18:00 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (234)
75550

​Եկեք անկեղծ լինենք: Եթե ասեմ, որ ժամանակին ԱՄՆ անկախացմանը նպաստել են ռուսները, շատերի համար բավական տարօրինակ կթվա։ Սակայն փաստն այն է, որ Ռուսաստանը երբեք չմասնակցեց Մեծ Բրիտանիայի և ամերիկացիների կռվին և հենց դրանով հսկայական օգնություն ցուցաբերեց անկախականներին:

Թե ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

Դրա վկայությունը պատմությունն է: Մոտ երկուսուկես դար առաջ Բրիտանիայի ամերիկյան գաղութներն ըմբոստացան: 1775 թվականին Անգլիայի թագավոր Ջորջ Երրորդը անձնական ուղերձ հղեց Ռուսաստանի թագուհի Եկատերինա Երկրորդին: Միտքը մոտավորապես սա էր՝ դուք էլ եք կայսրություն, մենք էլ, հիմա միապետություններին վտանգ է սպառնում, քանզի մեր ամերիկյան գաղութներն ապստամբել են և չեն ցանկանում հնազանդվել՝ սա մեր ընդհանուր մարտահրավերն է:

Թույլ տվեք մի փոքր շեղվել՝ այդ անհնազանդությունը իր կոնկրետ պատճառներն ուներ: Մենք հո շատ լավ գիտենք՝ երբ կենտրոնից ճնշումները սաստկանում են, անխուսափելիորեն ուժեղանում են անկախական տրամադրությունները: Ղարաբաղցիների նոր սերունդը, իհարկե, տեղյակ չէ, բայց իմ սերնդակիցները հաստատ կհիշեն, թե ինչպիսի սահմանափակումներ էին գործում կրթության, մշակույթի և այլ բնագավառում: Նույնիսկ, եթե ստեփանակերտցիները ցանկանում էին Հայաստանից որևէ երգչի հրավիրել, Բաքուն անպայման պիտի իր համաձայնությունը տար: Ամերիկայում վերջին կաթիլը այսպես կոչված Բոստոնի թեյի խռովությունն էր: Լոնդոնը խստորեն պարտադրեց՝ ամերիկյան գաղութների բնակիչները պիտի գնեն միմիայն Հնդկաստանից արտահանվող բրիտանական ընկերության թեյը: Ամերիկացիներն ընդվզեցին, նավերից մեկի ողջ բեռը ծովը նետեցին ու հենց այդպես էլ սկսվեց հեղափոխությունը:

«Նա վեկ»–ի ու «նավեկ»–ի պատմությունից մինչև ցար. ով, ինչու և ինչպես վաճառեց Ալյասկան

​Բայց վերադառնանք Անգլիայի թագավորի խնդրանքին: Ջորջ Երրորդը փաստորեն ուզում էր, որ Եկատերինան զորք ուղարկի Ամերիկա՝ ապստամբների դեմ կռվելու և ըմբոստությունը ճնշելու համար: Սանկտ-Պետերբուրգում բրիտանացի բանագնացին հրահանգ էր տրված՝ համոզել ռուսներին, որ 30-հազարանոց զորախումբ գործուղեն Ամերիկա: Երևի պատկերացնում եք, թե ինչ էր նշանակում 30-հազարանոց ռուսական զորքի միջամտությունը՝ կարող էին պարզապես ճնշել անկախականներին և պատմությունը միգուցե բոլորովին այլ հունով ընթանար: Բայց Ռուսաստանի թագուհին չհամաձայնեց, թեև կարող էր, որովհետև ռուս-թուրքական պատերազմը նոր էր ավարտվել և զինվորները, այսպես ասած, պարապուրդի մեջ էին:

Հնարավո՞ր է հայրենադարձություն կազմակերպել՝ ուժեղացնելով հայ համայնքները տարբեր երկրներում

Ամերիկյան գաղութներում ռուսների դիրքորոշումը գնահատեցին: Ջորջ Վաշինգտոնն իր զինակիցներից մեկին գրեց. «Շատ ուրախացանք՝ հավաստի աղբյուրներից տեղեկանալով, որ Ռուսաստանի կայսրուհուն ուղղված Մեծ Բրիտանիայի խնդրանքներն ու դիմումները մերժվել են՝ արհամարհանքով»։ Ռուսաստանն, ի դեպ, ավելի հեռուն գնաց: Երբ Բրիտանիան հայտարարեց, թե կանգնեցնելու և ստուգելու է ամերիկացիներին տարբեր ապրանքներ մատակարարող եվրոպական նավերը, Ռուսաստանը հռչակեց այսպես կոչված զինված չեզոքություն: Այսինքն՝ փորձեք կանգնեցնել՝ միանգամից հակահարված կստանաք: Ռուսների այդ նախաձեռնությանը միացան այլ երկրներ՝ Շվեդիան, Հոլանդիան, Դանիան, փաստորեն ստեղծվեց ամերիկացի անկախականներին սատարող միջազգային լիգա: Այսինքն՝ Ռուսաստանն իրոք ամեն ինչ արեց, որպեսզի ամերիկացիներն անկախանան:

​Մեկ այլ հանգամանք էլ կար: Տեսեք: Դեռ մինչև Ամերիկայի անկախացումը, Ռուսաստանը ցանկանում էր Անգլիայի հետ համաձայնագիր կնքել, բայց պահանջում էր, որ այդ համաձայնագրում տեղ գտնի այն դրույթը, որը հիմա ամրագրել են թե ՆԱՏՕ-ի, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները՝ պետություններից մեկի վրա հարձակումը դիտվում է որպես հարձակում համաձայնագիրը ստորագրած բոլոր երկրների վրա: Իսկ Անգլիան չէր ուզում: Չէր ուզում Թուրքիայի պատճառով՝ պարզապես չէր ցանկանում վատթարացնել հարաբերությունները թուրքերի հետ, առավել ևս՝ կռվել նրանց դեմ: Ու Ռուսաստանը որոշեց պատժել անգլիացիներին, հասկացնելով նրանց՝ կներեք՝ այդ ինչ երեսով եք մեզ առաջարկում կռվել ամերիկացիների դեմ, որոնք ամենևին էլ մեր թշնամին չեն, երբ ինքներդ կտրականապես հրաժարվում եք մի թթու խոսք անգամ ասել մեր երդվյալ թշնամի թուրքերին:

Էլ չձանձրացնեմ պատմական մանրամասներով: 1783 թվականին Մեծ Բրիտանիան, ի վերջո, ճանաչեց Ամերիկայի միացյալ նահանգների անկախությունը: Եվ փաստն այն է, որ դրան իրոք նպաստեց Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (234)
թեգերը:
Անկախության օր, Ռուսաստան, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ