20:43 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ազգային ժողովի ճեմասրահներում

Երբ Պանիկովսկու «տուր ինձ միլիոն»-ը վերափոխվում է Մարուքյանի «միլիարդ որ տա, կներեմ»-ի

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
26302

Այն լուրը, որ Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 միլիոն դոլար, բազմաթիվ հարցեր առաջ բերեց: «Ո՞ւր են ուղղվելու այդ գումարը, որպես ի՞նչ է ձևակերպվել այն՝ բարեգործությո՞ւն, վնասի փոխհատուցո՞ւմ, նվիրատվությո՞ւն»,- հարցնում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանը ու պատասխանի արդյունքում նոր հարցերի լայն դաշտ բացում:

Անկասկած, շաբաթվա գլխավոր ֆինանսատնտեսական նորությունն ակտիվ շրջանառված այն տեղեկությունն է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը 18,5 միլիոն դոլար է տվել պետությանը:

Հետաքրքրեցին ձևակերպումները:

Օրինակ, նշվում է, որ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար: Նույնը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Հարց է ծագում՝ ի՞նչ ասել է կամավոր, անհատույց: Որպես ի՞նչ է ձևակերպվել այդ գումարը՝ բարեգործությո՞ւն, վնասի փոխհատուցո՞ւմ, նվիրատվությո՞ւն. ի՞նչ:

Մեկը ասում է՝ փոխհատուցում վերը ակնարկված գործերի շրջանակում: Այդ դեպքում ի՞նչ անհատույցի մասին է խոսքը: Առավել ևս՝ ի՞նչ կամավոր: Եթե փոխհատուցում է, ապա փոխհատուցման կամավորն ու դժկամաբա՞րը որն է: Եթե բռնագանձում է, ի՞նչ կապ ունի անհատույցը:

Ի՞նչ է, Պանիկովսկի՞ն է հետապնդել ու «տու՛ր ինձ միլիոն, տու՛ր ինձ միլիոն» ասելով համոզել:

Մի խոսքով, ուրիշ հարցեր էլ կան: Իսկ ո՞ւր են ուղղվել այդ գումարները, որ երևի արդեն անցել են ՀՀ պետական բյուջե կամ գանձապետարանի տրամադրության տակ: Ցանկալի կլիներ լսել, թե 18,5 միլիոնն ինչ ծախսերի է ուղղվել, այսպես ասած՝ հաշվետվողականության համար:

Պարզվում է՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հարցեր ունի: Մոտավորապես նույն հարցերը, որ լրագրողների ներկայությամբ բարձրաձայնեց, թե՝ դատարա՞նն է բռնագանձել, պետք է իմանանք, չէ՞: Մոտեցումն այն է, որ՝ հա, լավ է, ողջունելի է, որ գումար է վերադարձվել (վերադարձվե՞լ է, թե՞ փոխանցվել, չէ՞ որ դա էլ դեռ պիտի ճշտվի), բայց, պետք է նաև համընդգրկուն թափանցիկություն լինի այդ գումարային հարցի և գումարային շարժի հետ կապված:

Շարունակությունն ավելի հետաքրքիր է:

Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ ինքն օրինակ Գագիկ Խաչատրյանին (ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար) կների, եթե նա 1 միլիարդ դոլար վերադարձնի պետական բյուջե: Դրանից պակաս գումարով խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը նախկին բարձրաստիճան պաշտոնյային ներել չի կամենում:

Մի խոսքով, տուր միլիարդ, երկնագույն եզրաշերտերով, գիտեք թե՝ ինչի մեջ դրված: Թե չէ՝ ներում-բեկում չկա:

Մի ժամանակ այդպիսի հեռուստախաղ կար: Մեղեդի էին գուշակում: Մի տեսակ այդ խաղը հիշեցրեց, մի փոքր փոխված ձևակերպմամբ: Ես այս նախկին պաշտոնյային կներեմ 1 միլիարդից: Մյուս խաղացողը՝ ես կներեմ կես միլիարդից, երրորդը՝ ես կներեմ 250 միլիոնով:

«Ներեցինք»,-հայտարարում է հանդիսավարը:  «Դե կներեք»,-վրա է բերում հանդիսատեսը:

Ըստ թեմայի

«Դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու»... եթե «նիսյա» հացի ՀԴՄ-ն ուզեք
«Հակահեղափոխական» սև կատու է անցել, կամ Փաշինյանին անհրաժեշտ է «նոր ընդդիմություն»
Վարչապետի հանձնարարականներից ծնված հարցեր, կամ արժե՞ ջնջել հինը նույնը ստեղծելու համար
Couchsurfing հայկական ձևով կամ վիճակագրական հանելուկ. որտե՞ղ է «սուզվել» ներգաղթի ալիքը
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստան, Էդմոն Մարուքյան

Գլխավոր թեմաներ