20:30 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Նարեկ Ավետիսյան

Հայ ավանգարդիստի «հակասթրեսը», կամ Պիկասո չդառնալու 33 փորձ

© Photo : Marie-Christine Fritsch, provided by N.Avetisyan
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
169 0 0

Հայրն իր արվեստի միջոցով հանդես է եկել խորհրդային իշխանության դեմ, որդին գովերգում է հանրապետության անկախությունն ու արվեստի ազատությունը։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է հանրահայտ Մինասի որդու՝ ավանգարդիստ Նարեկ Ավետիսյանի հետ։

Նշանավոր Մինասի և նրա որդու՝ Նարեկ Ավետիսյանի ստեղծագործությունները գրեթե ոչ մի ընդհանրություն չունեն։ Հոր գեղանկարչությունն ավելի շատ արտացոլում է ազգային արժեքները, որդին հավատարիմ է միջազգային արվեստին։ Այդուհանդերձ, այդ տարբերությունները չեն խանգարել, որ նրանց ստեղծագործությունները ներկայացվեն համատեղ ցուցահանդեսում։ 2014թ-ին Գերմանիայում անցկացվել է «Մինաս և Նարեկ Ավետիսյան․ մոդեռն և ավանգարդ» ցուցահանդեսը։

  • «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռն և ավանգարդ»
    «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռն և ավանգարդ»
    © Photo : provided by Narek Avetisyan
  • Նարեկ Ավետիսյան
    Նարեկ Ավետիսյան
    © Photo : provided by Narek Avetisyan
  • Նարեկ Ավետիսյան
    Նարեկ Ավետիսյան
    © Photo : provided by Narek Avetisyan
1 / 3
© Photo : provided by Narek Avetisyan
«Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռն և ավանգարդ»

Նարեկ Ավետիսյանը սովորաբար ինքն է ձևավորում իր ցուցահանդեսները, բայց այս անգամ ցուցադրությամբ զբաղվել է թանգարանի աշխատողը։

«Ինձ շատ դուր եկավ նրա գաղափարը՝ իմ նկարները ցուցադրել Մինասի նկարներով շրջապատված։ Ստացվում է, որ հայրը պաշտպանում և գրկում է որդուն», — պատմում է նկարիչը։

Նարեկն ասում է, որ մանուկ հասակում իր տեխնիկան շատ է հիշեցրել հոր ոճը։ Մինասը եղել է նրա առաջին ուսուցիչը, որը միշտ խրախուսել է տղայի արվեստը։ Մինասը որդուն նվիրել է առաջին մոլբերտը։ Հիմա Նարեկի արվեստանոցում, որտեղ նախկինում աշխատել է Մինասը, ասեղ գցելու տեղ չկա. ամենուրեք նկարներ են՝ գետնին, հաստոցներին, պատուհանագոգերին։

Որոշ կտավներում իրար նման կերպարներ կան։ Նկարիչը խոստովանում է, որ ծագած գաղափարի հիման վրա կարող է ստեղծել մի քանի տարբերակներ, կարող է նկարել նկարների մի ամբողջ շարք։

«Չի եղել այնպես, որ ինչ-որ բան նկարեմ ու միանգամից վերջակետ դնեմ», — նշում է նկարիչը։

Նարեկը ցույց է տալիս տղամարդկանց դիմանկարներ, որոնք հիշեցնում են Հիսուսին կամ հայ քահանայի կերպարը։ Շարքը կոչվում է «Ի խորոց սրտի», որը միանգամից ասոցիացիաներ է առաջացնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հետ։ Այս պոեմում տաղերից յուրաքանչյուրը սկսվում է «Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ» խոսքերով։

Սակայն այդ շարքի նկարները Նարեկացու ստեղծագործության նկարազարդումները չեն և ոչ էլ բանաստեղծի դիմանկարները։ Դրանք մարմնավորում են իրեն և աստծուն գտնելու նկարչի փորձերը։ Նարեկ Ավետիսյանն այս շարքում հարուստ գունապնակ և բազմազան երկրաչափական ֆիգուրներ է օգտագործում։ Նկարիչը վերաիմաստավորում է իր կյանքը և շտկում իր մասին պատկերացումները։ Այս շարքում ընդամենը 33 նկար կա, ինչն ուղիղ կապ ունի Քրիստոսի տարիքի հետ։

Նկարների վրա դրված է «Պիկասո չէ» դրոշմը։ Ավետիսյանը խոստովանում է, որ երբ փոքր է եղել, իր ամենասիրելի նկարիչը եղել է Պաբլո Պիկասոն։ Նրա արվեստը նույնիսկ ավելի բարձր է դասել, քան Մինասինը։

Картины художника Нарека Аветисяна из серии Антистресс
© Photo : provided by Narek Avetisyan
Նարեկ Ավետիսյանի ստեղծագործություններից

«Մեր տանը Պիկասոյի նկարներով ալբոմ կար։ Ես ոչինչ չէի հասկանում, բայց ժամերով թերթում էի այն», — հիշում է Նարեկը։

Նա նշում է, որ իր «Հակասթրես» շարքի գաղափարի հիմքում ընկած են հայտնի նկարչի հայեցակարգերը, բայց էությունն այն է, որ սա Պիկասոյի կրկնօրինակում չէ։

Նարեկ Ավետիսյանի նկարների մյուս շարքը կոչվում է «Հակասթրես»։ Արդեն նկարված են մի քանի տասնյակ նկարներ, բայց շարքը դեռ ավարտված չէ։ «Սթրեսը հավերժ է», —կատակում է նկարիչը։

Կտավների վրա մանր տառերով արտահայտություններ են գրված։ Նույնիսկ կտավի բնութագրերը, որոնք նկարիչներն ավանդաբար գրում են նկարի հակառակ կողմում, այս շարքում տեղադրված են դիմերեսին։

Նա խորհուրդ է տալիս չհավատալ այն նկարիչներին, որոնք պնդում են, թե գեղանկարչությունն ընդամենը ծանր աշխատանք է։

Իհարկե, գաղափարը կյանքի կոչելը, նկարների վրա ժամերով աշխատելը հեշտ չէ, բայց Նարեկ Ավետիսյանի կարծիքով՝ հենց դրա մեջ է նկարչի երջանկությունը։

«Առօրյա կյանքում ոչինչ ինձ այդպես չի ազատում սթրեսից, ինչպես արվեստը», — ասում է Մինասի որդին։

Նարեկը Հայաստանում առաջիններից է սկսել զբաղվել ֆրակտալ գեղանկարչությամբ, որը թվային արվեստի ուղղություն է։ Նա նաև ժամանակ առ ժամանակ պատվերով է նկարում։ Բայց Ավետիսյանը հանգամանալից է մոտենում այս հարցին, նրա համար լուրջ նշանակություն ունի պատվերի տեսակը և հենց պատվիատուի անձը։

«Ոչ ոք և ոչինչ չի ստիպի ինձ նկարել այն, ինչ ինձ դուր չի գալիս», — բացատրում է Նարեկը։ Արվեստից դուրս Նարեկը ամուսին է և հայր։ Երկու որդի ունի։ Ավագ որդին նշանավոր պապի անունն է կրում` Մինաս, իսկ կրտսերին Վաղարշակ են կոչել։ Որդիները հիմա գեղանկարչությամբ չեն զբաղվում, թեև մանուկ հասակում սիրել են նկարել։

Տարիներ առաջ Մինասն ասել է Նարեկին․ «Տղաս, դու փոփ արտ ես նկարում։ Կմեծանաս, կհասկանաս, թե դա ինչ է»։

Նարեկի խոսքով՝ հայրը գուշակել է, որ որդին կընտրի նկարչի ուղին։ Մի անգամ հայտնի գեղանկարիչը Նարեկի նկարը ցույց է տվել արվեստանոցում հավաքված իր ընկերներին և ասել․ «Չգիտեմ՝ կտեսնեմ դա, թե ոչ, բայց հիշեք՝ այս երեխան նկարիչ կդառնա»։

Նա իրավացի էր։ Այսօր Նարեկ Ավետիսյանը հայտնի նկարիչ է, նրա արվեստը բարձր են գնահատում արվեստի գիտակները և փորձագետները, ցուցահանդեսները հաջողված են, նկարիչն իր գործերը ցուցադրում է ոչ միայն հայրենիքում, այլ նաև արտասահմանում։

Հոդվածի բնօրինակը։

Գլխավոր թեմաներ