14:12 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Հանրահավաք Հանրապետության հրապարակում (Երևանի, 29 ապրիլի 2018թ.)

ԵՊՀ, ընտրական օրենսգիրք, սուպերվարչապետություն. էլ ի՞նչ ափ հանեց թավշյա ալեկոծությունը

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Արմեն Հակոբյան
16910

Տեղի՞ն է խոսել խորքային փոփոխությունների մասին, եթե պետության կառավարման մոդելը, մեծ հաշվով, չի փոխվել և նման փոփոխության ընդգծված կամ վառ դրսևորված ցանկություններ էլ չեն արտահայտվում:

Ուշադրություն գրավեց ԵԽԽՎ Հայաստանի մոնիտորինգի հարցով համազեկուցողների հայտարարությունը, Յուլյա Լովոչկինան և Անդրե Շիրցելն ամփոփել էին մարտի 12-14-ը Երևան կատարած իրենց այցելության արդյունքները:

Այ, օրինակ, համազեկուցողները նշում են. «Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն բնակչության շրջանում փոփոխությունների բարձր ակնկալիքները: Ուստի կարևոր է, որ այժմ ձևավորվող բարեփոխումները հանգեցնեն կոնկրետ և շոշափելի արդյունքների»: Ի լրումն, նրանք ողջունում են ինստիտուցիոնալ համակարգում Ազգային ժողովին կենտրոնական դերակատարում տալու վերաբերյալ պատգամավորների պարտավորությունը և գործադիր իշխանության անդամների ցանկությունը` իշխանության ավելի լավ բաշխման համար:

       Կարևոր է, իհարկե, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները մեր պետության վերաբերյալ դրական են արտահայտվում, զգուշավոր լավատեսությամբ:

Առկա աշխարհաքաղաքական իրավիճակում մեզ լրացուցիչ արտաքին լարվածության առիթ կամ պատրվակ ընդհանրապես պետք չէ:

       Բայց նաև իրականությունից չարժե կտրվել: Եթե լսենք հայրենի քաղաքական գործիչներին, իշխանության ու խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին հանդիպած համազեկուցողներին, ապա ստացվում է, որ առկա սուպերվարչապետական կառավարման համակարգը վերանայելու լուրջ ցանկություններ կան: Համենայն դեպս, նման բաներ ասվել են, որ համազեկուցողների հայտարարության մեջ արտացոլվել է:

       Սակայն իրականության մեջ, ընթացիկ քաղաքական օրակարգում արդյոք դրվա՞ծ է նման փոփոխության հարց: Նկատի ունենք ոչ թե՝ առհասարակ, որ կան նման ցանկություններ ու մտադրություններ: Այլ այն, թե արդյո՞ք դա վառ արտահայտված այնպիսի ցանկություն է, որը ձևակերպվել է որպես քաղաքական օրակարգի անհետաձգելի կամ գոնե առաջնահերթ հարց: Արդյո՞ք կան ռեալ քայլեր, ասենք՝ սահմանադրության փոփոխության, լիազորությունների իրական վերաբաշխման, իշխանության, հատկապես՝ օրենսդիրի և գործադիրի դերակատար հավասարակշռության, ոչ ձևական վերահսկողության ապահովման առումներով:

Կարճ ասած՝ գործող սուպերվարչապետական համակարգը խստորեն քննադատած և այժմ իշխանության եկած և այդ համակարգով պետությունը ղեկավարող քաղաքական գործիչները, ուժերը մինչև հիմա կոնկրետ ի՞նչ են արել այն փոփոխելու համար:

       Խոսքն առայժմ առանձին հայտարարություններից այն կողմ չի անցել: Երևի առաջիկայում, ինչ-որ մի պահի կտրվի նման կոնկրետ ձևակերպում ու այն կընդգրկվի ներքաղաքական օրակարգ:

Սակայն ի՞նչ եղավ, օրինակ, այդքան ծեծված «Ընտրական օրենսգրքի» վերափոխման հարցն ու հատկապես՝ գործընթացը: Իսկ ոչինչ էլ չեղավ, չնայած հանձնախմբեր կազմվեցին, քննարկումներ կազմակերպվեցին, նախագծեր արվեցին:

Հանրագումարում՝ ի՛նչ: Իսկ ոչինչ. անցյալ տարվա ապրիլ-մայիսյան զանգվածային ցույցերի ալիքով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը գտան, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է ոչ թե 2019-ի գարնանն անել, այլ հենց 2018-ի դեկտեմբերին: Գործընթացն արհեստականորեն արագացվեց, ու այդտեղ էլ պարզվեց, որ հին, «հանցավոր ռեժիմի շահերն սպասարկելու համար» ստեղծված Ընտրական օրենսգիրքը լավ էլ հարմար գործիք է, ասենք, մի 80-85 տոկոսով կամ գրեթե միաձայն իշխանություն ընտրվելու համար: Իսկ որ այդ օրենսգիրքն, իբր օր առաջ պետք էր փոփոխել, եթե չփոխվեր՝ երկինքը կշրջվեր մեր լեռնաշխարհի վրա, նմանօրինակ փաստարկներն ու բացականչությունները մարեցին: Արդեն երևի մոռացվել էլ են:

       Նույնը, թերևս, սուպերվարչապետական մոդելի հետ կապված: Վաղը, մյուս օրը, մեկ էլ տեսար, կարող է պարզվել, եթե արդեն չի պարզվել, որ այն լավ էլ հարմար «կոստյում» է… այդ սահմանադրական «հանդերձն» այդքան քննադատած Նիկոլ Փաշինյանի համար: Ի վերջո, հիմա ինքն է վարչապետը, այլ ոչ թե մեկ այլ գործիչ:

       Ի դեպ, ընտրությունների մասին: Աժ արտահերթ ընտրությունների, իհարկե: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները նաև նշել են, որ միջազգային դիտորդների և իրենց հանդիպած հայաստանյան գործիչների մեծամասնությունն այդ ընտրությունները համարում են ազատ և արդար:

       Ազատ բնորոշումը, կարծում ենք, հստակ է: Այստեղ քննարկելու քիչ բան կա: Ինչ վերաբերում է արդար բնորոշմանը, ապա այստեղ վերապահման տեղ ու առիթ կա: Արդյոք կարո՞ղ ես լիարժեք գործածել նման բնորոշում, եթե մոտ մեկ տասնյակ քաղաքական ուժեր փաստացի դուրս են մնացել ընտրական մրցավազքից կամ գործընթացից զուտ այդ ընտրությունների սպասվող ժամկետը կտրուկ «առաջ բերելու» հետևանքով: Ի դեպ, ընտրություններին մասնակցելուց հրաժարված կուսակցությունների մի մասը հենց արտահերթի արագացումն է նշել որպես չմասնակցելու պատճառ: Դե, երևի համազեկուցողները միայն արտահերթ ընտրության մասնակցած ուժերի ներկայացուցիչների հետ են զրուցել: Երևի:

       Նրանք նաև նշել են, որ Հայաստանում ընթացող փոփոխությունները խորքային են, ապա հավելել են. «Եվրոպայի խորհուրդը և նրա խորհրդարանական վեհաժողովը հայ ժողովրդի և նրանց ներկայացուցիչների տրամադրության տակ են` ապահովելու այդ փոփոխությունների հաջող նախապատրաստումն ու իրականացումը»:

       Գուցե այնքան էլ սահուն ձևակերպում չէ, որովհետև, եթե փոփոխություններն արդեն խորքային են, հարց է ծագում, թե այդ փոփոխությունների ի՞նչ նախապատրաստման մասին է խոսքը: Բայց թողնենք դա:

       Ավելի հետաքրքիր օրինակներ է կյանքը հրամցնում: Թեպետ դրանք քիչ չեն, բայց թարմ նմուշ վերցնենք: Կառավարության մարտի 25-ի նիստում կրթական համակարգի ապաքաղաքականացման թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը. «Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը, ղեկավարությունը շարունակի աշխատել: Չի կարող այդպիսի բան լինել: Հեղափոխությունը սկսել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Չկա տարբերակ: Այո, սա քաղաքական որոշում է և այդ քաղաքական որոշումը մի շաբաթ ուշ, թե շուտ կիրագործվի: Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան»:

       Չնայած կոնկրետ անուն չի տրվել, բայց բոլորին էլ պարզ է, որ խոսքը հիմնականում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին է: Նրան նոր իշխանությունները, իրենց համակիրների, ապա նաև պետական կառույցների միջոցով, ամենատարբեր մեթոդների գործադրմամբ, արդեն մոտ մի 10 ամիս է, ինչ ուզում են «գործից ազատել», բայց դեռևս ապարդյուն: Ըստ որում, այդ ռեկտորի պաշտոնավարման ժամկետը մոտ մեկ տարուց է ավարտվելու: Թե ինչո՞ւ է Արամ Սիմոնյանը շարունակում պաշտոնավարել, իր և ԵՊՀ կառավարման խորհրդի խնդիրն է:

Բայց հենց դա է հարցը. երկրի վարչապետը, քաղաքական բնույթի մեղադրանքներ ներկայացնելով (բուհ-ը կուսբջիջ դարձնել և այլն), հայտարարում է, թե քաղաքական որոշում է, որ տվյալ ռեկտորը պաշտոնանկ արվի:       

       Իսկ առհասարակ, խորքային փոփոխություններ եղել են: Անգամ ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողներն են ասում: 

Ըստ թեմայի

Ի՞նչ «լրացուցիչ արժեք» են ստեղծում սուպերնախարարը, ԱԺ խոսնակը, վարչապետը. ինչպե՞ս չափել
«Աղքատությունը մարդկանց գլուխներում է». լավ, իսկ ինչի՞ համար են պետական մարմինները
Լինել անփույթ, անազնիվ, խուսափել պարտականություններից. նորից օրինապաշտնե՞րը տուժեցին
«Փող չկա, սպասե՛ք». Երևանի քաղաքապետը հրաժարվո՞ւմ է խոստումներից
Սպանեցի՛ք ձեր թոշակներով, կամ ՀԴՄ կտրոնները տնտեսական հեղափոխության շարժիչնե՞րն են
Տեր-Պետրոսյանի վերակենդանացումը Փաշինյանի «թավշյա» ձեռքո՞վ. ի՞նչ թակարդ է լարում ՀԱԿ-ը
թեգերը:
Եվրախորհուրդ, «Թավշյա հեղափոխություն», Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Ազգային ժողովի ընտրություններ

Գլխավոր թեմաներ