04:07 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Ռոմանոս Պետրոսյանն իր ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, որի ժամանակ փոխադարձ հուշագիր կկքնվի։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Սանկտ Պետերբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Ալեքսանդր Կոզլովի հետ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախարարի պաշտոնակատարն իր ռուս գործընկերոջն է ներկայացրել «10 մլն ծառ» նախաձեռնությունը և դրա շրջանակում Հայաստանի անտառածածկ տարածքներն ընդլայնելու հավակնոտ ծրագրերը։Նախաձեռնության շրջանակում համապատասխան գրություն է ուղարկվել նաև ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարություն՝ ակնկալելով աջակցություն տնկիների տրամադրման հարցում։

Ըստ հաղորդագրության` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն աշխատում է ռուսական կողմի հետ կնքվելիք հուշագրի նախագծի վրա։ Օգտվելով հնարավորությունից` երկու կողմերի փոխգործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի աշխուժացման համատեքստում նախարարի պաշտոնակատարն իր ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, որի ժամանակ էլ կկնքվի փոխադարձ հուշագիրը։

Պետրոսյանը տեղեկացրել է, որ հուշագրով սահմանված համագործակցային կետերից մեկի՝ դժվար վերամշակվող թափոնների շրջանառությունից դուրսբերման ծրագրերի շրջանակում Հայաստանում մեկնարկել է միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների և տարաների օգտագործման փուլային արգելքի գործընթաց։

Պետրոսյանը և Կոզլովը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ, և պետք է գործնական քայլեր ձեռնարկել այն իրացնելու ուղղությամբ:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական և ինստիտուցոնալ կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրի համար․ ռուսական կողմի աջակցությամբ արդիականացվել է եղանակային կայանների 40%- ը։ Հայաստանի կառավարությունը հույս ունի շարունակել արդյունավետ համագործակցությունը՝ աջակցություն ակնկալելով Ռուսաստանի Դաշնությունից ծրագրի երկրորդ փուլի իրականացման գործում:

Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարին ի հիշատակ և որպես երախտիք նվիրել է «Կովկասյան ընձառյուծի» արծաթե հուշադրամ և Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի օրինակ։

Հիշեցնենք` դեռ 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։

2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը` որոշում է կայացվել 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:

«10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլի 10-ին։ Առաջին 1000 ծառերը տնկվեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում։

թեգերը:
ծառ, Ռուսաստան, Ռոմանոս Պետրոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ