09:54 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
567 0 0

Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է Հայաստանի տարածքում գտնվող երկու հուշարձանների մասին, որոնցից մեկը պահպանվում է Իրանի, մյուսը՝ Թուրքմենստանի դեսպանատան կողմից։

Նախորդ դարի 30-ականներին առաջին անգամ խորհրդային Երևան այցելեց երիտասարդ ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանը։ Մայրաքաղաքում նրա ամենասիրելի անկյուններից մեկը դարձավ Կապույտ մզկիթի բակը, որտեղ նա «պարսկական թեյ» էր խմում տեղացի բարեկամների հետ։

«Մենք գնում էինք Կապույտ մզկիթ` թեյ խմելու: Ղանթարն ապրում էր իր վերջալույսը:

Մեր ճանապարհը կտրեց մի գյուղացի` իր ավանակով:

- Այս էշը ես եմ,-ասաց Սարոյանն իր անգլերենանման հայերենով:

- Ինչու՞,-զարմացա ես:

- Իմ հայրս միշտ ինձի կըսեր՝ երբ մեծանաս, էշ պիտի դառնաս,-եղավ պատասխանը»

Այս պատմությունը Գուրգեն Մահարու «Երևանյան քանդակներ» հուշերից է (1963թ․)։ Այստեղ Մահարին նաև հպարտանում է, որ Երևանի փողոցներում վաղուց արդեն էշեր չեն քայլում, իսկ եթե որևէ քաղաքացի մայրաքաղաքի փողոցներում էշ նկատի, կմտածի՝ կենդանաբանական այգուց է փախել։

Պատահական չէ, որ Սարոյանին հայաստանցի գրողները թեյ խմելու էին հրավիրում հենց Կապույտ մզկիթի բակ։ 20-րդ դարի 20-ականների սկզբից այն հայ մտավորականության առանձնահատուկ հավաքատեղի էր դարձել։ Գուրգեն Մահարին, Ակսել Բակունցը, Եղիշե Չարենցն ու այլ գրողներ և նշանավոր գործիչներ մզկիթի բակը վերածել էին գրական քննարկումների անկյունի, և դրա շնորհիվ փրկեցին մզկիթը։ Հայկական ծագումով իրանցի լրագող Ժորժ Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, որ խորհրդային իշխանությունն արդեն իսկ այն քանդելու հրաման էր ստորագրել։

Голубая мечеть Еревана
© Sputnik / Asatur Yesayants
Երևանի Կապույտ մզկիթը

«Երբ ես հոդված էի գրում Կապույտ մզկիթի մասին, երկար փորփրում էի արխիվները, որտեղ փաստաթուղթ գտա՝ հրաման, որ մզկիթը պետք է քանդվի և դրա տեղում գինու գործարան կառուցվի։ Ավելի վաղ խորհրդային իշխանությունն այդպես էր վարվել նաև Երևանի բերդի հետ. դրա տեղում այսօր էլ կանգնած է Կոնյակի գործարանի շենքը։ Սակայն գրողներն իրենց ակտիվ այցելություններով աշխուժացրին այդ վայրը, և «պարտիան» (Կոմունիստական կուսակցությունը,–խմբ.) որոշեց թողնել մզկիթի շենքը՝ վերածելով այն թանգարանի»,-ասաց Աբրահամյանը։

Քաղաքում ասում են` մզկիթի փրկության գործում նշանակալի դեր է ունեցել հենց Չարենցը։ 2018թ․-ի հունիսին մզկիթում անգամ հատուկ միջոցառում են անցկացրել ի հիշատակ և ի երախտագիտություն Չարենցի՝ մզկիթի փրկության հարցում նրա ներդրման համար։ Սակայն չարենցագետ Դավիթ Գասպարյանը հավատացնում է՝ բանաստեղծը մզկիթի փրկության հետ ուղիղ կապ չուներ, թեև իր անուղղակի ներդրումն ունեցել է։ 

Голубая мечеть, Ереван
© Sputnik / Andranik Ghazaryan
Երևանի կապույտ մզկիթը

«Մզկիթում ոչ մեծ, հարմարավետ բակ կա՝ հսկայական թթենիով, որի տակ թեյ էին խմում Չարենցն ու նրա գրող ընկերները։ Նրանք հաճախ էին այնտեղ լինում և իսկապես կենդանություն են տվել այդ վայրին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գասպարյանը։

Սկզբում Կապույտ մզկիթում տեղակայված էր Երևանի պատմության և բնության թանգարանը, որտեղ հնագիտական, պատմական և մշակութային ցուցանմուշներ էին պահվում, ավելի ուշ՝ պլանետարիում։ Իսկ Հայաստանի անկախության հաստատումից հետո՝ արդեն 1995թ․-ին, իրանական կողմի աջակցությամբ Կապույտ մզկիթը դարձյալ գործող մզկիթ դարձավ։

Այսօր Կապույտ մզկիթը Հայաստանում իրանական համայնքի մշակութային կենտրոնն է։ Սա Երևանի տարածքում գոյություն ունեցած ութ մզկիթներից միակն է, որ պահպանվել է։ Նախախորհրդային ժամանակներում Երևանում 8 մզկիթ էր գործում՝ 2 խոշոր և 6 փոքր։ Խորհրդային տարիներին բոլշևիկների հակակրոնական օրակարգի շրջանակում բոլորը քանդեցին, բացի Կապույտ մզկիթից։ Նույն պատճառով էլ Երևանում քանդեցին Մլեր մատուռը, Սուրբ Պողոս-Պետրոս, Սուրբ Սիմոն եկեղեցիները, ինչպես նաև ուղղափառ Նիկոլսկի տաճարը։

Մահմեդական արտեֆակտը թուրքմեն էմիրների դամբարանն է, որն այսօր պահպանվում է Թուրքմենստանի դեսպանատան կողմից։ Արգավանդ գյուղում՝ Երևանից 8 կմ դեպի հարավ-արևմուտք, գտնվում է 14-րդ դարի դամբարանը՝ արաբերեն գրառումներով։ Դամբարանի կողքին ցուցանակ է` «Կարա-Կոյունլու տոհմի թուրքմեն Էմիրների դամբարան. կառուցվել է էմիր Փիր Հուսեյնի՝ էմիր Սաադի որդու կողմից»։

Խորհրդային տարիներին դամբարանը ոչ միայն չի քանդվել, այլև որպես ճարտարապետական հուշարձան հաշվառվել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր շինարարության և ճարտարապետության գործերով պետական կոմիտեում։ 2012թ․-ի դեկտեմբերին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում դամբարան այցելեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Առաջարկվեց համատեղ ուժերով ռեստավրացիայի ենթարկել հուշարձանը և վերականգնել դրա գմբեթը։ Այդ պայմանավորվածությունների արդյունքում 2015թ․-ին սկսվեց դամբարանի վերակառուցումն ու վերանորոգումը։

Փլուզվել է Կոնդի` չգործող մզկիթի մի հատվածը. տեսանյութ

Ըստ ադրբեջանցի պատմաբանների վարկածի՝ 250 տարի առաջ կառուցված մզկիթն ու 600 տարի առաջ կառուցված դամբարանը ադրբեջանական ծագում ունեն, որքան էլ դա տարօրինակ հնչի։ Եվ այդ հարցում Բաքուն անհամաձայնություններ ունի ոչ միայն Երևանի, այլև Թեհրանի ու Աշխաբադի հետ․ մզկիթը պաշտոնապես փոխանցվել է Իրանի, իսկ դամբարանը՝ Թուրքմենստանի դեսպանատան հոգածությանը։ Հայաստանը, Իրանի հետ համագործակցելով, արդեն հայտ է նախապատրաստել Կապույտ մզկիթը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։ Ի դեպ՝ մզկիթն Իրանին է փոխանցվել 99 տարի ժամկետով` որպես մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով։

Բաքուն ՅՈւՆԵՍԿՕ-ին չի ենթարկվում․ ինչ պետք է անել Արցախի ժառանգությունը պահպանելու համար

Ըստ թեմայի

Երևանը պատասխանել է Շուշիում գտնվող մզկիթը «յուրացնելու»` Բաքվի մեղադրանքներին
Եթե գնաք Շուշի, կտեսնեք վերականգնված հոյակերտ մզկիթ. Փաշինյանը հակադարձել է մեղադրանքներին
Սուրբ Սոֆիայի մզկիթ դառնալը կբարդացնի շատերի կյանքը. Կարո Փայլան
թեգերը:
Հայաստան, Երևան, Կապույտ մզկիթ

Գլխավոր թեմաներ