22:18 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
161210

Հայաստանի իշխանությունների անհեռատես հայտարարությունները «միջազգայնորեն ճանաչված սահմանների» մասին բարդություններ են ստեղծում ոչ միայն Սյունիքում, այլև քար են գցում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վրա։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը հսկայական խնդիր է դարձել Սյունիքի մարզի բնակիչների համար։ Բայց «սատանան» թաքնված է նաև Արցախի հետագա ճակատագիրը որոշելու հարցում։

Sputnik Արմենիան միջազգայնագետ-իրավաբանների հետ զրուցել է այն մասին, թե Արցախի համար ինչ վտանգ է ներկայացնում Հայաստանի կողմից Ադրբեջանի խորհրդային վարչական սահմանների ճանաչումը։

Անորոշ կարգավիճակ 20-րդ դարի սկզբին

Դեռևս ցարական Ռուսաստանում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայիս տարածքները մտնում էին երեք նահանգների մեջ՝ Երևանի, Ելիզավետպոլի, Բաքվի։ Դրանք էթնիկ սկզբունքով բաժանված չէին։ Երևանի նահանգում մեծամասամբ հայեր էին ապրում, Բաքվի նահանգում՝ կովկասյան թաթարներ, Ելիզավետպոլում՝ մոտ 50/50 ։

Անկախության հռչակագիրն ընդունելու պահին Ադրբեջանը նշեց, որ իշխանություն է հաստատում Անդրկովկասի արևելյան և հարավային մասերում՝ նկատի ունենալով Բաքվի ամբողջ նահանգը, ամբողջ Ելիզավետպոլի նահանգը և Երևանի նահանգի մի մասը, քանի որ Նախիջևանը դրա մասն էր։

1918թ.-ին հայկական իշխանությունները ժամանակավոր հռչակագիր ընդունեցին։ Հայերը սպասում էին Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության վերականգնմանը (22 ապրիլի, 1918 — 26 մայիսի, 1918)։ Հռչակագրում նշվում էր, որ «Հայ ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական մարզերի գերագույն և միանձնյա ադմինիստրացիա... Հայկական ազգային խորհուրդը ժամանակավորապես իր վրա է վերցնում բոլոր կառավարական գործառույթները, որպեսզի կառավարի հայկական մարզերի քաղաքական և վարչական ղեկավարությունը»:

ՀՀ պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման մասին օրենքով. Արման Թաթոյան

Այսինքն՝ փաստացի տվյալ դեպքում խոսքը ոչ թե անկախության հռչակագրի, այլ հայկական շրջանների ժամանակավոր վարչական կառավարման մասին է (ի սկզբանե՝ էթնո-պատմական սկզբունքով)։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ պետք է իրական պետական մարմիններ ձևավորվեն։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թբիլիսիում և Բաքվում անգլիական զորքեր տեղակայվեցին։ Նրանք մի քանի անգամ դիմել են Երևանին առաջարկով՝ թող Հայաստանը համաձայնի Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական վարչական կառավարման ճանաչմանը։ Փաստարկը զուտ տնտեսական էր (այդ թվում՝ Հայաստանի տարածքից մարդասիրական օգնության կազմակերպումն անհնար էր)։ Հայկական կողմից մի քանի պաշտոնական մերժում կա։

Բայց քանի որ Հայաստանը չէր կարող Ղարաբաղում զորք պահել, ինքնապաշտպանությունն իրականացվում էր տեղի բնակչության կողմից։ Իսկ բնակչությունն իր հերթին միշտ հայտարարում էր, որ ուզում է Հայաստանի մաս կազմել։ Ղարաբաղի ինքնապաշտպանությունը դիմացավ մինչև 1919թ․-ը՝ մինչև անգլիացիների ժամանումը՝ ժամանակավոր գեներալ-նահանգապետ Խոսրով Բեկ-Սուլթանովի հետ միասին (հենց նրա հրամանով կոտորեցին մի քանի հայկական գյուղերի բնակչությունը)։  Այդ իրադարձությունների ֆոնին Ղարաբաղի հայկական խորհուրդը 1919թ․-ին ստիպված էր ճանաչել Ադրբեջանի ժամանակավոր վարչակարգը. պատմության դասագրքերում այդ փաստը գրեթե չի հիշատակվում։ Հենց ժամանակավոր՝ մինչև Փարիզի խաղաղության խորհրդաժողովում կարգավիճակի հարցի լուծումը։

Բայց հարցն այնտեղ էլ չլուծվեց։ Իսկ 1920թ․-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը, բայց այն չվավերացվեց։ Այդպիսով, Ղարաբաղի հարցը կրկին չլուծված մնաց։ Այդ ընթացքում Կարմիր բանակը սկզբում մտավ Բաքու, հետո Ղարաբաղ, հետո արդեն՝ Երևան։

Հետևաբար, իրավիճակը պարզապես սառեցվեց 70 տարով։

ԽՍՀՄ ներքին սահմանները հիմք չեն

Խորհրդային Հայաստանը, ինչպես և Խորհրդային Ադրբեջանը, որպես պետություն, միջազգային իրավունքի սուբյեկտ երբեք չեն եղել։ Ուստի հիմա հայ-ադրբեջանական սահմանների սահմանագծման և սահմանազատման ժամանակ խորհրդային շրջանի վարչական բաժանումները ճանաչելն անհեթեթություն է։ Ստացվում է, որ 20-րդ դարի սկզբին և վերջում պայքարն անիմաստ էր։ Դա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է այն փաստից, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել հենց ԽՍՀՄ-ի կազմից, այլ ոչ թե Խորհրդային Ադրբեջանի կազմից։ Փաստորեն, մեր կողմից դա նշանակում է Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի տարածք։

Նույնիսկ սոցիալական ցանցերում, որոշ հայ քաղաքագետների շրջանում հնչում է ադրբեջանական թեզը՝ հիմնված Uti Possidetis սկզբունքի վրա («Ինչ ունեք, դա էլ ունեցեք»)։ Բաքվի դիրքորոշումն այսպիսին է. խորհրդային սահմանների պահպանման սկզբունքը միջազգային իրավունքի մի մասն է։ Բայց դրա համար հիմքեր չկան։

Uti Possidetis սկզբունքը կիրառվել է միայն երկու տարածաշրջաններում՝ Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում (ապագաղութացման համատեքստում), բոլոր կողմերի համաձայնությամբ։ Նշենք նաև, որ բովանդակությամբ այն նույնական չէ տարածքային ամբողջականության սկզբունքի հետ։

Ադրբեջանական փաստաթղթերի մեծ մասը վկայակոչում է, որ այդ սկզբունքը կիրառվել է  նաև Հարավսլավիայում տարածքային վեճի լուծման ժամանակ, սակայն դա  ամենևին էլ այդպես չէ։ Բանն այն է, որ Հարավսլավիայում այդ սկզբունքի կիրառման անհրաժեշտության մասին հայտարարել է Հարավսլավիայի հարցով համաժողովի Արբիտրաժային հանձնաժողովը (Բադինտերի հանձնաժողով), բայց միջազգային իրավունքի տեսանկյունից նրա կարծիքն ավելի շատ խորհրդատվական բնույթ էր կրում։ Բադինտերի հանձնաժողովի կազմում միջազգայնագետ- իրավաբաններ չկային։

Եվ հիմա բազմաթիվ փորձագետներ կան (մեծամասամբ՝ անգլիացի), որոնք այդ սկզբունքն առաջ են տանում Արցախում, բայց հաճախ այդ մարդիկ Ադրբեջանն են ներկայացնում միջազգային դատարաններում (օրինակ՝ Մալքոլմ Շոուն)։

Սակայն միջազգայնագետ-իրավաբանների շրջանում այս սկզբունքի կիրառման հակառակորդներն ավելի շատ են։ Եվ Հայաստանը պետք է ավելի խորն ուսումնասիրի հարցը և հնարավորինս արագ պաշտոնական դիրքորոշում ձևավորի ղարաբաղյան հարցում միջազգային իրավական ասպեկտների վերաբերյալ։

Սեցեսիա (անջատում)՝ հանուն փրկության

«Անջատում հանուն փրկության» սկզբունքի հարցը շատ կարևոր է քաղաքական տեսանկյունից։ Դրա հիման վրա Հայաստանը կարող է երկխոսություն վարել միջազգային քաղաքական գործիչների հետ, քանի որ այդ սկզբունքը նրանց համար հասկանալի է և ընդունելի։

Իրավական տեսանկյունից այն հիմնված է նորմերի հիերարխիայի վրա։ Եթե կա ապացույց, որ կոնկրետ պետությունում առկա է խտրական ռեժիմ, իսկ ցեղասպանության արգելքն ու ռասիզմը հրամայական է, ապա սեցեսիան պետք է բացառի հայ բնակչության առկայությունը ադրբեջանական պետությունում։

Սահմանների հարցը Գեղարքունիքում լուրջ խնդիրներ է ստեղծել. ի՞նչ է արձանագրել պաշտպանը

Ի դեպ, կարծիք կա, որ սկզբունքը միջազգային իրավունքի մաս չի դարձել, բայց չէ՞ որ շատ միջազգային նորմեր նույնպես ամրագրված չեն ինչ-որ կոնվենցիաներում կամ փաստաթղթերում, սակայն փաստացի դրանք գործում են։

Միջազգային իրավունքն այդպես չի աշխատում, այն հիմնվում է պետությունների պրակտիկայի վրա։ Անջատման՝ որպես փրկության միջոց դասական օրինակ է Բանգլադեշը։ Հիմա պետությունը ճանաչված է ողջ միջազգային հանրության կողմից։

Նույնը վերաբերում է Կոսովոյին։ Կարելի է խոսել նաև Հարավային Սուդանի մասին, բայց այնտեղ այլ իրավիճակ է՝ ներքին համաձայնություն է եղել

Արցախի հարցով ՀՀ անորոշ դիրքորոշումը 2008 թվականից

2008 թվականից Ադրբեջանի իրավական դիրքորոշումը շատ հստակ էր։ Այն իր դիրքորոշումը շարադրում էր հուշագրերի ձևաչափով, որոնք ուղարկում էր ՄԱԿ: Դրանք հիսուն-հարյուրական էջանոց մանրամասն իրավաբանական փաստաթղթեր էին։ Դրանք նպատակային կերպով փոխանցում էին իրենց ասելիքը։ Հայաստանն այդ մակարդակով գրեթե ոչինչ չէր ձեռնարկում։

Գործնականում դա հանգեցրեց նրան, որ պատերազմի սկսվելու պահին տարբեր երկրներում որոշում կայացնողների, դիվանագետների գլուխներում ադրբեջանական թեզը մանրամասն ձևավորված էր։ 30 տարվա ընթացքում Ադրբեջանը կատարել է իր «տնային աշխատանքը», իսկ հայկական կողմը՝ ոչ։

Միջազգային հանրության կողմից պատերազմն ընկալվում էր որպես «տարածքի վերահսկողության վերականգնում», «ագրեսորի» դեմ պատերազմ և այլն։

Դրա առաջնային մեղավորը Փաշինյանի գլխավորությամբ գործող  ներկայիս իշխանություններն են, բայց միանշանակ՝ ոչ միայն նրանք։ Նախորդ բոլոր իշխանությունները նույնպես ոչինչ չեն արել։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հակասականությունը

Փաստացի մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի առաջնորդը, բացատրելով Սյունիքում հողերի հանձնումը, հղում է անում «միջազգայնորեն ճանաչված սահմաններին»։ Կարելի՞ է արդյոք այդ հայտարարությունը չեղարկել։ Ըստ էության, այո, եթե ապացուցենք հետևյալ երեք կետերից մեկը․

1․ Ճնշման կամ ուժի կիրառման սպառնալիք  գոյություն ուներ, այդ պատճառով էր Փաշինյանը խոսում այդ մասին։

2․ Նիկոլ Փաշինյանն անմեղսունակ է։

3․ Փաշինյանը հանցագործ է կամ դավաճան։

«Ամեն ինչ պրծավ, թուրքերը եկան». Շուռնուխի գյուղապետ

Միջազգային իրավունքի տեսանկյունից միայն այդ երեք «արդարացումները» գոյություն ունեն։ Տեխնիկապես, ամենայն հավանականությամբ, առաջին տարբերակը միանգամայն հնարավոր է ապացուցել։

Ի՞նչ անել

Եթե Հայաստանն այս պահին պաշտպանական ներուժ չունի և ստիպված է նահանջել մինչև խորհրդային սահմանները, ապա իշխանությունները պետք է առնվազն հայտարարեն, որ դրան գնում են միայն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման համար։

Բայց ոչ մի դեպքում Երևանը չպետք է ճանաչի Ադրբեջանի իրավունքը որևէ տարածքի նկատմամբ։ Հետևաբար, սահմանազատման և սահմանագծման աշխատանքները պետք է իրականացվեն ապագայում։

Ըստ թեմայի

Սյունիքի Որոտան ու Շուռնուխ գյուղերում կարող են ցավոտ իրավիճակներ առաջանալ. Փաշինյան
Ադրբեջանցիները պահանջել են մեկ օրում ազատել Շուռնուխ գյուղի կեսը. Գորիսի փոխքաղաքապետ
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհն անվտանգ է. ԱԱԾ
թեգերը:
Արցախ, Սահման, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ