16:21 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց. 2019 թվականի հունվարի 23

Ինչպես Երևանի տեսախցիկները հաղթեցին ներքնաշորին. «խաբված» տաքսիստների բումերանգը

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
43110

Փողոցային առևտրականները դժգոհեցին, երբ իշխանությունը փորձեց նրանց ուղարկել շուկա, մի քիչ աղմկեցին, և կրքերը հանդարտվեցին։ Բայց «սուրբ տեղը դատարկ չի մնում», և ցուցարարների թափուր տեղում հայտնվեցին տաքսիստները, որոնք չեն ուզում տուգանքներ վճարել, փոխարենն ուզում են ամեն ինչ, միանգամից և շատ։ Հետո կարող են պահանջել քաղաքապետի հրաժարականը, բայց ամեն ինչի մասին` հերթով։

Քաղաքային իշխանության և փողոցային առևտրականների շարունակական խաղի հերթական խաղակեսն ավարտվել է մարտական ոչ–ոքիով, թիմերը գնացել են դադարի` ուժ հավաքելու։ Բայց մենք չենք հասցնում ձանձրանալ. մյուս ալիքով շարունակվում է տաքսիստների և նույն իշխանության պայքարը։

Երևում է` տաքսիստները ուզում են ամեն ինչ և միանգամից։ Կարգուկանոն փողոցներում, տուգանքների և «կարմիր գծերի» չեղարկում, տեսախցիկների և արագաչափերի վերացում, մի խոսքով` արտոնյալ դիրք։ Եթե դատենք հայկական ԶԼՄ–ների հրապարակումներից, ապա ցանկությունները չկատարելու դեպքում տաքսիստները կպահանջեն քաղաքապետի հրաժարականը` որպես «ոլորտն անտեսողի»։

Տաքսամոտորային շերտի հանդեպ ամենաօբյեկտիվ մոտեցման և համակրանքի դեպքում չի կարելի չնկատել, մեղմ ասած, ախորժակների որոշակի անչափելիությունը, երբեմն էլ` պահանջների անհնարինությունը։

Օրինակ բերեմ։ Երևանն իր նեղ փողոցներով, երբ գրեթե ամենուրեք մի կողմից սարին է դեմ առնում, մյուս կողմից` կիրճին, պարզապես նախատեսված չի եղել նման թվով ավտոմեքենաների համար։ Գրեթե 80 տարի առաջ ոչ մեկի մտքով չէր էլ կարող անցնել, որ ոչ թե շքեղության, այլ տեղաշարժվելու միջոցների նման մրջնանոց կլինի, ընդ որում` մրջյունների տեղաշարժը, ի տարբերություն Երևանի ավտոմեքենաների, ենթարկվում է յուրահատուկ, բայց հստակ տրամաբանության։

Նկատե՞լ եք` մեզ մոտ մարդատար տրանսպորտի ընդհանուր հոսքի քանի տոկոսն են կազմում տաքսիները։ 50 տոկո՞սը։ Հասկանալի չէ` նման պայմաններում ինչպես կարելի է կարգավորել երթևեկությունը, առավել ևս, որ ճանապարհային ոստիկանությանը վերցրել ու ընկղմել են բարեփոխումների կամ հերթական օպտիմալացման մեջ։

Բայց սա դեռ ոչինչ։ Տաքսիստներին այնպես է դուր եկել «թավշյա հեղափոխությանը» հաջորդած տուգանքների չեղարկումը, որ հիմա էլ ուզում են, որպեսզի դրանք ընդհանրապես չլինեն, բայց միայն իրենց` տաքսիստների համար։ Թե չէ մի քանիսի մոտ կուտակվել են տասնյակ չվճարված անդորրագրեր, յուրաքանչյուրը` 5000 դրամ, բոլորը միասին կազմում են կլորիկ գումար, որը տաքսիստը կվճարի միայն ստիպելու դեպքում։

Հարց է ծագում. անդորրագրերը հավաքելու փոխարեն ավելի հե՞շտ չէ տարեկան վճարել 12 հազար դրամ և կանգնել այնտեղ, որտեղ կան չարաբաստիկ «կարմիր գծերը»։ Թեև կասկածներ կան, որ տուգանքների մեծ մասը տաքսիստներին նշանակել են ոչ թե վճարովի կայանատեղիում կանգնելու և չվճարելու համար, այլ, օրինակ, հասարակական տրանսպորտի կանգառներում ուղևորներին սպասելու պատճառով։

Դրանում համոզվելու համար բավական է նայել ցանկացած մարդաշատ կանգառի. ավտոբուսներն ու երթուղային տաքսիներն իրենց երկար ազդանշաններով անընդհատ քշում են համառ տաքսիստներին։

Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա տաքսիստները հավատացել են «թավիշին», որը տեսախցիկների վրա կպչուն ժապավեններ էր կպցնում և ներքնաշոր կախում դրանց վրա, իսկ հետո որոշեց թողնել այդ տեսախցիկները և նույնիսկ ավելացնել քանակը։

Ըստ այդ տրամաբանության` ճանապարհային երթևեկության կարգուկանոնը հնարավոր է պահպանել միայն տուգանքները չեղյալ հայտարարելուց (տաքսիստների), նրանց ուզած վայրում կանգնելու թույլտվություն տալուց և տեսախցիկները հանելուց հետո։ Ահա այդ ժամանակ մեր փողոցներում ամեն ինչ օրինակելի կլինի. եթե տաքսիստն իրեն լավ զգա, մեզ այնպես տեղ կհասցնի, որ մենք էլ մեզ լավ կզգանք։

Եվ ահա նրանք ասում են, որ եթե այդ ամենը չլինի հենց վաղը, թող քաղաքապետը հրաժարական տա։ Գուցե Երևանի քաղաքապետի հրաժարականը պահանջելու պատճառներ կան, բայց տաքսիստներին արտոնյալ կաստա դարձնելու ցանկության բացակայությունն այդ պատճառների շարքը չի դասվում։

Տաքսիստներն իրենց խաբված են զգում, որովհետև նրանց ճնշող մեծամասնությունը մեծ ոգևորությամբ էր ընդունել «թավշյա» իշխանափոխությունը։ Նրանք ազդանշաններ էին տալիս, իրենց մեքենաներով փակում էին փողոցները, վանկարկում էին հեղափոխական կարգախոսներն ու գիշերվա կեսին թխկթխկացնում կաթսաները, իսկ հիմա նրանց լիակատար ազատություն չեն տալիս, որպեսզի անեն այն, ինչ խելքներին փչի։ Նրանք կարծում են, որ հավանաբար վաստակել են ցանկացած օրենքից բարձր լինելու իրավունքը, միաժամանակ բոլոր մնացած մարդիկ պետք է անպայման հետևեն դրան։

Ակամա կասկածներ են ծագում, որ տաքսիստները հասարակության միակ մասը չեն, որոնք համարում են` եթե «հեղափոխություն են արել», ապա իրենց ամեն ինչ կարելի է։ Մինչև մեր գլուխներում արմատավորվի տարրական ճշմարտությունը` օրենքը հավասար է բոլորի համար, նախագահից մինչև անօթևան, շատ ժամանակ կանցնի։ Այդ ճշմարտությունը գործնականում կիրառելուց` նույնպես։

Մյուս կողմից, այս ամենը նոր իշխանության չմտածված քայլերի ուղիղ հետևանքն է։ Նույն տուգանքների չեղարկումը, տեսախցիկների դեմ «պատերազմը», որն ավարտվեց վերջինների հաղթանակով, կարմիր գծերը վերացնելու խոստումները, որոնք այսօր ավելի շատ են կարմրել, միայն մեկ նպատակ են հետապնդել` ամբոխահաճությունը։ Ցավն այն է, որ չափազանց շատերն են ամբոխահաճությունը հալած յուղի տեղ ընդունում։

Իսկ «բումերանգի էֆեկտը», որը նոր իշխանությունն անտեսել էր ժամանակին, արդեն ցույց է տալիս իրեն ամբողջ հզորությամբ։ Եվ ոչ միայն տաքսիստների պահանջների դեպքում։

Գլխավոր թեմաներ