08:34 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (322)
34340

​Եկեք անկեղծ լինենք։ Մինչև այժմ չեն դադարում թեժ վեճերն այն հարցի շուրջ, թե քանի մարդ կար Ազատության հրապարակի շաբաթօրյա հանրահավաքին։

Առաձգական հանրահավաքների գաղտնիքը մնում է չբացահայտված

Տարիներ առաջ համալսարանում նյութ էի պատրաստում Ուիլյամ Շեքսպիրի մասին, լիքը հեղինակներ կարդացի, որոնց գրածից, հիմա, իհարկե, բացարձակ ոչինչ չի մնացել մտքումս, բայց մինչև այժմ հրաշալի հիշում եմ, որ  մեկը կեսկատակ գրել էր. «Այնքան կարևոր չէ Շեքսպիրը, որքան նրա ստեղծագործությունների մեկնաբանությունները»։ Եվ այն ժամանակներից ի վեր մեր ամեն հանրահավաքից հետո փաստում եմ. «Այնքան կարևոր չէ ինքը՝ հանրահավաքը, որքան հավերժական վեճն այն մասին, թե քանի մարդ կար հանրահավաքում»։ 

​Ոչ մի մտադրություն չունեմ անդրադառնալու այս վերջին հանրահավաքին, որովհետև մասնակիցների այս կամ այն թվի ջատագովները պատրաստ են ուղղակի հում-հում ուտել ցանկացածին, ով իրենց հետ համաձայն չէ։ Սա հո նոր երևույթ չէ։ Պարզապես հիշեցնեմ, թե ինչ էր գրում մամուլը մոտ 10 տարի առաջ տեղի ունեցած հանրահավաքներից մեկի մասին։ Չեմ էլ հիշեցնի, թե որ ուժի կազմակերպած հանրահավաքն էր։ Պարզապես երկու մեջբերում տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող երկու լրատվամիջոցից։ Առաջին մեջբերումը. «Այս հանրահավաքը նախորդ բոլոր հանրահավաքներից շատ ավելի մարդաշատ էր»։ Մեջբերում երկրորդ. «Հանրահավաքների ալիքը գնալով մարում է՝ դրա վառ ապացույցն էր այս վերջին հանրահավաքը»։ Նկատեք՝ նույն հանրահավաքի մասին են գրել։

​Երևի կհամաձայնեք, որ «հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում արդեն վաղուց, շատ վաղուց դարձել է համազգային նշանակության հարց։ Բայց, ինչպես հանրահայտ երգում է ասվում՝ մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք։ Հիմա այդ պնդումն ապացուցող օրինակ կբերեմ։ Կարո՞ղ եք գուշակել, թե որ երկրից է այդ օրինակը։ Այո՛, շատ ճիշտ եք՝ աշխարհի ամենահզոր պետությունից՝ Ամերիկայից։ 11 տարի առաջ ամռանը Վաշինգտոնում, Լինքոլնի հուշահամալիրի մոտ կայացավ Մարտին Լյութեր Քինգի հիշատակին նվիրված հանրահավաքը։ 1 միլիոն մարդ՝ պնդեց հանրահավաքում ելույթ ունեցած կոնգրեսական Միշել Բեքմանը։

Ինչպես անցան ընդդիմության հանրահավաքն ու անհնազանդության ակցիան Երևանում. տեսանյութ

Մինչև 500 հազար մարդ՝սա հանրահավաքի կազմակերպիչ Գլեն Բեքի գնահատականն էր։ 300 հազար մարդ՝ հեռուստակայաններից մեկին հայտնեց տեղի պաշտոնյան։ Եվ վերջապես AirPhotos Live.com ընկերությունը, որը վերևից նկարված լուսանկարներ է տեղադրում համացանցում, շատ կոնկրետ թիվ հրապարակեց՝ 87 հազար մարդ։ Դե արի ու բան հասկացիր՝ 1 միլիոնը ուր, 87 հազարը ուր։

​Ի դեպ, շատ տարիներ առաջ Ազատության հրապարակի, այսպես ասենք, «տարողունակության» մասին խոսել է Սերժ Սարգսյանը, որն այն ժամանակ գլխավորում էր Ազգային անվտանգության և ներքին գործերի միավորված նախարարությունը։ Ստույգ ձևակերպումները հիմա արդեն չեմ հիշում, բայց նախարարի միտքը մոտավորապես սա էր՝ բավական է խոսեք 1988-89 թվականների միլիոնանոց հանրահավաքների մասին։ Օպերայի հրապարակը նույնիսկ ամենալավատեսական հաշվարկներով չի կարող տեղավորել 40 հազար մարդուց ավելի։ Դա ապացուցված է մեր նախարարության աշխատակիցների արված մաթեմատիկական հաշվարկներով։

Իրականում  համոզված եմ, որ այդ հայաստանյան հաշվարկները հիմնված էին ավելի քան կես դար առաջ մշակված, այսպես կոչված՝ «Ամբոխի չափման Ջեկոբսի բանաձևի» վրա, որի առանցքում հետևյալ հարցն է՝ քանի մարդ կարող է տեղավորվել այսքան տարածքի, օրինակ, մեկ քառակուսի մետրի վրա։ Մնացածը հեշտ է՝ պարզապես հաշվում եք, թե քանի քառակուսի մետր է զբաղեցնում Ազատության հրապարակը։

Ոմանք նաև այսպիսի բավական պարզունակ մեթոդ են առաջարկում։ Վերցրեք ամերիկացի նախագահներից որևէ մեկի ինաուգուրացիայի լուսանկարը։ Այդ արարողությունները ամենահարմարն են երկու պատճառով՝ նախ, ինաուգուրացիան սովորաբար բացօթյա է լինում, բայց ամենակարևորը՝ ստույգ հայտնի է, թե քանի մարդ է մասնակցում, որովհետև տոմսերով է։ Հետո էլ տվյալ հանրահավաքի լուսանկարը համեմատում եք ինաուգուրացիայի պաշտոնական լուսանկարի հետ։ Հավաստի չէ՞։

«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»

Լիովին համաձայն եմ, բայց նաև համոզված եմ, որ շատ շուտով կստեղծվի ճշգրիտ գործիք, որը տեսնելով հանրահավաքի համայնապատկերը, միանգամից իր էկրանին ցույց կտա մարդկանց թիվը։ Թեև, բավական լավ իմանալով մեր ժողովրդին, կանխատեսում եմ նաև, որ կգտնվեն հազարավոր հայաստանցիներ, որոնք ինչպես առաջ էին 5-կոպեկանոց դնում իրենց տան էլեկտրական հաշվիչի մեջ, հիմա էլ կասեն՝ տո սրանք էլ են կոպեկանոց դրել սարքի մեջ, որպեսզի ստանան իրենց ուզած արդյունքը։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (322)

Ըստ թեմայի

Կա ավելի ծանր հանցագործություն, քան գիրք այրելը, կամ ե՞րբ է գիրք նվիրելու «իսկական» օրը
Կատալոնիա. անկախության կողմնակիցները հաղթեցին, բայց չգիտեն ինչ անել իրենց հաղթանակի հետ
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
թեգերը:
ԱՄՆ, Ազատության հրապարակ, Իշխանություն, ընդդիմություն, Հայաստան, հանրահավաք

Գլխավոր թեմաներ