15:39 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
765 0 0

Թեև արդեն երկար ժամանակ է՝ ակտիվ քննարկվում է այս տարի Ամանորը չնշելու թեման, բայց հայաստանյան հանգստավայրերում Նոր տարվա օրերին արդեն ազատ տեղեր գրեթե չկան։ Մարդիկ տոնական, ճոխ սեղանները որոշել են մաքուր օդով և նոր տպավորություններով փոխարինել։

Այս տարի Ամանորը տասնյակ հազարավորների ընտանիքներում ավանդական տարբերակով`ճոխ սեղանով, երգ ու պարով չի նշվելու կամ առհասարակ չի նշվելու։ 2020-ը սիրտ չի թողել... Ցավն այնքան մեծ է, կորուստները՝ մարդկային ու տարածքային` այնքան մեծաթիվ, որ շատերն անգամ անհարմար են զգում տունը զարդարել, սեղան գցել, հյուր գնալ կամ հյուր ընդունել։ Այս առումով բազմաթիվ ընտանիքների համար այլընտրանք է դարձել տարեմուտը ոչ թե տանը, այլ  հայաստանյան որևէ հանգստավայրում դիմավորելը՝ գոնե մաքուր օդ կշնչեն, ամենօրյա ռիթմը կփոխեն։

Ամեն տարի Ամանորին Հայաստանը մեծ թվով հյուրեր էր ունենում արտերկրից, հատկապես՝ ՌԴ-ից։ Կորոնավիրուսն ու պատերազմը փոխել են տուրիզմի պատկերը․հիմա տարբեր հանգստավայրերում մատերի վրա հաշված արտասահմանցիների կհանդիպեք, փոխարենը ներքին տուրիզմն է զարգանում։ Ու ներքին զբոսաշրջիկների հաշվին հանգստավայրերում արդեն իսկ գրեթե տեղ չկա։ Դե դրա հիմնական պատճառներից մեկն էլ կրկին կորոնավիրուսն է՝ հայաստանցիներն անհամեմատ քիչ են ճամփորդում հիմա։ Նախկինում, եթե շատերը Ամանորը դիմավորում էին արտերկրում՝ արաբական տաք երկրներում, Եվրոպայում, հարավարևելյան Ասիայում, ապա հիմա նրանց թիվը կտրուկ կրճատվել է։

Ջերմուկ

Ջերմուկի հյուրանոցներում, հանգստյան տներում ազատ տեղեր գրեթե չկան։ Բոլոր ամրագրումներն էլ տեղացիներն են արել։ Ջերմուկի զբոսաշրջության կենտրոնի տնօրեն Նարեկ Միրզոյանի խոսքով՝ մեծ թվով հարցումներ են ունեցել Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից ու Գերմանիայից, սակայն ամրագրումներ դեռ չկան։ Թեպետ նա չի բացառում, որ վերջին պահին կարող է իրավիճակ փոխվել։ Այս տարի հյուրանոցներում տոնական ծրագրեր, երգիչ-երգչուհիների մասնակցությամբ շոուներ, հրավառություններ չեն լինելու։

«Հյուրերն այդ մասին տեղեկացված են և ըմբռնումով են մոտենում։ Միայն փոքրիկ հյուրերի համար են լինելու անակնկալներ` Ձմեռ պապ, Ձյունանուշ, նվերներ»,- նշում է Միրզոյանը։

Երևանը որոշեց ամանորյա միջոցառումներ կազմակերպելու փոխարեն օգնել Ստեփանակերտին

Քանի որ շոու ծրագրերը կրճատվել են, նաև քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը հաշվի առնելով, առաջարկում որոշակի գնային փոփոխություն կա։ Ջերմուկում, օրինակ, Ամանորյա փաթեթների առաջարկները մոտ 10-15 տոկոսով ավելի մատչելի են, քան նախորդ տարի էր։

2 անձի համար 5-օրյա հանգստի փաթեթը միջինը 350 հազար դրամ է, ամենաթանկը՝ մոտ 600 հազար դրամ։ Ստանդարտ փաթեթներին Ջերմուկում ավելանում են բուժական ծառայությունները։ Գնառաջարկը դրանք էլ է ներառում։

Ջերմուկում այսօր դժվարությամբ նաև վարձով բնակարան կամ առանձնատուն կգտնեք։ Ոչ միայն զբոսաշրջիկներն են արդեն ամրագրել, այլև քաղաքում դեռ մեծ թվով արցախցիներ կան։

Ծաղկաձոր

Հայաստանյան ձմեռային ամենասիրելի հանգստավայրերից այստեղ էլ ազատ տեղեր քիչ են մնացել։ Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գարիկ Բադալյանը մեզ հետ զրույցում ասում է, որ օրերս մեծ դժվարությամբ են կարողացել ազատ քոթեջ գտնել։

«Համաքաղաքային հրավառություն, տոնական համերգներ և նման բաներ չեն լինելու»,- նշում է պաշտոնյան։

Հյուրանոցներում Ձմեռ պապն ու Ձյունանուշն են փոքրիկ հյուրերին նվերներ բերելու։ Ծաղկաձորում ևս շոու ծրագրերի կրճատումը գնիջեցման է բերել՝ 15-20 տոկոսով։

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրից տեղեկացանք՝ 2 անձի համար 3-անգամյա սնունդով 5-օրյա փաթեթն Ամանորին միջինը 270․000 դրամ արժե։ Նախորդ տարիների համեմատ ամրագրումները քիչ են, արտերկրից հյուրեր առհասարակ չկան, մինչդեռ ծաղկաձորյան հյուրանոցային համարների առյուծի բաժինը նախկինում ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկներն էին զբաղեցնում։

Посетители канатной дороги в Цахкадзоре
© Sputnik / Aram Nersesyan
Ծաղկաձոր

«Էլեգանտ» հյուրանոցի վաճառքի մենեջեր Խաչատուր Մովսիսյանը ևս մեզ հետ զրույցում նշեց՝ Ամանորն այս անգամ առանց տոնական երգ ու պարի է լինելու, գնիջեցումը 20-25 տոկոս է։ 2 անձի համար 2-անգամյա սնունդով, գալա ընթրիքով 5-օրյա հանգստի փաթեթը միջինը 560 հազար դրամ է։ Ազատ տեղեր գրեթե չունեն։ Մովսիսյանը նշում է՝ այդպես է գրեթե բոլոր հայտնի հյուրանոցներում։

Դիլիջան

Պատերազմի օրերին Դիլիջանը մեծ թվով արցախցիների հյուրընկալեց։ Քաղաքապետի խորհրդական Լևոն Ավագյանի խոսքով՝ նույն թվով բնակիչներ ունեցող քաղաքների շարքում Դիլիջանն ամենաշատ արցախցիների ընդունած քաղաքն է։ Նրանց մի մասը հյուրանոցներում է ապրում։

Պաշտոնական տվյալներով՝ 14-16 հազար բնակիչ ունեցող քաղաքը հյուրընկալել է 2000 արցախցիների։

Տավուշյան հանգստավայրը ևս բացառություն չէ․ հյուրանոցային համարները գրեթե 100 տոկոսով զբաղված են։

«Օրեր առաջ 1-2 գերմանացի եմ տեսել, բայց, կարելի է ասել, արտերկրից զբոսաշրջիկներ չկան։ Զբաղվածությունը ներքին տուրիզմի հաշվին է»,- նշեց Լևոն Ավագյանը։

Ինչպես թոթափել ամանորյա հոգնածությունը և հանել սթրեսը. խորհուրդներ հայ կանանց

Ի տարբերություն Ջերմուկի և Ծաղկաձորի, Դիլիջանում հյուրանոցների գնառաջարկներում կամ առհասարակ փոփոխություն չի եղել, կամ էլ՝ չնչին։

Օրինակ, Dilijan Park Resort-ում գնային փոփոխություն չկա․31․12.20 - 04․01.21–ը ընկած ժամանակահատվածի համար 2 անձի համար փաթեթը՝ 3-անգամյա սնունդով, գալա ֆուրշետով միջինը 350 հազար դրամ է։

Монастырский комплекс Агарцин
© Sputnik / Andranik Ghazaryan
Հաղարծինը

Տոնն անցնելու է առանց հրավառության, երաժշտության և շոու ծրագրերի։ Ինչպես գրեթե ամենուր, այստեղ էլ միայն փոքրիկներին են փորձելու ուրախացնել` Ձմեռ պապն ու Ձյունանուշը նվերներով են գալու Դիլիջան։

Ինչպես և որտեղ ենք դիմավորելու տարեմուտը՝ տարբերակները շատ են, մարդկանց նախասիրություններն  ու տրամադրվածությունն էլ՝ տարբեր։ Մի բան բոլորին է միավորում՝ 2020 թվականը, ինչպես ժողովուրդն է ասում, մի «ոտք շուտ ճանապարհ ընկնի»՝ իր հետ տանելով այս տարվա բոլոր դժվարությունները։ Նոր տարվա ամենակարևոր մաղթանքն է՝ խաղաղություն և առողջություն լինի։

Ըստ թեմայի

Ամանորին քանի՞ մարդ է այցելել թանգարաններ. Փաշինյանը թվեր է հրապարակել
Հաջորդ Ամանորը հանգիստ խղճո՞վ կնշենք. պայթուցիկների վաճառքը կարգելեն
«Ամանորն առանց դավաճան Նիկոլի». Վանեցյանը նոր կարգախոս առաջարկեց
թեգերը:
Ձմեռ պապ, Ջերմուկ, Դիլիջան, Ծաղկաձոր, գին, Հյուրանոց, Հայաստան, Ամանոր

Գլխավոր թեմաներ