14:28 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (113)
115820

Եկեք անկեղծ լինենք: Նույնիսկ ավագ սերնդի ներկայացուցիչներից քչերը գիտեն, թե ինչ կատարվեց ուղիղ 51 տարի առաջ այս օրը՝ հունվարի 22-ին։

Պատմության անհայտ էջերը. մահափորձ Բրեժնևի դեմ

Այնինչ 1969 թվականի հունվարի 22-ին աննախադեպ մի բան եղավ՝ մահափորձ Խորհրդային Միության ղեկավարի դեմ: Միանգամից ասեմ՝ ոչ մի զարմանալի բան չկա, որ քչերն են տեղյակ այս մասին։ Այն ժամանակ՝ 60-ականների ամենավերջին այդ փաստը, բնականաբար, կոծկվեց, իսկ հետագայում` արդեն Միության փլուզումից հետո, երբ շատ բան բացահայտվեց, այս մահափորձի մասին էլի շատ քիչ խոսվեց:

Իսկ ես գիտեի դեռ տասնամյակներ առաջ: Այն պարզ պատճառով, որ 70-ականների սկզբներին ծառայել եմ Բալթիկ ծովի ափին՝ Լենինգրադի մարզի Լոմոնոսով շատ գեղեցիկ քաղաքում, այն նույն զորամասում,  որտեղ ինձանից առաջ ծառայել էր լեյտենանտ Վիկտոր Իլյինը՝ հենց այն մարդ, որը փորձեց վերացնել Խորհրդային միության կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին:

Այդ լեյտենանտի հետ ծառայած սպաներից մեկն ալկոհոլի շատ որոշակի քանակություն ընդունելուց հետո սիրում էր մեզ` շարքային զինվորներիս պատմել Վիկտոր Իլյինի մասին: Ասում էր՝ բավական անհավասարակշիռ մարդ էր, շուտ բռնկվող ու Խորհրդային կարգերն էլ չէր սիրում: Դասական դիսիդենտ, այլախոհ կամ որևէ գաղտնի կազմակերպության անդամ չէր, պարզապես իշխանություններին հայհոյում էր, իսկ երբ 1968 թվականին Խորհրդային զորքերը մտան Չեխոսլովակիա, ճնշելով «Պրահայի գարունը», ընդհանրապես սկսեց արմատական մտքեր արտահայտել:

Բայց դառնանք բուն իրադարձությանը: Ինչու Իլյինը որոշեց սպանել Բրեժնևին հենց հունվարի 22-ին: Պարզապես շատ հարմար առիթ էր: Նախօրեին Երկիր էին վերադարձել սովետական տիեզերագնացները, որոնք պատմության մեջ առաջին անգամ ուղեծրում իրականացրել էին երկու տիեզերանավերի՝ «Սոյուզ-4»-ի և«Սոյուզ-5»-ի միակցումը:Երկրի ղեկավարն այդ օրը պետք է դիմավորեր հերոսներին «Վնուկովո» օդանավակայանում, իսկ այնուհետև Մոսկվայի փողոցներով ուղեկցեր նրանց մինչև Կրեմլ, որտեղ շքեղ արարողություն էր նախատեսված:

Լեոնիդ Բրեժնևի վարորդական վկայականը վաճառվել է աճուրդում

Իլյինը հասկացավ, որ պահը եկել է: Օգտվելով նրանից, որ զորամասի հրամանատարությունը տեղում չէր` վերցրեց Մակարով տիպի երկու ատրճանակ՝ փամփուշտներով, Լոմոնոսովից ուղևորվեց ուղիղ դեպի «Պուլկովո» օդակայան: Մոսկվայի տոմսը նախօրոք էր գնել: Կասեք՝ բա այդ ատրճանակներն ինչպես անցկացրեց ինքնաթիռ: Հիշեք՝ 1969 թվականն էր, մետաղորսիչ սարքեր չկային: Զինվորականներին էլ առանձնապես չէին ստուգում:

Առավոտ կանուխ հասավ «Շերեմետևո», ուղևորվեց քեռու տուն: Քեռին միլիցիոներ էր, դիմավորեց, կերակրեց լեյտենանտին ու գնաց ծառայության: Բայց պահարանում պահվում էր ոստիկանի ամառային համազգեստը: Իլյինը հագավ այն և շտապեց Կարմիր հրապարակ: Դիրք զբաղեցրեց հենց Կրեմլի պատերի տակ՝ այն դարպասի մոտ, որով պետք է մուտք գործեին կառավարական մեքենաները: Ոչ ոք նրան չէր խոչընդոտում, որովհետեւ ոստիկանական համազգեստով էր:

Երեկոյան կողմ մեքենաները երևացին: Առաջին մեքենան Իլյինը բաց թողեց, ըստ արարողակարգի երկրի ղեկավարը պետք է լիներ երկրորդ մեքենայում: Լեյտենանտը հանեց երկու ատրճանակներն ու երկու ձեռքով միաժամանակ սկսեց կրակել երկրորդ մեքենայի վրա: Նա չգիտեր, որ Բրեժնևը ամենևին էլ այդ մեքենայում չէր, այլ արդեն մտել էր Կրեմլ բոլորովին այլ մուտքով:  Իսկ այն մեքենայում, որի վրա լեյտենանտը մոտ 15 գնդակ արձակեց, գտնվում էին տիեզերագնացներ Բերեգովոյը, Լեոնովը, Նիկոլաևը և աշխարհի առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան:

Մեքենայի վարորդը մահացավ տեղում, Ադրիան Նիկոլաևը թեթև վնասվածք ստացավ, բայց կարողացավ բռնել ղեկը և կանգնեցնել անկառավարելի դարձած ավտոմեքենան: Այս ամենն ընդամենը մի քանի րոպե տևեց, վրա հասան անվտանգության աշխատակիցներն ու գետին տապալեցին Իլյինին:

Ժերար Դեպարդիեն կմարմնավորի Լեոնիդ Բրեժնևին խորվաթ ռեժիսորի ֆիլմում

Նրան հարցաքննում էր անձամբ Յուրի Անդրոպովը՝ ԿԳԲ-ի, այսինքն` Պետանվտանգության կոմիտեի շեֆը, որն ինչպես գիտեք, հետո նաև երկրի ղեկավար դարձավ: Պարզ էր, որ Իլյինին մահապատիժ էր սպասվում, բայց կատարվեց աներևակայելի՝ անմեղսունակ ճանաչեցին և ուղարկեցին հոգեբուժարան: Իսկ 90 թվականին, երբ Սովետն արդեն փլուզվում էր, Գերագույն դատարանը որոշեց ազատ արձակել նրան: Ավելին՝ քանի որ այդ ընթացքում հաշմանդամ էր ճանաչվել, պետությունը նրան բնակարան հատկացրեց:

Մի քանի տարի առաջ լրագրողները փորձեցին նրան խոսեցնել: Ոչինչ չստացվեց՝ ընդամենը մի նախադասություն ասաց. «Ափսոսում եմ միայն, որ անմեղ մարդ մահացավ»: Համաձայնեք՝ իսկապես ցավալի է, որովհետև, պատկերացրեք,  այդ մարդու՝ մահացած վարորդ Իլյա Ժարկովի համար հունվարի 22-ը իր վերջին աշխատանքային օրն էր՝ գործընկերներն արդեն համեստ ճաշկերույթ էին ծրագրում, որպեսզի հաջորդ օրը ճանապարհեին նրան կենսաթոշակի:

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (113)

Ըստ թեմայի

2020-ը՝ Մարսի տարի. ինչու են հրթիռներ ուղարկվելու Կարմիր մոլորակ
Լիբերլանդ՝ ինքնահռչակ պետություն Եվրոպայի կենտրոնում
Դավոս՝ միջոցների անիմաստ վատնո՞ւմ, թե արժեքավոր գաղափարներ. արժե՞ր հասնել Շվեյցարիա
թեգերը:
ԽՍՀՄ, Ռուսաստան, Զինվոր, մահափորձ, Լեոնիդ Բրեժնև

Գլխավոր թեմաներ