05:56 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
212920

Պատերազմի հետևանքով տունն ու ամբողջ ունեցվածքը կորցրած հադրութցի ընտանիքը փորձում է ամեն ինչ զրոյից սկսել։ Հիմա 5-հոգանոց ընտանիքի միակ աշխատողը երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող 20-ամյա Մարիամն է։

Չորս ամիս առաջ, եթե Մարիամին հարցնեիք՝ ո՞րն է քո ամենամեծ երազանքը, առանց մտածելու կասեր՝ մոդել դառնալ, ամսագրերի շապիկներին լինել։ Այսօր արդեն 20-ամյա աղջկա ամենամեծ երազանքը տուն ունենալն է, ապրուստը սեփական քրտինքով վաստակելը։ Պատերազմը խլեց Հադրութի իրենց 2 տունը, ամբողջ ունեցվածքն ու թողեց միայն հիշողություններ։

Семья из Гадрута (6 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մարիամը ծնողների ու եղբոր հետ

Հիմա երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող Մարիամը ծնողների, կրտսեր քույրիկի ու եղբոր հետ ապրում է Առինջ գյուղում վարձակալած փոքրիկ տանը։ Երևի հազիվ մի 8-10 քառակուսի մետր մակերեսով հյուրասենյակը միևնույն ժամանակ ննջասենյակ է ու Մարիամի համար կարի արհեստանոց։ Տունը փոքր է, բայց դժոխքի միջով անցած ընտանիքի սիրտը՝ մեծ։

Մարիամը րոպեների ընթացքում ընկերանում է ժեստերին լեզվին տիրապետող մեր լուսանկարչի հետ, նստում կարի մեքենայի առջև ու գործի անցնում։ Լուսանկարվել սիրում է, առավել ևս, երբ ֆոտոխցիկի հետևում կանգնած տղան իրեն հասկանում է։ Օգտվելով առիթից՝ ես էլ առանձնանում եմ մայրիկի՝ Էռնայի հետ մի 2 ոտնաչափ տարածք զբաղեցնող խոհանոցում։

Նախքան պատերազմը

Сувениры, изготовленные Мариам (6 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մարիամի պատրաստած հուշանվերները

Ապրել են համեստ կյանքով, սեփական քրտինքով ստեղծել ամեն ինչ, հետո մի օրում կորցրել ամեն ինչ։ Սա այս ընտանիքի կյանքի համառոտ պատմությունն է, որը նման է հազարավոր մյուս փախստական դարձած արցախցիների պատմությանը։ Էռնան զինվորական է եղել, ծառայում էր Պաշտպանության բանակում։ Հայրը՝ Արմոն, դերձակ է, Հադրութում փոքրիկ կրպակ ուներ, կարում էր կանացի, տղամարդու ցանկացած հագուստ։ Վարկով ու ապառիկով ձեռք էին բերել տուն, կահույք, անհրաժեշտ տեխնիկա և այլն։ Էռնան շեշտում է՝ երբեք չի նեղվել վարկի ու ապառիկի համար․ աշխատել են, ստեղծել։ Իսկ հիմա պարտքով վերցրած կահույքը թշնամու ձեռքում է, բայց պարտքը՝ իր անվան դիմաց գրված, վաղվա օրն էլ՝ մշուշոտ։ 5 հոգանոց ընտանիքի միակ աշխատողն այսօր Մարիամն է։

Մարիամը

Մարիամը կորցրել է լսողության 88 տոկոսը, երբ դեռ նորածին էր։ 8 ամսականում սխալ դեղամիջոցի ներարկումը զրկեց փոքրիկին աշխարհի ձայները լսելու կարողությունից։ Մայրը պատմում է՝ երբ նա դեռ չէր տիրապետում ժեստերի լեզվին, չէր կարողանում հասկանալ դիմացինին ու իր ասելիքն էլ նրան հասցնել՝ ագրեսիվ էր։ Օրերից մի օր էլ հենց ինքը՝ Մարիամը, ծնողներին առաջարկեց իրեն ուղարկել Երևան՝ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում սովորելու։

«Սկզբում նեղսրտեցի, ասացի՝ ախր կկարոտեմ քեզ, Մարիամ ջան, ինչքան էլ հաճախ քեզ տեսակցության գանք, բայց Հադրութը հեռու է։ Ինքն էլ ասաց՝ ոչինչ, կարևորը խելացի կլինեմ»,- հիշում է Էռնան։

Полотенца, сшитые Мариам, на ее рабочем столе (6 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Խոհանոցային սրբիչներ

Նորքի հատուկ գիշերօթիկ դպրոցն իսկապես փոխեց Մարիամին, նրան ավելի ինքնավստահ ու ինքնուրույն դարձրեց։ Երբ ծնողները տանը չէին, Մարիամը հոգ էր տանում փոքրերի մասին, կերակուր եփում, տան գործերն անում։ Հաճախում էր տարբեր խմբակներ, սովորում գոբելենագործություն, ասեղնագործություն, կարուձև, նաև՝ պար։ Երաժշտությունը միայն լսելու համար չէ․ այն զգալ է պետք, իսկ դա Մարիամի մոտ շատ լավ է ստացվում։

Պատերազմը

ՊԲ ենթասպա Էռնա Միրզախանյանը ծառայության մեջ էր, ամուսինը՝ Արմո Մոսիյանը, առաջնագծում՝ կամավորականների շարքերում։ Հադրութում մնալն անհնար էր․ երեխաներին սկզբում տեղափոխեցին Ստեփանակերտ, իսկ օրեր անց, տեսնելով, որ իրավիճակն ավելի է սրվում, որոշեցին Հայաստան ուղարկել՝ Արմոյի ազգականների մոտ։ Ազգականները հրաժարվեցին հյուրընկալել երեխաներին՝ պատճառաբանելով, թե կորոնավիրուսով հիվանդ են։

Мать семейства Эрна Мирзаханян (6 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Էռնա Միրզախանյանը

Անօթևան մնացած երեխաներին հյուրընկալեցին անծանոթ մարդիկ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում․ հյուրընկալները բարի մարդիկ էին, բայց սոցիալապես՝ անապահով, մնալու հնարավորություններ չկային, տունը՝ փոքր, ցուրտ, բնակիչները՝ շատ։

Պատերազմի ավարտից մի քանի օր առաջ Էռնան ստիպված էր աշխատանքից ազատման դիմում գրել ու գալ Հայաստան՝ երեխաների մոտ։ Նրանք տեղափոխվում են Նոր Երզնկա գյուղ ու կրկին՝ մորն ու երեք երեխաներին շուրջ 2 ամսով հյուրընկալում են անծանոթ մարդիկ։ Այս ընտանիքի մասին խոսելիս Էռնայի աչքերը փայլում են ու արցունքով լցվում։

Мариам за работой по пошиву полотенец (6 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մարիամն աշխատանքի պահին

«Աղուն տատին, ձյաձ Կամոն, նենց են մեզ ընդունել, ոնց որ հարազատ աղջկա, հարազատ թոռների․․․ Ինչ տեսնում եք էստեղ, Աղուն տատին է տվել՝ ափսե, պատառաքաղ, սնունդ, իրենց տանն ինչ կա, բաժին է հանել, ինձ օժիտ է տվել»,- խոհանոցի համեստ կահկարասին ցույց տալով՝ պատմում է Էռնան։  

Պատերազմի ավարտից հետո ընտանիքով մի քանի օրով գնացին Արցախ՝ փորձելով հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան այնտեղ մնալու։ Ստեփանակերտ տանող ճանապարհը սարսափեցրել է հատկապես Մարիամին․ երբեք թշնամուն այդքան մոտ չէր տեսել, երբեք չէր պատկերացրել, որ իր հայրենի հողում թշնամու դրոշը կծածանվի․․․ Մի կողմից վախը, մյուս կողմից էլ՝ մնալու ահնարինությունը ստիպեցին ընտանիքին հետ գալ Հայաստան՝ հույսով, որ ժամանակավոր են դա անում, ու մի հրաշքով Հադրութն էլի հայկական կդառնա։

Հիմա ապրում են Առինջ գյուղում վարձակալած տանը։ Ասում են՝ տանտերը բարի մարդ է, անգամ սկսել է նկուղային հատվածը կարգի բերել, որ Մարիամն այնտեղ իր փոքրիկ արհեստանոցը հիմնի, որովհետև տանը նեղվածք է․․․

Իսկապես զրոյից

Ամեն ինչ կորցրած ընտանիքի համար կյանքն այստեղ մեծ դժվարություններով է սկսվել։ Դեռ Նոր Երզնկայում Մարիամը հուշանվերներ էր պատրաստում, վաճառում Facebook-ի իր էջի միջոցով։ Վիճակն այնքան էր ծանրացել, որ Մարիամն անգամ Facebook-ի իր էջում հայտարարություն գրեց՝ դիմելով բարեգործներին օգնության խնդրանքով։

Полученные Мариам сертификаты и дипломы (6 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մարիամի ձեռքբերումները

Ընտանիքին այցելության եկած մի աղջիկ փոքրիկ գումար նվիրեց Մարիամին։ Նա էլ որոշեց գումարն իբրև ներդրում օգտագործել. Գործվածք գնեցին, ու Մարիամը սկսեց խոհանոցային սրբիչներ կարել ու վաճառել 500 դրամով։ Վաճառքից գոյացած գումարը Մարիամը կրկին ներդնում է հումք գնելու համար։ Հայրը ձևում է, ինքը կարում․ եթե պետք է՝ անգամ մինչև ուշ գիշեր կարի մեքենայի մոտից վեր չի կենում։ Ասում է՝ մեկ ձեռագիր պետք է լինի։ Արդեն մի քանի հարյուր սրբիչ վաճառել է, նաև՝ անկողնային պարագաների պատվեր ստացել։ Թիվը մեծ չէ, բայց աղջիկը ոգևորված է։ Բացի այդ Մարիամի մասին իմանալով՝ «Ատեքս» նորաձևության տան տնօրենը հրավիրել է իրենց կենտրոն՝ սովորելու։ Այնպես որ, Մարիամը հագեցած առօրյայով է ապրում՝ սովորում է, նոր հմտություններ ձեռքբերում, տուն մտնելուն պես կարի մեքենայի առջև նստում։

Երազանքներ

Էռնան շատ է ցանկանում, որ Մարիամը լսողության լավ սարք ունենա։ Այն, ինչ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է տրամադրում, չի օգտագործվում, որովհետև, ինչպես Մարիամն է բացատրում, խշշում է, աղմուկը շատ է։ Սարքով ավելի վատ է, քան առանց դրա։ Լսողության լավ սարքերը բավականին թանկ արժեն։

Семья из Гадрута (6 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մարիամը ծնողների ու եղբոր հետ

Այս պահին առանց այն էլ սոցիալական շատ խնդիրներ ունեցող ընտանիքի համար սա երազանք է։ Էռնան առաջարկում է Մարիամին իր վաճառած սպիտակեղենից գոյացած գումարը հավաքել իր համար լավ սարք գնելու համար։ Բայց Մարիամը հիմա այլ նպատակ ունի․ մեծացնել արտադրությունը։ Դրա համար առաջին հերթին հույս ունի, որ պատվիրատուների թիվը կավելանա։ Դա հնարավորություն կտա ավելացնելու տեսականին և ամեն գնումը նոր ներդրում դարձնել։

Բոլոր փորձություններն ու ապրած դառնությունն այս ընտանիքին չեն կոտրել։ Պատրաստ են սկսել զրոյից, միայն թե աշխատելու, օրվա ապրուստը վաստակելու, օրերից մի օր էլ՝ սեփական տունն ունենալու հնարավորություն լինի։

ՀԳ.-  Ի դեպ, Մարիամի մայրիկի հեռախոսահամարն է 055182566, նրանց համար, ովքեր կցանկանան պատվերներ տալ կամ պարզապես աջակցել հադրութցի մեր հայրենակիցներին։

Ըստ թեմայի

Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը
Տաք ոտքերով, սառը գլխով․ ինչպես մայրական օրհնանքները գուլպայի միջոցով սահման հասան
«Ռումբն ընկավ, թևերս հետ թռան...». Վարոյի տեսած իրական պատերազմն ու թևավոր երջանկությունը
թեգերը:
Հայաստան, Փախստական, Հադրութ, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ