07:43 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (273)
51840

Եկեք անկեղծ լինենք։ Տարիներ շարունակ հակամարտող կողմերը՝ հայերն ու ադրբեջանցիները, միշտ շատ մեծ վերապահումներով էին ընդունում առճակատման գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման գաղափարը։

 

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Խաղաղապահներ. աշխարհի տարբեր երկրների փորձն ու բազմաթիվ իրարամերժ հարցերը

Դա բոլորովին զարմանալի չէ, քանզի խաղաղապահ ուժերի կիրառման փորձը աշխարհի տարբեր երկրներում ամենևին միանշանակ չէ։ Մոտ կես տարի առաջ՝ մայիսին, Խաղաղապահների միջազգային օրվա կապակցությամբ փաստել էի, որ խաղաղապահները, թեև զենք են կրում, իրականում գրեթե անպաշտպան են, որովհետև իրավունք ունեն այդ զենքն օգտագործելու միայն մի դեպքում, եթե վտանգ է սպառնում իրենց կյանքին։ Ու մեջբերել էի Անջեյ Սիտկովսկիին, որը բազմաթիվ խաղաղապահ առաքելությունների է մասնակցել աշխարհի տարբեր տարածաշրջաններում և գիրք գրել, որը կոչվում է «ՄԱԿ-ի խաղաղապահությունը՝ միֆ և իրականություն»։

Ընդամենը մի փոքր հատված այդ գրքից. «Ինչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց իրավունք չունի այն մարել` մինչև չստանա քաղաքապետարանի համաձայնությունը, իսկ ջուրը կարող է օգտագործել միայն այն դեպքում, երբ կրակը մոտեցել է իրեն, և կոշիկներն են սկսել այրվել», -գրել է խաղաղապահի մեծ փորձ ունեցող Սիտկովսկին։ Համաձայնեք՝ բավական պատկերավոր է։

​Ինչու եմ այսօր շոշափում խաղաղապահների թեման։ Այն պարզ պատճառով, որ շատ երկար ժամանակ հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր կողմերը սկզբունքորեն մերժում էին խաղաղապահների տեղակայման գաղափարը։ Բայց այս շաբաթ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները հայտարարեցին, որ պատերազմը դադարեցնելու համար խաղաղապահ ուժերի օգտագործումն այնուամենայնիվ ընդունելի են համարում, թեև դեռ այս ամսվա սկզբին վերլուծաբաններն ու քաղաքագետները փաստում էին, որ կողմերը դրան պատրաստ չեն։ Պարզապես մեջբերեմ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին, որը հոկտեմբերի 15-ին ասել էր. «Ղարաբաղում կարելի է խաղաղապահներ տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ։ Կարևոր է՝ հակամարտող կողմերը համաձայնեն դրան։ Մենք դեռ կողմերից այդ հարցի պատասխանը չենք լսել»։ Կրկնեմ՝ սա եղել է մոտ տասն օր առաջ։

Պարտադրված պատերազմն ու աշխարհի լռությունը, կամ ինչպես ապացուցել այն, ինչ ակնհայտ է

​Այժմ իրավիճակը փոխվել է. թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակնարկել են, որ խաղաղապահ ուժերի տեղակայումը ընդունելի է։ Ու միանգամից էլ բազմաթիվ և բազմապիսի հարցեր են ծագում, որոնցից գլխավորն, իհարկե, սա է՝ ովքեր են լինելու այդ խաղաղապահները։ Տվյալ դեպքում չափազանց կարևոր մի նրբություն կա։ Եթե բոլոր հակամարտող կողմերը մի պաշտպանական կազմակերպության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ լինեին, որևէ խնդիր չէր առաջանա՝ այդ կազմակերպությունը խաղաղապահ ուժեր կձևավորեր ու կուղարկեր տարածաշրջան։ Բայց մեր դեպքում իրավիճակն այլ է։ Հայաստանը այդ կազմակերպության անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

Այնուամենայնիվ, ըստ տարբեր աղբյուրների,  այդ կազմակերպությունում խաղաղապահների հարցը աշխուժորեն քննարկվում է։ Սա հավաստել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստաիխսլավ Զասը, որն այդ պաշտոնում փոխարինել է Հայաստանում մեղադրվող գեներալ Յուրի Խաչատուրովին։ Իսկ կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը մանրամասնել է՝ նախ, պետք է լինի հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը  խաղաղապահ գործունեության անցկացման համար։ Հենց այստեղ էլ սկսվում է ամենամեծ բարդությունը։ Լավ, ասենք Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես համաձայնեցին։ Բա Ղարաբա՞ղը։ Չէ որ պատերազմը հիմնականում Արցախի և Ադրբեջանի սահմանին է ընթանում։

​Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խոսնակ Զայնետդինովը նաև հիշեցնում է, որ 13 տարի առաջ այդ կազմակերպությունը համաձայնագիր է ընդունել, ըստ որի խաղաղապահներ տեղակայելու որոշումն ընդունվում է այդ կազմակերպության արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհուրդների և ազգային անվտանգության քարտուղարների կոմիտեի հավանությունից հետո։ Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ թեժ բանավեճեր են ընթանալու, և արդյոք կազմակերպության անդամ երկրներն ընդհանրապես կարող են երբևէ համաձայնության գալ հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու հարցում։

Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»

​Ու էլի մի քանի հարց, որոնք բարձրաձայնում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը. «Ի՞նչ սահմանագծով պետք է տեղակայվեն այդ խաղաղապահները, ի՞նչ կազմ պետք է ունենան։ Ինչպե՞ս դրան կվերաբերվի Իրանը, եթե, օրինակ, ամերիկացիներ կանգնեն սահմանին։ Ինչպե՞ս կվերաբերվի Ադրբեջանը, եթե սահմանին կանգնեն ռուսները։ Այս ամենը շատ բարդ է և դժվար իրականացվող»։ Համաձայնեք, իրոք, խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված ոչ բոլոր հարցերի հստակ պատասխաններն առայժմ ունենք։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (273)

Ըստ թեմայի

Թշնամու հարցում մեր բախտը չի բերել, կամ ինչու ամերիկացիներին կարելի է, ղարաբաղցիներին՝ ոչ
Հայ-ադրբեջանական պատերազմ. Ռուսաստանի երեք տարբերակները
Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում
թեգերը:
խաղաղապահ, Ադրբեջան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ռուսաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Պատերազմ

Գլխավոր թեմաներ