14:33 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD501.55
  • GBP616.76
  • EUR542.38
  • RUB6.58
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (112)
46230

Եկեք անկեղծ լինենք: Դավադրության տեսությունները բավական տարածված են ամբողջ աշխարհում, նաև մեզ մոտ՝ Հայաստանում:

Դավադրությունների տեսությունից, կամ այն, ինչը թաքցվել է մեզնից

Այդ երևույթի էությունը հայտնի է՝ շարքային քաղաքացին կասկածներ ունի, որ իշխանություններն ինչ-որ գաղտնի բաներ են անում հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու և շատ որոշակի նպատակներ իրականացնելու համար: Արդյո՞ք անհիմն են այդ կասկածները: Իհարկե, եթե դուք անկեղծորեն համոզված եք, որ, օրինակ, ամերիկացիները երբեք լուսնի վրա չեն իջել և այդ ամենը բեմադրված է եղել Հոլիվուդում, ես որքան էլ ապացույցներ և փաստարկներ բերեմ, դժվար թե կարողանամ ձեզ տարհամոզել: Բայց նաև չեմ պնդի, որ ամերիկյան կառավարությունը երբեք հասարակությունից ոչինչ չի թաքցրել: Փաստեր կան:

Այսօր ուզում եմ ներկայացնել այդ փաստերից մի քանիսը: Բոլորս, իհարկե, հիշում ենք, որ 2000 թվականի ամռանը Բարենցի ծովում վթարի ենթարկվեց «Կուրսկ» ռուսաստանյան սուզանավը: Մի քանի օր շարունակ փորձեր էին արվում փրկել անձնակազմի ողջ մնացած անդամներին, բայց, ցավոք, չհաջողվեց:  Իսկ գիտե՞ք արդյոք, որ Խաղաղ օվկիանոսի հատակին՝ 5 հազար մետր խորության վրա մինչև այժմ ընկած է մեկ այլ սուզանավ՝ ընդ որում այդ սուզանավում կա երեք բալիստիկ հրթիռ՝ միջուկային մարտագլխիկներով:

«Կա-129» սովետական սուզանավը վթարի ենթարկվեց Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում, Հավայան կղզիներից մոտ 3000 կիլոմետր հեռավորության վրա, ուղիղ 52 տարի առաջ՝ 1968 թվականի մարտին: Զոհվեցին անձնակազմի բոլոր 98 անդամները: Այն ժամանակ, վթարի մասին, բնականաբար, ոչ մի հաղորդագրություն չեղավ, մինչև այժմ էլ տարբեր վարկածներ են շրջանառվում, թե ինչու սուզանավը հայտնվեց օվկիանոսի հատակին: Որոշ մասնագետներ նույնիսկ պնդում են, թե սովետական սուզանավը բախվել է ամերիկյան սուզանավին, սակայն ավելի հավանական է համարվում այն ենթադրությունը, որ անսպասելիորեն գործի է դրվել հրթիռներից մեկի շարժիչը, ինչը պայթյունի պատճառ է դարձել: Ոչ միջուկային պայթյունի:

Շվեդիայի վարչապետի սպանությունն իր վրա է վերցրել 130 մարդ

Մի քանի տարի անց՝ 70-ականների սկզբներին, ամերիկացիները  որոշեցին ծովի հատակից բարձրացնել սովետական սուզանավը: Հասկանալի է, որ այնտեղ ամերիկացիներին հետաքրքրող շատ բան կար: Հասկանալի է նաև, որ դա պետք է գաղտնի արվեր: Մշակվեց հատուկ ծրագիր: Հայտնի միլիարդատեր Հովարդ Հյուզին հանձնարարվեց կառուցել մի հսկա նավ, որն իբր պետք է նավթ որոներ Խաղաղ օվկիանոսի  հատակին: 1974 թվականին նավը հասավ վթարի վայրը, սկսեցին բարձրացնել սուզանավը, բայց ամեն ինչ հարթ չընթացավ, սուզանավը ճաք տվեց ու կոտրվեց: Հաջողվեց ջրի մակերես հանել միայն փոքր մասը, միջուկային հրթիռները մնացին ծովի հատակին և մինչև հիմա էլ այնտեղ են: Այս ամենի վրա ծախսվեց մոտ 800 միլիոն դոլար, այժմ դա կկազմեր ավելի քան 3 միլիարդ:

Ինչպես գաղտնազերծվեց այս ծրագիրը, որը խստորեն թաքցվում էր հասարակությունից: Պատահաբար: Այսպիսի անսպասելի բան պատահեց: Գանգստերները հարձակվեցին միլիարդատեր Հովարդ Հյուզի գրասենյակի վրա, պայթեցրեցին չհրկիզվող պահարանները, քիչ անց դեպքի վայրում հայտնվեց «Լոս Անջելես Թայմս» թերթի թղթակիցը, սեյֆերից մեկում հայտնաբերեց գաղտնի օպերացիայի մասին վկայող թղթապանակներն ու մինչ ոստիկանները կբռնեին նրան, հասցրեց մոտակա հեռախոսախցիկից ամեն ինչ հաղորդել թերթի խմբագրություն:

Եվս մի հայտնի դեպք։ 1962 թվականին, երբ Խորհրդային Միությունը հրթիռներ տեղակայեց Կուբայում, ամերիկացի բարձրաստիճան զինվորականներն առիթ էին փնտրում հարձակվելու կղզու վրա: Ծրագիր մշակվեց հանրությանն ապատեղեկացնելու և համապատասխան տրամադրություններ ստեղծելու համար: Ծրագրվում էր սպանություններ իրականացնել Ամերիկայի տարածքում ու վերագրել դրանք կուբացիներին: Ավելին, հատուկ ծառայությունները մտադիր էին Կուբայի ափերի մոտ պայթեցնել ամերիկյան մի նավ և մեղքը բարդել Ֆիդել Կաստրոյի կառավարության վրա: Էլ ավելին: Այն ժամանակ՝ 62 թվականին, եթե հիշում եք, տիեզերք պիտի թռչեր ամերիկացի առաջին տիեզերագնացը՝ Ջոն Գլենը՝ Յուրի Գագարինի թռիչքից 10 ամիս հետո: Եվ հատուկ ծառայություններն այսպիսի բան էին մտածել՝ եթե հանկարծ ամերիկյան առաջին տիեզերական թռիչքը ինչ-ինչ պատճառով խափանվի, տիեզերանավին ինչ-որ բան պատահի, Վաշինգտոնը պիտի հայտարարի, որ կուբացիներն են խփել տիեզերանավը՝ իրենց տարածքում տեղակայված հրթիռով:  Գիտեք, իհարկե, որ ամերիկացիներն ի վերջո Կուբայի վրա այդպես էլ չհարձակվեցին, Ջոն Քենեդին այնքան խոհեմ գտնվեց, որ մերժեց հատուկ ծառայությունների և զինվորականների մշակած այս ծրագիրը: 

Արդյո՞ք այլմոլորակայինները կուտեն մեզ

Բայց հիմա ասեք՝ կարելի է արդյոք մեղադրել այն մարդկանց, որոնք հավատում են դավադրությունների տեսություններին, ամեն առիթով պնդում են՝ այս ամենը իշխանությունների սարքածն է: Չէ որ իշխանությունները երբեմն իրոք սարքում են: Եվ ոչ միայն ամերիկյան իշխանությունները:

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (112)

Ըստ թեմայի

Ձեր Նոբելյան մրցանակը կախված է մի երկրում կայացած ընտրությունների արդյունքներից
Ինչպես են էստոնացիները քվեարկում ու անվճար երթևեկում Տալլինում
Նյույորքյան զույգ երկնաքերների առաջին փորձությունը. սպանվելու էին 50 հազար մարդ
թեգերը:
ԽՍՀՄ, Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իշխանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ