00:51 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Բաքու

Ի՞նչ են ուտում ադրբեջանցիները, որ զինվորի գլուխ են կտրում ու թշնամանք սերմանում մեր հանդեպ

© Sputnik / Margarita Nekrasova
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
21230

Անձնական փորձն ապացուցեց, որ հումորի զգացումը զարգացնելու համար շատ օգտակար է մեկումեջ թերթել Հայաստանի արևելյան հարևանի պետական մամուլը։ Եվ ցանկալի է այդ գլուխգործոցներին ուշադրություն դարձնել առավոտյան։ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանին դուր է գալիս ավանդական մեկ բաժակ սուրճի այդ հավելումը։

Ինչ ասես, որ չես կարդա ադրբեջանական մամուլում, բոլոր գլխավոր թեմաները հիվանդագին համառությամբ պտտվում են Հայաստանի և հայերի շուրջ։ Արդեն կարդացել ենք հայերին վերաբնակեցնող Գրիբոյեդովի մասին հեքիաթները, հետո էլ` Ադրբեջանից վարձակալությամբ վերցված Երևանի մասին։ Ավելի ուշ գրչի վարպետներն իրենք իրենց ուղղեցին. վարձակալություն չի եղել, դրանք արևելյան հարևանների «պատմական» հողերն են։ Ու այս ոգով մի շարք այլ բաներ։

Քանի որ հարևանների` նույնիսկ հայկական թեմայի վերաբերյալ անսպառ երևակայությունը կարող է հոգնեցնել, երբեմն ուշադրություն ես դարձնում նրանց տեղական նորություններին, որոնք որևէ կապ չունեն Հայաստանի հետ։ Պարզվում է, որ դա էլ պակաս հետաքրքրական չէ, տեղ-տեղ նույնիսկ կարելի է գլուխգործոց համարել։

Ահա, օրինակ, ասուլիս է հրավիրել Ադրբեջանի ազատ սպառողների միավորման նախագահ պարոն Էյուբ Հուսեյնովը և վերլուծել, թե ինչու են երկրի քաղաքներում և գյուղերում մեծ թվով դեղատներ գործում։

Հուսեյնովի պատասխանը երկաթե տրամաբանություն ունի. «Հիվանդները շատ են։ Կարծում եմ, որ պատճառը սնունդն է։ Իզուր չէր Հիպոկրատն ասում, որ մենք այն ենք, ինչ ուտում ենք»։ Դեղատները շատ են, քանի որ հիվանդներն են շատ. գնա ու վիճիր սրա հետ։

Հիպոկրատն ընդհանրապես որևէ բան իզուր չէր ասում։ Եվ իր այդ աֆորիզմը հին հույնը (որ բժշկություն է սովորել ավելի հին ադրբեջանցիներից, ինչպես անհերքելի կերպով ապացուցել են այնտեղի պատմաբանները, իսկ եթե դեռ չեն ապացուցել, ապա նրանք պետք է հնարավորինս արագ ուղղեն այդ անթույլատրելի սխալը) նույնպես հենց այնպես չէր ասել։

Նա գիտեր, որ կանցնի 2.5 հազար տարի, նույնիսկ մի փոքր շատ, և հին ադրբեջանցիների ժառանգ Էյուբ Հուսեյնովը կհիշի նրա ասածը։ Սակայն Հիպոկրատն, իհարկե, չէր կարող ենթադրել, որ իրենից հետո երկար ժամանակ անց խորամանկ Գրիբոյեդովը «պատմական հողերի վրա» կվերաբնակեցնի ոչ պակաս խորամանկ դաշնակցական հայերին, որոնք անհապաղ կցանկանան իմանալ Հուսեյնովից` իսկ ի՞նչ են ուտում որոշ ադրբեջանցիներ։

Ինչո՞ւ է նրանց դա հետաքրքրում։ Դե ինչպե՞ս. չէ՞ որ մենք այն ենք, ինչ ուտում ենք։ Մենք չենք ուզում ուտել այն, ինչ ուտում են որոշ ադրբեջանցիներ, որ հանկարծ չսկսենք մեր նախադպրոցական տարիքի երեխաներին հարևանի նկատմամբ թշնամանք սերմանել։ Լավ կլիներ իմանալ, թե ինչ է պետք ուտել` գերեզմաններն ու խաչքարերը հողին հավասարեցնելու, հակառակորդի գերի ընկած զինվորի գլուխը կտրելու և դրանով ֆուտբոլ խաղալու համար։ Իսկ իմանալ պետք է, որպեսզի երբեք նույն բանը չուտենք։

Բայց լավ, առաջ անցնենք։ Շաքարավազը սպիտակ թույն է, այդ մասին, անկասկած, դեռ մինչև եգիպտական փարավոնները պնդում էին հին ադրբեջանցի հոմեոպատները, պարզապես նրանց ոչ ոք չէր լսում։ Իսկ պարոն Հուսեյնովը լսեց, և այժմ շաքարավազին բավականին կասկածամտորեն է վերաբերվում։ Հիվանդների մեծ քանակության առակայության պարագայում սնկերի պես աճած դեղատների լույսի ներքո Հուսեյնովը խոսում է շաքարավազի մասին` ասելով, որ դրա մեջ ինչ ասես, որ չեն լցնում, որպեսզի այն սպիտակ լինի։

«Ենթադրվում էր, որ շաքարավազի մեջ մարմարի փոշի են ավելացնում, հատուկ փոշի, որը ներկրում են Իրանից, և նույնիսկ սատկած կենդանիների ոսկորներ», — ասել է նախագահը։ Վատն այն է, որ հենց սատկած կենդանիների ոսկորներ են. դա է վնասակարության հիմնական աղբյուրը։ Իրականում պետական չափորոշիչները պահանջում են ողջ-առողջ կենդանիների ոսկորներ ավելացնել, հանուն շաքարի օգտակարության, բայց չէ՞ որ դրանք անհամեմատ ավելի թանկ են, քան սատկած կենդանիների ոսկորները, այդ պատճառով էլ արտադրողները խարդախության են դիմում։

Բացի այդ, մարդկանց հիվանդությունները կանխելու և դեղատների թիվը նվազեցնելու համար պետք է խստորեն հետևել, որ պարենային տոնավաճառներում մեկ քիմիական տարրից արտադրված սննդամթերք վաճառվի։ Օրինակ` միայն պլուտոնիումից։ Կամ բացառապես, ներեցեք խնդրում եմ, կալիումից։

Չեք հավատո՞ւմ։ Հուսեյնովը ճիշտ բան է ասում. նրա խոսքով, նման տոնավաճառներում իրականացրած մոնիթորինգների արդյունքում պարզվել է, որ «վաճառվող մթերքների մեջ շատ են քիմիական տարրերը»։ Չի կարելի, որ շատ լինի, վատ է։

Մեր հարևանները հպարտանում են, որ Ադրբեջանում վաղուց McDonald's կա, իսկ հետամնաց Հայաստանում McDonald's —ի ոչ մի կետ չկա։ Որպես հարևան` կարող եմ անվճար խորհուրդ տալ. փորձաքննության ուղարկեք McDonald's —ում պատրաստված կոտլետը։ Դուք կարող եք համոզվել, որ այդ կոտլետում առանց բացառության կան ադրբեջանցի հին քիմիկոս Մենդելեևօղլու պարբերական աղյուսակի բոլոր տարրերը։

Ի դեպ, ասում են, որ Հայաստանում ևս պատրաստվում են McDonald's բացել։ Աստված մի արասցե, իհարկե, սակայն եթե նման անախորժություն լինի, վատ չէր լինի, որ մենք էլ այդ սննդի քիմիական փորձաքննություն անցկացնեինք։

Գլխավոր թեմաներ