18:39 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Ալենուշ Տերյան

Չամուսնացավ, զավակ չունեցավ, բայց այս հայուհուն Իրանում անվանում են «արևային մայր»

© Photo: Public domain / Zhilbert
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
1185960

Աստղագիտության ոլորտում կանանց շատ անուններ հայտնի չեն, բայց այստեղ էլ են հայուհիները տարբերվել։ Sputnik Արմենիան պատմում է Ալենուշ Տերյանի մասին, որն Իրանի աստղագիտության պատմության մեջ արևային առաջին աստղադիտարանի հիմնադիրներից մեկը դարձավ։

Մինչ Հայաստանում Ալենուշ Տերյան անուն-ազգանունը քչերին է հայտնի, հարևան երկրում՝ Իրանում, մի քանի տարի առաջ նրա ծննդյան օրը պետական մակարդակով նշվեց: Նա համարվում է Իրանում արևային առաջին աստղադիտարանի հիմնադիրներից մեկն ու ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսորը, որը հայտնի է որպես «Իրանի ժամանակակից աստղագիտության մայր»:

Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 9-ին Թեհրանում, հայ մտավորականների ընտանիքում: Մայրը սովորել Շվեյցարիայում և եղել է ֆրանսերենի ուսուցչուհի, իսկ հայրը Նոր Ջուղայից էր՝ գրող, թարգմանիչ, թարգմանել էր Ֆիրդուսու մի շարք բանաստեղծություններ:

Ալենուշի սերն ու ընդունակությունները ճշգրիտ գիտությունների հանդեպ դրսևորվել են դեռ մանկուց։ 1947 թվականին նա ավարտել է ուսումը Թեհրանի համալսարանի գիտության ֆակուլտետում ու աշխատանքի անցել ֆիզիկայի լաբորատորիայում: Ընդամենը մեկ տարի անց նա արդեն լաբորատորիայի ղեկավարն է դարձել:

Аленуш Терян
Ալենուշ Տերյան

Ֆիզիկան Ալենուշի մեծ սերն էր, նա ցանկանում էր շարունակել կրթությունը, հնարավորություն ստանալ ավելին բացահայտելու։ Նրա մեծ երազանքն էր սովորել Եվրոպայում: Տերյանը փորձում է համոզել իր դասախոս Մահմուդ Հեսաբիին, որ օգնի իրեն կրթաթոշակ ստանալ՝ Ֆրանսիայում ուսումը շարունակելու համար, սակայն մերժվում է կին լինելու պատճառով։ Հեսաբին վստահ էր, որ որպես կին նա արդեն մեծ հաջողությունների էր հասել, այդքանն էլ բավական էր: Բայց Տերյանի համառությունը հաղթում է: Հոր ֆինանսական աջակցությամբ նա հասնում է իր մեծ երազանքին, մեկնում Փարիզ և շարունակում կրթությունը Սորբոնի հեղինակավոր համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում: 1956 թվականին ստանում է ասպիրանտի աստիճան և սկսում դասախոսել Սորբոնում: Եվրոպայում երկար չի մնում, որովհետև գիտեր՝ իր ստացած գիտելիքները պետք են ծննդավայրին, այնտեղ ինքը դեռ շատ անելիք ունի: Շուտով վերադառնում է Իրան և Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում սկսում դասավանդել թերմոդինամիկա: Շուտով, Ալենուշ Տերյանի առջև ճակատագիրն ու գիտությունը նոր հնարավորությունների դռներ են բացում։

Նրան հաջողվում է կրթաթոշակ շահել և մեկնել Գերմանիա: Արևային ֆիզիկայի աստղադիտարանում 4 ամիս սովորելուց հետո վերադառնում է Իրան և 1964 թվականի մայիսի 30-ին արժանանում պրոֆեսորի կոչման՝ դառնալով Իրանի առաջին կին պրոֆեսորը ֆիզիկայի բնագավառում:

Երկու տարի անց նա ընտրվում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, հետո նշանակվում Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ, ապա սկսում աշխատել արևային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման գործում մեծ դերակատարում հենց ինքն էր ունեցել:

Նախորդ դարերի հայուհիները մարտահրավեր են նետում ժամանակակից գեղեցկուհիներին. լուսանկարներ

«Դստերս անունն Արեգակ է, իսկ որդունս՝ Լուսին»,- ասում են` այս խոսքերը հաճախ էր հնչեցնում Ալենուշ Տերյանը: Նա երբեք չի ամուսնացել և սեփական ընտանիք չի ունեցել, փոխարենը շատ է սիրել իր ուսանողներին։ Նրա մեծ սերը գիտությունն էր, իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր հետազոտությունների և դասավանդման վրա։

Տերյանն իր կյանքի ընթացքում բազմաթիվ պարգևների է արժանացել. Իրանի հեռուստատեսությամբ հեռարձակվող «Իմաստուններ» ծրագրի կողմից ճանաչվել է գիտության ոլորտի մնայուն դեմք։ 2003 թվականին նրա կյանքի մասին «Դեպի արև» վերնագրով վավերագրական ֆիլմ է նկարահանվել, իսկ 2006 թվականին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից հատուկ շքանշանի է արժանացել։

Ալենուշ Տերյանը թոշակի է անցել 1979 թվականին։ Կյանքի վերջին տարիներին նա ծերանոցում էր ապրում: Հենց այնտեղ են անկողնում գամված պրոֆեսորին արժանացրել կյանքի վերջին պարգևին՝ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին։

Մահացել է 2011թ. մարտի 4-ին Թեհրանի Թոհիդ ծերանոցում։ Կտակի համաձայն` մահից հետո նրա բնակարանը նվիրվել է Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այն ծառայի իբրև հանրակացարան` բնակվելու տեղ չունեցող ուսանողների համար:

Լոնդոնի բոհեմական հայուհին. ընտրյալներից մեկը, որին «սովետը» թույլ էր տալիս գալ ու աշխատել

Ըստ թեմայի

Հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթում 29-ամյա հայուհին ճանաչվեց «Սպորտի թագուհի»
Անկառավարելի նախանձ, կամ Gucci–ի ցուցադրությանը մասնակցած հայուհին շատ բան բացահայտեց
Տնային տնտեսուհուց մինչև «շեֆ» խոհարար. ինչպես հայուհին նվաճեց Ավստրալիայի խոհանոցը
թեգերը:
Կին, Ալենուշ Տերյան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ