01:11 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Զինծառայող, արխիվային լուսանկար

Մեղրու գնդի դեպքը խիստ մտահոգիչ ահազանգ է. ի՞նչ հարցեր է ծնում զինվորների հետ կապված դեպքը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արմեն Հակոբյան
55930

Վերականգնման երեսնամյակին մոտեցող մեր պետության մեջ բանակը, թերևս, ամենից կայացած ու կարևոր կառույցն է: Անարխիստական տրամադրությունները, տնավարիությունը ցանկացած կազմակերպված կառույցի համար անթույլատրելի են ու ցանկացած բանակի հախից կարող են գալ:

Այսօր երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում: Այս տեղեկությունն «Արմենպրեսը» տարածեց՝ հղում անելով վարչապետի մամուլի խոսնակին: Ճիշտ է` դրանից քիչ անց, արդեն ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ասածին հղում անելով, hraparak.am-ն էլ հաղորդեց, թե «լինելու է դասախոսություն երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից՝ բարձր ու միջին հրամանատարակազմի համար»։ Հավելենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը, որտեղ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ»:

Հիմա Նիկոլ Փաշինյանը նույնպես դասախոսությա՞մբ է հանդես եկել նույն հավաքի շրջանակում, թե՞ երեկոյան փակ հանդիպում է ունենալու ՊՆ ղեկավար կազմի հետ: Կարծում ենք` թե՛ մեկը, թե՛ մյուսը: Համենայն դեպս, մեկը մյուսին ոչ մի կերպ չի խանգարում: Ու վարչապետ Փաշինյանի խառնվածքից ու գործելակերպից քիչ թե շատ գլուխ հանողները հազիվ թե կասկածեն, որ նա հանդիպի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ ու առանձին չանդրադառնա օրերս Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում տեղի ունեցած և հրապարակավ բավականին ծանր նստվածքով արծարծված միջադեպին:

Խոսքը, ինչպես հրապարակումներում է նշվում, «Մեղրու գնդում» կատարվածի մասին է, երբ մի մեծ խումբ զինծառայողներ (ըստ էության մի ամբողջ գումարտակ) խախտելով սահմանված կարգը, ինքնակամ լքել էին ծառայության վայրը: Միջադեպի հետ կապված, ինչպես հետագայում հայտարարեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ինչպես կարգազանց զինվորները, կոնկրետ՝ անհնազանդության կազմակերպիչ համարված 16 զինծառայող, այնպես էլ՝ անմիջականորեն այդ ամենի համար պատասխանատու սպաները: Ինչ վերաբերում է ժամկետային զինծառայողներին, ապա նրանք, ըստ Արծրուն Հովհաննիսյանի հավաստիացման, տեղափոխվել են ԶՈՒ այլ ստորաբաժանումներ՝ ծառայության հետագա ընթացքը շարունակելու համար:

Այդ միջադեպին, ի թիվս այլ լրատվամիջոցների, Sputnik Արմենիան ևս օրերս անդրադարձել էր՝ հիմնվելով այդ առնչությամբ պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման վրա:

Բայց բանը դրանով չսահմանափակվեց, պատասխանատվության ենթարկված զինվորների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի մոտ, ապա հանդիպեցին ՊՆ ներկայացուցիչներին, մասնավորապես, նույն Արծրուն Հովհաննիսյանի հետ զրուցեցին և այդ զրույցի մի մեծ հատված նույնպես հանրայնացվեց, տարածվեց համացանցում:

Թե ինչ է եղել ու կատարվել ԶՈՒ կոնկրետ այդ զորամասում, հուսանք` ամբողջապես կպարզվի, եթե արդեն չի պարզվել ծառայողական քննությամբ: Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ ավելի վաղ ասածների, մի խումբ ժամկետային զինծառայողներ պարբերաբար խախտել են սահմանված կարգը` ինչպես համազգեստի, այնպես էլ բանակային առօրյայի ու ծառայության հետ կապված, ապա դա վերաճել է սպայակազմի հետ դիմակայության, զորամասի տարածքը զանգվածաբար լքելու, իսկ այդ «արտակարգ պատահարին» հաջորդել են համապատասխան պատժիչ արձագանքները՝ կարգազանցներին ռազմական ոստիկանություն տանելով, ապա տարբեր զորամասեր «ցրելով»: Դա իր հերթին հարուցել է պատասխանատվության ենթարկված զինծառայողների ծնողների բողոքը:

Ինչի՞ մասին է խոսում, ի՞նչ մտքերի ու մտահոգությունների տեղիք է տալիս այս ամենը, որ չի կարող չանհանգստացնել:

Ամենից առաջ, եթե որևէ զորամասում առկա է դժգոհության պատճառ և օջախ, ապա հրամանատարական կազմը հենց նման խնդիրները հարթելու համար է նաև: Եվ լրջագույն բացթողում է, որ բանը նման միջադեպի է հասել:

Առավել ևս, այն ինչ վերաբերում է բանակին, բանակային ստորաբաժանմանը, ապա նման միջադեպերի հանրայնացումը մեծ ճոխություն է, մանավանդ փաստացի պատերազմական վիճակում և ռազմական դրության մեջ գտնվող պետության դեպքում: Այսինքն` մի լուրջ բացթողում էլ այստեղ է առկա:

Երրորդ. երբ թե՛ միջադեպը, թե՛ դրա հրապարակայնացումը կատարված փաստ են, ինչպես ՊՆ-ի, այնպես էլ պետության ղեկավարության արձագանքներն ու գործողությունները պետք է լինեն հստակ, արագ և հանրությանն ու հատկապես զինծառայողների ծնողներին ընկալելի:

Լավ է դեռ, որ ՊՆ ներկայացուցիչն ընդունեց իրենց սխալը, որ պատասխանատվության ենթարկված զինվորների ծնողներին իրենք չեն տեղեկացրել կատարվածի մասին: Սա ևս բացթողում է: Բանակն, իհարկե, հանրակրթական դպրոց չէ, որ «ծնող կանչեին», բայց եթե նախընթաց նման մի բան անեին, ապա շատ հնարավոր է, որ խնդիրը նման արծարծումների չհասներ: Ի վերջո, անհնարին բան չէր, և կարելի էր ծնողների հետ բացատրական աշխատանքներ տանել՝ չսպասելով, որ բանը հասնի կառավարության շենքի առաջ ցույց անելու տրամադրությունների, չհաշված մնացածը:

Չորրորդ. այս անախորժ պատմության հետ կապված շատ վատ նստվածք թողեցին բողոքող ծնողներից մի քանիսի այն խոսքերը, թե որպես պատիժ, իրենց զավակներին տեղափոխել են Արցախ կամ առաջնագիծ: Ու դա այնպես էր ներկայացվում, թե Արցախում ծառայելը պատիժ է, ծառայողները՝ պատժվածներ: Սա ուղղակի անընդունելի է և նույնիսկ վիրավորական թե՛ առաջնագծում ծառայողների և թե նրանց հարազատների ու, առհասարակ, բոլորի համար: Հատկապես հիմա, երբ գործադիր իշխանության ղեկավարի որդին էլ, շատ-շատերիս զավակների ու ազգականների որդիների նման, Արցախում է անցնում իր ժամկետային ծառայությունը:

Հինգերորդն ու ամենից կարևորը. մեր բանակը, պետականության վերականգնման այս՝ արդեն 30-ամյակին մոտեցող մեր երկրի ու ժողովրդի` թերևս ամենալուրջ ձեռքբերումներից ու ամենակայացած կառույցներից է, իր ու մեր բոլոր թերություններով հանդերձ: Բանակը մեր հպարտությունն ու մեր հակառակորդների աչքի փուշը:

Անվիճելի է, որ անարխիստական տրամադրությունները, տնավարիությունը կարող են քայքայման ցեց նետել ցանկացած կազմակերպված կառույցում, ցանկացած բանակի հախից կարող են գալ: Ու հենց դա անթույլատրելի է, ինչպես անթույլատրելի և անընկալելի է զորամասից ինքնակամ հեռացած ու քաղաքական ցույցի ելած զինվորականների երևույթը, ինչպես անթույլատրելի ու անընկալելի է նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի ընթացքին խոչընդոտելը: Նույնքան անընդունելի են հայրենիքի այս կամ այն մասում ծառայելը որպես պատիժ ներկայացնելու փորձերը: Նմանօրինակ տրամադրություններով մենք ոչ միայն ոչ մի լավ տեղ չենք գնա, այլ ուղղակիորեն կարող ենք մեր ձեռքերով քանդել մեր տունը:

Մեր բանակի դեպքում առավել ևս անթույլատրելի են նման դրսևորումները, որոնց արձագանքը պետք է լինի արագ, հստակ, ողջամիտ և ընկալելի: Հուսանք, որ «Մեղրու գնդից» հնչած ահազանգը, առավել ևս՝ կատարվածը առաջին ու վերջին նման դեպքը կլինեն:

թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ