03:47 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
251 0 0

Կովկասում ծերունիների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա․ չէ՞ որ հենց նրանք են պահպանում ավանդույթները, ընտանեկան պատմություններն ու իմաստնությունը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը վերհիշում է մի շատ ուսուցողական պատմություն այն մասին, թե ինչու պետք է լսել ծերերին։

Լաչինյան Մանիկ Անուշավանի՝ մորաքույրս է։ Լենինականում դեղագործ էր աշխատում, գյումրեցիների մի քանի սերնդի համար դեղեր է դուրս գրել։ Մանյա մորաքույրը տարիքի բերումով այն մարդկանցից է, որոնց, ըստ ինտերնետային կոչի հեղինակի, «խղճալ պետք չէ»։ Ես խղճում եմ։ Խղճում եմ ծերուկներին, որոնց դուռն են ցույց տալիս, որոնց հետ, այո՛, բարդ է, բայց առանց նրանց էլ մի տեսակ դատարկ է։ Ինչո՞ւ։ Որովհետև կտրվում է կապը «նախա-նախա»-ների հետ, ծնողների մահը թուլացնում է սեփական կյանքիդ պաշտպանական գիծը։ Ճեղք է առաջանում, դատարկություն. արդեն քո երեխաներից ու թոռներից առաջ դու ես կանգնած։

Երեխաները, որոնք մեծանում են առանց «ծերուկների», ակամա պարտվում են նրանց, ովքեր տատի ու պապի հետ են մեծացել (ստուգված է անձնական փորձով)։ Պակասում է կովկասյան նիստուկացի կարևոր`մեծերի հանդեպ հարգանք ձևավորող դրվագը, երբ սեղանի վերևում միշտ ավագն է նստում։ Իսկ խնջույքը բացող առաջին ձայնի իրավունքը... իսկ սերնդեսերունդ փոխանցվող ընտանեկան պատմությունները...

Ահա դրանցից մեկը։

...Կոլյա քեռին՝ Մանյա մորաքրոջս ամուսինը, աշխատում էր շինվարչությունում և մտերիմ ընկեր ուներ՝ ամուրի շինղեկ Մուշեղը (այդպես անվանենք նրան)։ Նրանք ամեն ինչ կիսում էին, ամեն ինչ անում էին իրար համար։ Մանյա մորաքույրը հաճախ Մուշեղին ճաշ էր տանում, երբ պետք էր՝ մաքրում էր նրա բնակարանը, բուժում էր, երբ հիվանդ էր. թեև բժիշկ չէր, բայց դե դեղագործ էր։

Կոլյա քեռին, որը նույնպես շինղեկ էր, բայց ուրիշ տեղամասում, Մուշեղին իր առաջնեկի կնքահայրը դարձրեց։ Միասին գնում էին Արփաչայ՝ ձուկ բռնելու, հոյակապ ընկերներ էին, քանի դեռ մի գիշեր չեկան Կոլյա քեռու հետևից։ Մեղադրեցին սոցիալիստական ունեցվածքի հափշտակման համար, մեղադրանքը ձևակերպեցին որպես վնասարարություն, իսկ դա արդեն քաղաքական հոդված էր։ Եվ շինղեկ Նիկոլայ Լաչինյանը ամբողջ ութ տարով հայտնվեց հեռավոր Կարագանդայում՝ առանց նամակագրության իրավունքի։

Միկոյանի «Սպիրալը». ինչպես հայ կոնստրուկտորը հնարեց «Շաթլը»

Դժբախտության մեջ հայտնված Մանյա մորաքույրը մենակ չմնաց․կողքին էին քույրերը, հարևանները, երես չթեքեցին նաև ընկերները։ Բայց ամենաշատը ընտանիքին օգնում էր Մուշեղը։ Նրա տանը Մանյա մորաքույրը պահում էր այն, ինչ մնացել էր ընտանեկան թանկարժեք զարդերից և սև օրվա համար պահած գումարը։ Մուշեղն ինքն էլ ժամանակ առ ժամանակ իր աշխատավարձի մի մասը տալիս էր ընկերոջ կնոջը, օգնում էր դիմումներ գրել՝ ուղղված դատախազությանը։ Նրա օգնությունը հանգիստ ընդունվում էր․չէ՞ որ նա ընտանիքի բարեկամն էր։

Մի անգամ Մանյա մորաքրոջ դուռը ծեծեցին, անծանոթ մի մարդ փոխանցեց երկտողը, որը ամուսինը գնացքի պատուհանից գցել էր՝ թույլ հույս ունենալով, որ մի բարի մարդ կգտնի այն և կուղարկի նշված հասցեով։ Հենց այդ բարի մարդն էլ կանգնած էր դռան առաջ։

Մանյա մորաքույրը կարդաց երկտողը և աչքերին չհավատաց․ ամուսինը հայտնում էր, որ իրեն աքսորել են Մուշեղի մատնությամբ։ Այդպիսի հարվածը դժվար էր տանել, բայց էլ ավելի դժվար էր հետևել Կոլյա քեռու պահանջին․նոր ստորությունից խուսափելու համար ոչ մի կերպ Մուշեղին ցույց չտալ, որ տեղյակ է նրա դավաճանության մասին, շարունակել ձևացնել, թե ոչինչ չի փոխվել նրա նկատմամբ։

Մանյա մորաքույրն այսպես ապրեց ևս չորս տարի, մինչև ամուսինը վերադարձավ ճամբարից։ Նույն օրը Լաչինյաններին հյուր եկավ Մուշեղը՝ ծաղկեփնջով ու կոնյակով։ Դուռը բացեց Կոլյա քեռին, բայց Մանյա մորաքույրը վազելով մոտեցավ, ամուսնուն մի կողմ հրեց և խլացուցիչ ապտակ հասցրեց դավաճանին։ Ի սրտե՝ բնիկ գյումրեցի կնոջ ամբողջ ուժով։

Շուտով ամուսինները տեղափոխվեցին Երևան, Կոլյա քեռին սկսեց վարորդ աշխատել օպերային թատրոնի շինարարությունում, երբեմն (նրանք մոտ էին ապրում) ինձ բեռնատարով տանում էր զբոսանքի։ Հիշողությանս մեջ մնացել են ֆաներե խցիկը, բենզինի սուր հոտն ու մեքենայի ազդանշանը, որը հնչում էր երկու լարերն իրար հպելուց։

Երեխաների մոտ մեծերը Մուշեղից չէին խոսում, դավաճանության պատճառներն այդպես էլ չիմացա, կարող եմ միայն ենթադրել՝ Մանյա մորաքույրը Լենինականի գեղեցկուհիներից էր... Կոլյա քեռին առաջինը մահացավ, Մանյա մորաքույրը՝ նրանից 19 տարի հետո։ Իսկ պատմությունը հիշում եմ մինչև հիմա։

Ինչո՞ւ հիշեցի և որոշեցի պատմել։ Մոռանալ անցյալը, անգամ եթե դա առանձին ընտանիքի, տոհմի, ընկերախմբի պատմությունն է, չի կարելի։ Ծերերն են պահպանում այդ հիշողությունը։ «Թող անցյալը մոռացվի»․թվում է` այսպիսի վտանգի առաջ ենք կանգնած, և այդ միտքն անհանգստացնում է։

Գործնական խորհուրդներից։  Հայտնի գրող Վիկտոր Շկլովսկու թոռը պատմում էր․«Մենք հասկացանք, որ պապիկը ծերացել է, երբ խնջույքների ժամանակ դադարեցինք լսել նրա ձայնը։ Նա բոլորիս հետ միասին նստած էր, բայց առաջ խոսում էր, իսկ հիմա ընդհանրապես դադարեց խոսել։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև նրան դադարել էին լսել»։

Ասում են՝ ծեր կլինես, իսկ երիտասարդ՝ այլևս երբեք։ Հիշեք այդ մասին և ապրեք երկար։

Ըստ թեմայի

Ինչու Ջիվան Գասպարյանին ոչ ոքի հետ չես շփոթի
Հայաստանին ատոմային ռումբ հարկավո՞ր է, կամ ի՞նչն է խանգարում «միջուկային» ակումբ մտնելուն
Երևանի բնակֆոնդի պատմությունը, կամ ինչպե՞ս երևանցի աշխղեկը շահեց ապագա զոքանչի սիրտը
թեգերը:
Կին, ընկեր, ծեր, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ