավորների կողմից այդ հրավերը նաև Հայկ Մարությանին փոխանցեք»,– ասաց Թունյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր բոլորին կամավորական ջոկատներ կազմել ու մեկնել առաջնագիծ։ Նա դիմել էր քաղաքապետներին, գյուղապետներին, ՏԻՄ ղեկավարներին` գործի անցնելու։
Հոկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ Երևանում կամավորական ջոկատ է կազմավորվում, որը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Իսկ արդեն հոկտեմբերի 28-ին ԱԺ–ն ընդունեց մի շարք օրինագծեր, որոնցով աշխարհազորը ՀՀ–ում գործելու է տարածքային սկզբունքով՝ Երևանում և մարզերում, և պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Ընդ որում, «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն, աշխարհազորային յուրաքանչյուր միավորում ղեկավարվելու է տվյալ համայնքի ղեկավարի տեղակալի կողմից։
Երեկ ԱԺ–ն մեկ այլ արտահերթ նիստ գումարեց, որտեղ «Երևանի մասին» օրենքում նոր փոփոխություն էր առաջարկվում։ Դրա համաձայն՝ Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը կավելանա ևս մեկով, որը կզբաղվի հենց միայն աշխարհազորի հետ տարվող աշխատանքներով։
Օրենքի փոփոխությունն առաջին ընթերցմամբ երեկ ընդունվեց, երկրորդ ընթերցումը նախատեսված է այսօր՝ 13։ 00-ին։
Պատերազմի հետևանքով ոստիկանության բարեփոխումները կարող են հետաձգվել