07:10 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (325)
26230

Եկեք անկեղծ լինենք։ Այսօր առիթ կա խոսելու գրականության մասին, որովհետև երեկ, կիրակի օրը՝ փետրվարի 14-ին, Գիրք նվիրելու օրն էր։

Մենք՝ հայերս, ավելի շուտ գիրք գրող ենք, քան գիրք կարդացող

​Շատ լավ պատկերացնում եմ, թե ինչպես են հիմա ունկնդիրներն ու ընթերցողները հեգնական ժպիտով ասում. «Ո՞վ է այս անգրագետը, որը տարրական բաներ չգիտի և տեղյակ էլ չի, որ Գիրք նվիրելու օրը ամսի 19-ին է՝ մեծն Թումանյանի ծննդյան օրը»։ Բոլոր հեգնողներին պարզապես ուզում եմ պատասխանել հենց մեծն Թումանյանի դիպուկ խոսքով. «Աշխարքում հաստատ մի բան կա մենակ, այն է, որ հաստատ ոչ մի բան չկա»։

Խորհուրդ եմ տալիս՝ միշտ հիշե′ք հանճարեղ գրողի այս խոսքերը՝ ձեր ժպիտին հեգնական ու արհամարհական արտահայտություն հաղորդելուց առաջ։ Հետո բացեք համացանցային հանրագիտարանը՝ Վիքիպեդիան, և զարմանքով կհայտնաբերեք, որ ողջ աշխարհը հենց փետրվարի 14-ին է նշում գիրք նվիրելու միջազգային օրը։ Մենք նաև փետրվարի 19-ին ենք նշո՞ւմ, ավելի լավ՝ երկու գիրք նվեր կստանաք։

​Ճիշտ է, գիրք նվիրելու օրերին երբեմն նաև բավական տխուր մտորումներ են մեզ այցելում։ Տարիներ առաջ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող իմ հեղինակային հաղորդման հյուրն էր Հայաստանի գրողների միության այն ժամանակվա ղեկավար Լևոն Անանյանը, որը նախանձով փաստում էր. «Մոսկվայի մետրոն ես նստում՝ բոլորը բաց գրքերով են, բոլորը կարդում են։ Հիմա գնանք մեր մետրոն նստենք՝ գիրք կարդացող գեթ մի ուղևորի չեք հանդիպի»։ Տակից մի կերպ դուրս գալու համար կատակեցի. «Պարո′ն Անանյան, դա հաստատ մետրոյի երկարությունից է։ Մոսկվայի մետրոն ունի մոտ 250 կայարան, մինչև քաղաքի մի ծայրից մյուսն ես հասնում, երևի կարող ես Ջեյմս Ջոյսի «Ուլիս»-ն էլ ավարտել։ Իսկ մեր մետրոն ամենևին հարմարեցված չի նույնիսկ բարալիկ գիրք կարդալու համար՝ ընդամենը 10 կայարան»։

​Սա, իհարկե, կատակ էր, բայց հո չե՞ք վիճի, որ մեզ մոտ, Հայաստանում, բնակչությունն իրոք այնքան էլ մեծ հաճույքով չի գիրք կարդում, ավելի շատ սիրում են գրել։ Վերցրեք մեր ղեկավարներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը գրքեր գրում է, կարող եմ հավաստել, որովհետև այդ գրքերից առնվազն մեկը՝ խաչակիրների մասին, մեծ հետաքրքրությամբ կարդացել եմ։

Երկրորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, էլի գիրք գրել է։ Այ, Սերժ Սարգսյանը չի գրել, երևի պատրաստվում էր վարչապետության տարիներին գրել, բայց մենք շատ շուտ մերժեցինք նրան ու չթողեցինք, որ գրի։ Այժմվա մեր ղեկավարն էլ գիրք է գրել, և մեկ-մեկ ես մտածում եմ՝ միգուցե մեր մեջ իսլանդական արյուն կա։ Գիտե՞ք չէ՝ Իսլանդիայում ամեն տասներորդ բնակիչ գիրք ունի հրատարակած։ Բա հո իզո՞ւր չէր, որ Թավշյա հեղափոխության ժամանակ մենք վանկարկում էինք իսլանդական հանրահայտ «Դը′մփ դը′մփ, հո′ւ»-ն։

​Առաջ ասում էին՝ դե Երևանում գրախանութ չի մնացել, դրա համար էլ կորել է ընթերցանության սերը։ Հիմա դա էլ չենք կարող ասել։ Գնացեք Աբովյան փողոց. ընդամենը մի քանի հարյուր մետր տարածության վրա երեք մեծ գրախանութ՝ «ԱրթԲրիջ», «Զանգակ» և «Նոյյան տապան»։

Երևանի գիրք–տնակներն ապամոնտաժվել են. լուսանկարներ

Փո՞ղ չկա գիրք գնելու համար, կամ ափսոսո՞ւմ ենք գրքի վրա փող ծախսել։ Դե դա հավերժ պրոբլեմ է։ Դեռ ավելի քան 100 տարի առաջ նույն Հովհաննես Թումանյանը շատ ճիշտ բան էր ասում. «Հայը սովորաբար ցավում է փողը ծախսելիս, բայց գրքի համար փող ծախսելը ուղղակի չի հասկանում, մանավանդ, երբ գրքի գինն էլ մի ռուբլուց ավելի է»,- փաստում էր պոետը։

Բայց կներեք էլի, ախր իրոք թանկ են։ Այն օրը ուզում էի գնել Հարուկի Մուրակամիի երկհատորյակը, հարցրի՝ ի՞նչ արժե։ Ու երբ լսեցի՝ 10 հազար դրամ, միանգամից փոխվեց վերաբերմունքս ճապոնացու նկատմամբ։ Տո լա′վ, մի առանձնապես հանճարեղ բան չի գրում, որ չկարդամ էլ, ոչինչ չեմ կորցնի։ Լրիվ մոռացել էի իմ սիրելի գրողներից մեկի՝ գրքերն այրելու մասին հոյակապ ստեղծագործության հեղինակ Ռեյ Բրեդբերիի ասածը. «Կա ավելի ծանր հանցագործություն, քան գիրք այրելը։ Դա գիրք չկարդալն է»։

 

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (325)

Ըստ թեմայի

Գրախանութներից ամենից հաճախ գողանում են Աստվածաշունչը, որում գրված է՝ մի գողացիր
ԱՄՆ–ում սպանել են «Նոյյան տապան» գրախանութի սեփականատիրոջը. ԶԼՄ
Հայ երեխաները հայկական սուպերհերոս կունենան. «Վիշապն» արդեն գրախանութներում է

Գլխավոր թեմաներ