21:33 24 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Իսրայելական դրոշը Գոլանի բարձունքների վրա

Արցախ. բարձունքներ, բայց ոչ Գոլանի. չարժե նմանություն որոնել այնտեղ, որտեղ այն չկա

© AP Photo / Ariel Schalit
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
184 0 0

Գոլանի բարձունքների և Արցախի խնդիրների միջև նմանություն որոնելն անհույս գործ է, նմանություններ ուղղակի չկան։ Իսրայելցի հրապարակախոս և քաղաքագետ Ավիգդոր Էսքինն ամեն դեպքում որոշակի նմանություն է տեսնում և խորհուրդ տալիս Հայաստանին բարձրունքները ճանաչել իսրայելական։ Նրա կարծիքով` դա կօգնի Արցախի ինքնիշխանության միջազգային ճանաչման հարցում։

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին բացասական արձագանք է առաջացրել ամբողջ աշխարհում, նույնիսկ Եվրամիությունում։ Ամբողջ աշխարհում, բացի, իհարկե, Իսրայելից. իսկ իսրայելցի քաղաքագետներն ու մեկնաբանները նման իրավիճակում, բնականաբար, պետք է փորձեն թեման զարգացնել իրենց համար նպաստավոր լույսի ներքո։

Ինչպես նշել է Էսքինը Sputnik Արմենիայի հետ զրույցում, Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելը թույլ կտա Հայաստանին նոր կարգավիճակ պահանջել Արցախի համար։ Քաղաքագետն իր խոսքերը բացատրում է նրանով, որ Թրամփի որոշումը նշանակում է նոր մոտեցումներ միջազգային քաղաքական մտածողության մեջ, որը, կարճ ասած, հիմնված են որոշակի երկրների անվտանգության ապահովման հետ կապված իրադարձությունների (այդ թվում` ռազմական) արդյունքում գոյացած սահմանները ճանաչելու վրա։

«Միջազգային քաղաքական մտածողության մեջ այդ նոր ուղղության «շահառուն» դառնալու համար Հայաստանը պետք է Գոլանի բարձունքները ճանաչի Թրամփի հետևից։ Հետագայում, ինչը շատ կարևոր է, հատուկ կարգավիճակ ճանաչի Արցախի համար։ Ոչ թե որպես առանձին ինքնավար գոտի, այլ որպես Հայաստանի մաս», – ասել է Էսքինը։

Նա նկատի ունի, որ Թրամփը (առայժմ միայն նա), ճանաչելով Գոլանի բարձունքները որպես իսրայելական, հաստատել է այդ բարձունքների կարևորությունը Իսրայելի անվտանգության ապահովման հարցում։

Ահա և մեզ էլ նա խորհուրդ է տալիս Հայաստանին վարվել նույն կերպ, թեև խոստովանում է, որ այսօրվա պայմաններում Երևանից նման աշխարհաքաղաքական շրջադարձ պետք չէ ակնկալել։

Մի կողմ թողնենք սիրիական տարածքներն իսրայելական ճանաչելու հարցի բարոյական մասը։ Իսրայելն ուղղակի զավթել էր այդ բարձունքները Դամասկոսից 1967թ–ին Վեցօրյա պատերազմի ընթացքում։ Քաղաքականությունը (հատկապես գլոբալ) և բարոյականությունն այնքան հազվադեպ չեն համընկնում, որ քաղաքական գործիչների գործողություններին բարոյաէթիկական նորմերի տեսանկյունից մոտենալը շատ առումներով անիմաստ է. նրանք բոլորվին չեն ղեկավարվում այդ նորմերով։

Ամենայն հավանականությամբ, դա ընդամենը թեման իրենց համար բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու փորձ է. չէ որ Էսքինը խոսում է Գոլանի բարձունքների և Արցախի միջև նմանությունների մասին։ Ուղղակի անհնար է նրան կասկածել հարցի պատմությունը չիմանալու մեջ, բարդ է ենթադրել, որ Էսքինը բոլորովին ծանոթ չէ արցախյան հիմնախնդրի պատմությանը։ Այդ մասին շատ թե քիչ տեղեկացվածությունը հիմք չի տալիս Գոլանի և Արցախի միջև որևէ նմանություն անցկացնելու համար։

Թրամփի կողմից բարձունքներն իսրայելական ճանաչելը քիչ է, թեկուզ նա Ամերիկայի նախագահն է, բարոյական հաղթանակի լիարժեքության և բարձունքները վերջնականապես Թել Ավիվինը ճանաչելու համար անհրաժեշտ են մյուս` մեծ ու փոքր պետությունների նույնանման գործողությունները։

Այսօրվա դրությամբ նման հույս չկա, ուստի բարի ցանկություններ են արտահայտվում։ Կարելի է մտածել` Աստված ձեզ հետ, բայց Էսքինի կողմից հարցի ներկայացումը խիստ աղճատում է ղարաբաղյան խնդրի էությունը։

Փորձ է արվում նույն հարթության վրա դնել երկու տարբեր իրավիճակները։ Գոլանի բարձունքների դեպքում մենք գործ ունենք  Իսրայելի Պետության կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքը խլելու հետ, որի սահմանները որոշվել են ՄԱԿ–ի կողմից 1949թ–ին։

Կարելի է բազմաթիվ փաստարկներ բերել, որոնք ապացուցում են Գոլանը Ղարաբաղի հետ կապելու անհնարինությունը, բայց դա կնշանակի երկու երկրների պատմությունների հասարակ վերապատմություն, որոնք հայտնի են բոլորին։ Թեպետ Գոլանը բնակեցնելու հետ կապված Իսրայելի փորձը կարող է օգտակար լինել, բայց այդ մասին Էսքինը չի խոսել։

Բանն այն է, որ Իսրայելը պետք է բնակեցնի այդ բարձունքները. սիրիացի գյուղացիները փախել են պատերազմից կամ նրանց վտարել են, մնացել են դրուզների մի քանի գյուղեր, որոնք չեն խանգարել Իսրայելին։

Անկախ բարձունքներն Իսրայելի բռնակցման նկատմամբ վերաբերմունքից, պետք է խոստովանել, որ դրանց բնակեցումն այդ շրջանում երկրի անվտանգության անկյունաքարն է։

Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Արցախի հարավային շրջաններ կատարած այցի ընթացքում քննարկել է Արաքս գետի ափի տարածքները բնակեցնելու ծրագիրը։ Մասնավորապես, ծրագրվում է կառուցել Արաքսավան բնակավայրը, այնտեղ զարգացնել գյուղատնտեսությունը և ստեղծել ենթակառուցվածքներ։ Վանեցյանի կարծիքով՝ տարածքների վերաբնակեցումն անվտանգության հիմնական երաշխիքներից է։

Դա պետության անվտանգությունն ապահովելու ընդունված, նորմալ մոտեցում է, որը ոչ մի դեպքում թույլ չի տալիս ինչ–որ նմանություններ անցկացնել։

Ըստ թեմայի

Արցախում նոր բնակավայր է կառուցվելու. Վանեցյանը հայտարարել է` ոչ մի թիզ հող հետ չենք տալու
Հանդիպում Վիենայում. ակնկալե՞լ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների փոփոխություն
Արթուր Վանեցյանի հայտարարությունը հունից հանել է Լեյլա Աբդուլաևային
Սարգսյան. «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ամենաիսրայելամետ վարչակազմն է»
Ճակատագրական փետրվար. Մերձավոր Արևելքի ապագան գերտերությունների հետ որոշում է Երևանը
թեգերը:
Եվրախորհուրդ, Եվրամիություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Սիրիա, Իսրայել, Արցախ

Գլխավոր թեմաներ