22:42 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
236 0 0

«Վա՜յ, իմ սև սիրտ, քո՝ ծաղկած «թիթեռնիկ» փողկապ»,- ժամանակին տարածված ժողովրդական սրամտության այս նմուշը վերհիշեց մտերիմներիցս մեկը: Առիթ կա: Անգամ՝ ծանրակշիռ առիթ, որը հընթացս տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում սևազգեստ հակահեղափոխականների վերաբերյալ ունեցած ելույթով:

Չէ, «Սևազգեստ մարդիկ» («Men in black», MIB, «Люди в черном») հոլիվուդյան հանրահայտ ֆիլմաշարի հերթական մասի պրեմիերան չէր: Չնայած իրականում նման մի բան կա՝ այս մի երկու օրն է լինելու, ավելի շուտ:

Իսկ երեկ, հետմիջօրեին Facebook–ի հայկական հատվածը ողողվեց թե՛ «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի հերոսների նկարներով, թե՛ բազմաթիվ օգտատերերի՝ սևազգեստ լուսանկարներով: Սոցցանցերն ուղղակի հեղեղվեցին «սև հումորի» նմուշներով կամ պարզապես սրամիտ դիտարկումներով:

Կարիք կա՞ երկար-բարակ գուշակելու, եթե առանց այդ էլ գիտես, որ Հայաստանում մեկ մարդ կա, որ ունակ է բոլորին այդպես «իրար խառնել», և այդ մեկ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Մեկ տարի առաջ նա դա անում էր քայլելով, իսկ հիմա նույնիսկ դրա կարիքը չկա, կարելի է նստած տեղից, ավելին՝ կառավարության նիստում հանգիստ նստած անել:

Որքան ասես՝ սրամտություններ արձանագրվեցին: Եվ դա լավ է: Հումորով արձագանքների առատությունը հուշում է, որ հանրության, առնվազն սոցցանցերում գրանցված հատվածի ճնշող մեծամասնությունն իրողություններին համարժեք է արձագանքում, և, ըստ այնմ, հանրային տրամադրություններն ու մթնոլորտը հիմնականում առողջ են:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, ապա այն խորապես մտահոգիչ է թվում: Եվ իսկապես, ի՞նչ է նշանակում, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը կառավարության նիստում հայտարարում է, որ կան կոռուպցիոն նախկին համակարգի հետ կապ ունեցող ինչ-ինչ կամ որոշ քաղաքական ուժեր, որոնք «…որոշել են ՀՀ–ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ»: Ու իբր դա քիչ է, ըստ վարչապետի, կառավարությունն օպերատիվ տեղեկություններ ունի, որ այդ ուժերը կամ դրանց մի հատվածը… «որոշել է այսպես ասած սևազգեստ մարդկանց խմբեր ստեղծել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն»:

Հա, ու որպես նման ելույթի «համեմունք», Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նման պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է կոշտ հակահարված տա նման երևույթներին: Կարճ ասած՝ «այդ սևազգեստ խմբերի հարցը պետք է լուծել, տեղորոշել, ծաղկավոր բաբոչկեն կապել` հնարավորինս վառ ծաղիկներով և ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանքի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հնարավոր է` սա հեղափոխական դրես-կոդ է կամ հակահեղափոխական: Ասենք՝ «սև բաբըչկան» ու ծաղկավոր կիսավարտիքը («շորտերը») ընդգծում են գործադիր իշխանության համախոհ լինելը, իսկ օրինակ՝ ծաղկավոր «թիթեռնիկ»-փողկապն ու սև շապիկը՝ «ծախու, ստոր, հանցավոր ռեժիմի ստրուկ, հակահեղափոխական ձիշովկա» լինե՞լը:

«Նորաձևության վերաբերյալ» Նիկոլ Փաշինյանի ելույթի շարժառիթը, պետք է ենթադրել, իշխանամետ մի ակտիվիստի հետ կապված բռնության հայտնի դեպքն է և ՀՅԴ-ականների ու ոչ միայն ՀՅԴ-ականների արձագանքը՝ զանգվածային «խոստովանական ցուցմունքը», թե այդ իրենք են եղել բռնություն գործադրողը: Նման համերաշխ արձագանք հայրենի իշխանավորները երևի չէին պատկերացնում:

Այսինքն, մի դեպքում՝ ոչի՞նչ, որ ՀՅԴ-ական նախկին ղեկավար գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից (մեղմ ասած), այդ պահին հանրային տարածքում թոռնիկի հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա իշխանության համակիրները զանգվածաբար հարձակվում են, ու դա ոչ միայն խուլիգանություն չի բնորոշվում, այլև վայրագ ու քստմնելի վերբալ-ագրեսիա է ծավալվում նույն այդ շրջանակների կամ նրանց համակիրների կողմից՝ ՀՅ Դաշնակցության, նաև առանձին անձանց դեմ: Դա ողջունվո՞ւմ է: Պետք է որ չողջունվեր: Բայց ինչո՞ւ հարձակվողների հանդեպ նման սուր վերաբերմունք ու արտահայտություն չեղավ: Իսկ երբ հարձակվողներից մեկի հետ հանկարծ մի բան է պատահում, ապա՝ «օպերատիվ տեղեկություններ, սևազգեստ մարդիկ, դավադիրնե՜ր…»:

Բռնությունը հավասարապես պետք է մերժելի լինի, ինչպես իր նույն ելույթում այդ միտքը փորձեց ընդգծել Նիկոլ Փաշինյանը: Այո, բայց նկատվում է ընտրողականություն: Երբ իշխանության կողմնակիցներն ու համակիրները ամենատարբեր կայքերում ու նաև ֆեյսբուքներում ամեն երկրորդ-երրորդ «մեկնաբանությամբ» անեծք ու սպառնալիք են տեղում, վիրավորում են ու մահապատժի եղանակներ նշում, դա՝ ոչի՞նչ:

Հրանտ Մարգարյանի վրա հարձակվողներից քանի՞սը բերման ենթարկվեց արագ ու անմիջապես, թե՞ տարածքում ոչ մի ոստիկան չկար:

Իսկ աշխատանքի վայր մտնել ցանկացող դատավորին հրող այդ ո՞ր իշխանական ակտիվիստն է պատասխանատվության կանչվել:

Կամ ի՞նչ է նշանակում, թե «կառավարությունն օպերատիվ տեղեկություններ ունի»: Կառավարությունն ԱԱԾ ու ոստիկանություն ունի իր ձեռքի տակ, եթե կան կոնկրետ անձեր և կոնկրետ ուժեր, որոնք հակաօրինական քայլեր են կատարել, ապա դատարանն էլ է իշխանությունների տակ, մե՛խն էլ, մո՛ւրճն էլ իրենց տրամադրության տակ են, թող օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչեն:

Մյուս կողմից, որքա՞ն կարելի է կառավարության ղեկավարի մակարդակով հանրությանը նետել հրահրիչ, տրամադրություններ սրող ու բորբոքող անորոշ ֆրազներ՝ «որոշ ուժերի», ինչ-որ խորհրդավոր հակահեղափոխականների, ինչ-որ անընկալելի դավադիրների և դավադրությունների մասին: Մի՞թե դժվար է նկատել, որ նման հայտարարությունները, անորոշ ձևակերպումները միայն ավելի են սրում մթնոլորտը, երկրի ու հասարակության ներսում առճակատող, մեկին մյուսի դեմ հանող տրամադրություններ են հարուցում:

Չնայած, սա արդեն ավելի շուտ հռետորական հարց է:

Հ.Գ. նկատեմ, որ այս հրապարակման տեքստը մուտքագրվել է սև գույնի ստեղնաշարով, իսկ մուտքագրելիս էլ տողերիս հեղինակը գունավոր վերնաշապիկով էր, առանց ծաղկավոր «թիթեռնիկի»: Տղաներ, իսկ գուցե հերի՞ք է «թիթեռնիկ» նկարեք:

Ըստ թեմայի

Սահակյանը պատասխանել է Փաշինյանին. Արցախի ղեկավարությանը միշտ տեղյակ էին պահում
Փաշինյան. «Իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է շատ կոշտ հակահարված տա»
Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր. Պեսկով
Մենք «Իսկանդերներ» ունենք, հույս ունենք ՌԴ–ից ևս մի բան ստանալ. Փաշինյան
Մարդասպաններն ազգություն չունեն. Փաշինյանը` հատուկջոկատայինի աղմկահարույց սպանության մասին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ