09:11 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (86)
949 0 0

Իսկ գիտե՞ք, որ Հայոց ցեղասպանության ոճրագործներից Ջեմալի աղջիկը Շվեյցարիայում բուժում է ստացել հայերից խլված միջոցների հաշվին, իսկ թոռը՝ Հասան Ջեմալը, որը նաև Հայաստանում է եղել և ընդունում է Հայոց ցեղասպանությունը, ծնվել է հայ մեծահարուստից առգրավված տանը։

Մարիաննա Փայտյան, Sputnik Արմենիա

Հայոց ցեղասպանությունը մտահղացած և իրականացրած թուրք ոճրագործները մինչև այսօր Թուրքիայում պետական, քաղաքական, իրավական մակարդակով հերոսացվում են։ Իսկ գիտե՞ք, որ Թուրքիայի Հանրապետությունում նույնիսկ գործող օրենք կա, որով ոճրագործներն ազգային հերոսներ են ճանաչված, իսկ նրանց սերունդները մի շարք առավելություններից են օգտվում։ Sputnik Արմենիան զրուցել է թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ՝ օրենքի մանրամասների ու դրա նշանակության մասին։

Այս պատմությունը սկսելու համար պետք է հետհայացք գցել 1919 թվականին, երբ Կ. Պոլսում սկսվեց երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխների դատավարությունը։ Իբրև թե Թուրքիան որոշել էր պատժել պատերազմական հանցագործներին, որոնք Օսմանյան կայսրությունը ներքաշել էին համաշխարհային պատերազմի մեջ, պատասխանատու էին հայերի զանգվածային տեղահանության ու կոտորածների համար։ Իրականում, այս քայլը երկու նպատակ ուներ։ Առաջին հերթին թուրքերը շտապում էին իբրև թե հենց իրենք պատժեին հանցագործներին, որպեսզի խուսափեին միջազգային դատարանից։ Այդ դեպքում պատասխանատվության կարող էին ենթարկվել ոչ թե միայն անհատները, այլև պետությունը, ինչը ծանր հետևանքներ կարող էր ունենալ Թուրքիայի համար։

Այսպիսով, Առաջին աշխարհամարտի տարիներին կատարվածի ամբողջ պատասխանատվությունը «գցվում էր» զուտ առանձին մարդկանց վրա և Թուրքիայի՝ որպես պետության պատասխանատվությունը դուրս էր մնում քննարկումից։ Երկրորդը՝ նոր իշխանությունների իմիջի հարցն էր. ուզում էին ցույց տալ, որ սա այլևս արյունարբու Թուրքիան չէ։ Այսպիսով, միջազգային հանրության ու մեծ տերությունների ճնշման տակ սուլթանի հրովարտակով երկրում ռազմական ատյաններ էին ստեղծվել, որոնք հեռակա կարգով մահապատժի էին դատապարտել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին, այդ թվում՝ Թալեաթին, Էնվերին, Ջեմալին և մյուսներին։ Բայց դեռ դատավարությունների ընթացքում երկրի ղեկավար Մուսթաֆա Քեմալը դրանք անվանում էր շինծու ու պարտադրված։

«Հայոց ցեղասպանություն չի եղել, բայց երաշխիք չկա, որ չի լինի». Թուրքիան սիրող հայերի համար

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ այս դատավարությունները Թուրքիայի ոչ միայն քաղաքական, այլև արդարադատության գնահատականն է։ Այսպես` 1921 թ.-ին Թուրքիայի Ազգային ժողովը Թալեաթին և մյուսներին արդեն հռչակել էր ազգային հերոսներ ու ազգային նահատակներ։ Ավելի ուշ, երբ ձևավորվեց Թուրքիայի Հանրապետությունը, այս հայտարարությունները դարձան նաև իրավական: 1926թ. Թուրքիայի Ազգային ժողովը ներկայացրեց մի օրենք, որը մինչև այսօր էլ շարունակում է կիրառության մեջ լինել:

«Օրենքը շատ խորհրդանշական անուն ուներ՝ «Հայ ահաբեկչական կոմերիտականների կողմից սպանված կամ նրանց պատճառով մահացած թուրք օսմանյան բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներին տրամադրվելիք փոխհատուցում՝ ֆինանսական և տարածքային»: Եվ 1926 հունիսի 27-ին ընդունված օրենքով՝ Թալեաթի, Ջեմալի, Բեհաեդդին Շաքիրի, Ջեմալ Ազմիի և այլ ոճրագործների ընտանիքներին հատկացվում էր փոխհատուցում։ Օրենքում նաև նշված էր, որ այդ փոխհատուցումը տրվում էր հայկական գույքի հաշվին, այսինքն՝ տեղահանված հայերի լքված գույքի հաշվին»,- ներկայացնում է թուրքագետը։ Այսքանն էլ բավական չէր, օրենքով նրանք հռչակվում են ազգային նահատակներ, հայտարարվում էին պետության և ազգի նվիրյալներ, որոնք տարված են եղել ազգի բարօրության երազանքներով, և այդ ճանապարհին նորմալ է դիտվում Հայոց ցեղասպանությունը, հայրենազրկումը։

Թուրքագետի խոսքով՝ օրենքին կցված ցուցակում սկզբնապես 13 անուն էր, հետագայում դրանք ավելացվեցին, բայց երկու անուն բացակայում է՝ մեկը Էնվերն է, որն անձնական խնդիրներ է ունեցել Քեմալի հետ, մյուսը՝ դոկտոր Նազըմը, որն օրենքի ընդունման պահին դեռ ողջ էր, բայց դրանից մոտ մեկ ամիս անց մահապատժի է ենթարկվել Աթաթուրքի դեմ կազմակերպված մահափորձին մասնակցելու համար։ Նրա անունը դուրս էր եկել պետական համակարգի շրջանառությունից, թեպետ 1950-ական թթ. նա էլ է հերոսացվում, նույնիսկ վերաթաղվում է։ Մելքոնյանն ասում է՝ բոլոր ոճրագործները, որ ընդգրկված են այս ցուցակում, ստացել են հայկական գույք, տներ, հողատարածքներ, նրանց ընտանիքներին հատկացվել է թոշակ, երեխաների ուսման վարձն է վճարվել, անգամ առողջապահական ծախսերը պետությունն իրականացրել է հայերից խլված գույքի և միջոցների հաշվին։

Ջեմալ փաշայի թոռը Հայոց ցեղասպանության մասին գրառում է արել սոցցանցում

«Տարատեսակ օրինակներ կան. Ջեմալի աղջիկը տեղափոխվել է Շվեյցարիա, այնտեղ բուժում է ստացել հայերից խլված ֆինանսական միջոցների հաշվին: Ջեմալի թոռը, որը նաև Հայաստան այցելեց, նույնպես օգտվել է այդ ամենից։ Մասնավորապես, նրա տունը մեծահարուստ հայի է պատկանել, որին աքսորել են և ճանապարհին սպանել: Եվ նման փաստերը տարածվում են բոլոր ոճրագործ ընտանիքների վրա»,- ասում է թուրքագետը:

Ոճրագործներին հերոսացնելու թուրքական պետական համակարգի այս գործելակերպն անցյալում չի մնացել, սա շարունակական է, որի ապացույցները տարբեր տարիների ու տարբեր իշխանությունների օրոք կարելի է գտնել։ Օրինակ`  1943թ.-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի լարված օրերին, նախագահ Ինոնյուն նախաձեռնել էր Գերմանիայում թաղված Թալեաթի վերահուղարկավորումը Թուրքիայում, ընդ որում, թաղումն արվել էր պետական արարողակարգի համաձայն։ Դրանից տարիներ անց էլ՝ 1996թ.-ին, նախագահ Սուլեյման Դեմիրեյը մեծ ջանքեր էր գործադրել Միջին Ասիայից Էնվեր փաշայի աճյունի տեղափոխումն ու վերահուղարկավորումը կազմակերպելու համար: Ոճրագործի թաղման ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ, նաև Աբդուլլահ Գյուլը:

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

Թուրքիայում բազմաթիվ փողոցներ, դպրոցներ ու մանկապարտեզներ անվանված են Հայոց ցեղասպանությունն իրականացրած հանցագործների անուններով, նրանց գերեզմաններն ուխտատեղիներ են դարձել թուրք ազգայնականների համար։ Սա այն է, ինչ պետք է իմանալ ժամանակից Թուրքիայի պետական արժեհամակարգի մասին։

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (86)

Ըստ թեմայի

Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերը. ինչն է նրանց ավելի ինքնավստահ և ուժեղ դարձնում
Դարի կողոպուտը. Հայոց ցեղասպանության շնորհիվ Օսմանյան կայսրությունը փրկվեց սննկացումից
«Արևը ցեխով չես ծածկի». թուրքական ասույթի հայկական իրականությունը
թեգերը:
հայ, ունեցվածք, Օսմանյան կայսրություն, Ռուբեն Մելքոնյան (թուրքագետ), Թուրքագետ, Թուրքիա, Թուրք, Հայոց ցեղասպանություն

Գլխավոր թեմաներ