05:12 16 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.17
  • GBP631.92
  • EUR559.84
  • RUB7.73
Մարտի 8

«Խտրականության» ենթարկված հայ կանանց 2 տոները, կամ վճարողը պատվիրում է ինչ կամենա

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Սառա Գալստյան
259110

Ընտանիքում և հասարակության մեջ կանանց դեմ բռնության թեման ծավալվում, մեծանում ու նոր ելևէջներ է ընդունում։ Հայաստանում կանանց միամսյակի եզրափակման՝ ապրիլի 7-ի առթիվ անդրադարձ կատարենք կանանց իրավունքներին, հատկապես մեր երկրում կանանց հնարավորություններին ու «անհնարինությանը»:

Կին-տղամարդ հակասությունները հավերժական են: Դրանք կլինեն այնքան ժամանակ, քանի կան նրանք՝ կինն ու տղամարդը: Ամեն դարաշրջան, ամեն ժողովուրդ՝ ելնելով իր բարքերից ու մենթալիտետից, թելադրում է կին-տղամարդ հարաբերությունների իր ձևը, մշակում այդ հավերժական պայքարի իր մեթոդները:

Կանանց հանդեպ բռնության թեման այսօր խիստ արդիական է, ավելի ճիշտ` նորաձև: Այնքան արդիական ու նորաձև, որ հասարակությունը 2 մասի է բաժանվել ու լուրջ կռվի բռնվել: Մի մասն ասում է՝ Հայաստանում վիճակն աղետալի է, կանանց հանդեպ բռնություն գործադրում են շատ ու ամենուր, փրկեք հայ կնոջը (իսկ փրկելու համար փող է պետք, շատ փող): Անգամ ընտանեկան բռնության մասին օրենք պարտադրեցին մեզ. ընդունեցինք, գուցե պետք գա, գուցե ոչ՝ ժամանակը ցույց կտա: Մյուս մասն էլ կարծում է, որ ամեն ինչ շատ կատարյալ է, խնդիրներ չկան, ու անելիք չկա: Երկուսն էլ տեղ-տեղ ծայրահեղությունների մեջ են ընկնում:

Իսկ իրականությունն այն է, որ բռնությունն անընդունելի է ամենուր և բոլորի նկատմամբ՝ լինի կին, թե տղամարդ: Ու բռնության մեջ առանձնացնելով կնոջը՝ ջնջում ենք այն հավասարությունը, որ ուզում ենք ստեղծել կին-տղամարդ հարաբերություններում (թեպետ մարդն ով է, որ հավասարեցնի այն, ինչն արարիչը տարբեր է ստեղծել):

Հիմա գանք Հայաստան, ի դեպ, գնանք, հեռվից գանք: Մինչ ողջ Արևմուտքն ուզում է մեզ դասեր տալ, կին-տղամարդ հավասարություն սովորեցնել, այդ հավասարությունն այստեղ վաղուց կա, շատ վաղուց:

Դեռևս 12-րդ դարում օրենսդիր, առակագիր, հոգևորական Մխիթար Գոշն իր հայտնի «Դատաստանագրքում» առանձնահատուկ տեղ է հատկացրել կնոջն ու նրա իրավունքներին: Թեպետ այստեղ կանայք դիտարկվում են միայն ամուսնաընտանեկան նորմերի շրջանակում, սակայն 12-րդ դարում կանանց իրավունքներին անդրադարձն ու նորմերի սահմանումն արդեն իսկ աննախադեպ էր: Օրինակ՝ «Դատաստանագրքի» դրույթներից մեկով կարևորվում է փոխադարձ համաձայնությամբ ամուսնությունը. այն պարտադիր պետք է լիներ «փոխադարձ հաճությամբ», նա ով առանց համաձայնությամբ էր ամուսնանում, պետք է տուգանք վճարեր:

Գոշի օրենսգիրքը նաև թույլատրում էր ամուսնալուծությունը, որն այդ ժամանակաշրջանում բավականին արտառոց երևույթ էր. եվրոպական շատ երկրներում, օրինակ, ամուսնալուծությունը թույլատրվեց միայն 20-րդ դարում:

Ի դեպ, այն ժամանակ Եվրոպայում կինն իրավունք չուներ ամուսնու կողմից ծեծվելու դեպքում դիմել դատարան, իսկ Գոշի «Դատաստանագրքում» նշվում է. «Հայ կինը բռնության ենթարկվելու դեպքում կարող է դիմել դատարան, ամուսնու դեմ բողոք, նույնիսկ նյութական հայց ներկայացնել»:

Անգամ մեր լեզվամտածողության մեջ է երևում կին-տղամարդ հավասարությունը: Տեսեք՝ աշխարհի շատ լեզուներում կնոջ ու տղամարդու համար նախատեսված դերանուններն այլ են (he, she, он, она), իսկ հայերենում ՝ բոլորս նա ենք՝ ես էլ եմ նա, նա էլ:

Իսկ հիմա ժամանակի մեքենայով գանք մեր օրեր ու «կենդանի» օրինակներով քննարկենք: Ծնվել, մեծացել եմ Հայաստանում (ինչի համար շնորհակալ եմ Աստծուն)։ Հայկական գյուղ, ավանդապաշտ ընտանիք, որտեղ տղամարդն իր կարևոր դերն ուներ, կինն իր՝ անփոխարինելի: Մանկապարտեզ, դպրոց, համալսարան, 4-5 աշխատավայր՝ բոլորը մասնագիտական: Ո՛չ տանը, ո՛չ հասարակության մեջ չեմ զգացել, որ իմ դեմ խոչընդոտներ կան, որովհետև ես աղջիկ եմ, ոչ թե տղա: Դժվարությունների, խնդիրների ամենուր հանդիպել եմ, բայց դրանք սեռային պատկանելության հետ կապ չեն ունեցել ու չունեն:

Ինչ էի ուզում ասել՝ այդքան լուրջ դեմքով կռիվ մի արեք, կոկորդ մի պատռեք, տարբեր խնդիրներ «գենդերային» հարթություն մի բերեք, ի վերջո, եթե խնդիրն արհեստածին լինի, վաղ թե ուշ դրա համար վճարողները կհասկանան: Իսկ, եթե ոչ, եթե կարողանաք մի կետով, ասենք, հայ ընտանիքն ավելի լավը դարձնել, ուրեմն մենք ներողություն կասենք, անգամ շնորհակալություն:

Վերջաբանի փոխարեն. ի դեպ, ամբողջ աշխարհում, երևի, միայն Հայաստանում են կանանց տոնը նշում ոչ թե մեկ օր, այլ մի ամբողջ ամիս՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը: Կամ ավելի ճիշտ՝ կանայք այստեղ 2 տոն ունեն՝ մարտի 8-ն ու ապրիլի 7-ը: Վերջինն ավելի շատ մայրության տոնն է, քանի որ Ավետման օրն է: Ըստ Աստվածաշնչի՝ այդ օրը Գաբրիել հրեշտակապետն ավետում է կույս Մարիամին, որ նա որդի է ունենալու:

Այնպես որ, շնորհավոր մեր տոնը, սիրելի կանայք ու աղջիկներ: Չտխրեք՝ մեկ ամիսն ավարտվում է, 11 ամիսն է սկսվում:

Ըստ թեմայի

Ծաղիկներ, բացիկներ, ֆուրշետներ. որքան են պետական մարմինները ծախսել բյուջեից մարտի 8–ին
Ինչո՞ւ էր ՀՀՇ-ն հալածում Մարտի 8-ը, և ինչպես հայ կանայք երկու տոն ունեցան
Մարտի 8–ից խուսափելու 5 պատճառ. ինչն է խանգարում վատ պարողին

Գլխավոր թեմաներ