13:30 16 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (373)
76930

​Եկեք անկեղծ լինենք։ «Դոնալդ Թրամփի պաշտոնավարման տարիները ստի համատարած գերակայության վառ օրինակ են։ Ինչպե՞ս կարող էր Միացյալ նահանգների բնակչության կեսը ծափահարել այդ պաթոլոգիկ սուտասանին»։

Ստախոսը երբեք հաջողություն չէր ունենա, եթե մենք հակված չլինեինք հավատալ իր ստերին

Միանգամից զգուշացնեմ, որ սա ես չեմ ասել, այլ ֆրանսիացի հայտնի մասնագետներից մեկը՝ Պատրիկ Քլերվուան, որը հոգեբանություն է դասավանդում Փարիզի Վալ դր Գրաս ռազմական հաստատությունում և գիրք է հրատարակել, որի վերնագիրն է «Ճշմարտությո՞ւն, թե՞ սուտ»։ Շվեյցարական թերթերից մեկին օրերս տված հարցազրույցում նա մանրամասնում է. «Հենց ինաուգուրացիայի օրվանից Թրամփը պնդում էր, թե արարողությանը ներկա ամերիկացիների թիվը պարզապես աննախադեպ էր։ Սակայն վերևից արված լուսանկարներն ապացուցում են, որ դա ամենևին այդպես չէր։ «Լա՛վ, ինչպե՞ս կարող էր նման անհեթեթ սուտը համոզել մարդկանց»,- հարց է տալիս գրքի հեղինակը եւ պատասխանում. «Թրամփիզմը ցույց տվեց, թե որքան խոցելի ենք մենք ստի առջև, երբ այն զանգվածային, կոլեկտիվ բնույթ է ստանում»։

​Համաձայնեք, այս ամենը մենք՝ հայաստանցիներս էլ ենք տեսել, երբ քաղաքական գործիչը կարող է հիմնավորել սեփական ճշմարտացիությունը բավական տարօրինակ փաստարկով. «Տեսեք, թե քանի՜ մարդ է հավաքվել այստեղ, այս հրապարակում», մյուս կողմից էլ հավաքվածները իրոք հսկայական ոգևորությամբ են ընդունում գործչի յուրաքանչյուր նախադասությունը՝ անվերապահորեն դեն նետելով բոլոր կասկածները՝ իսկ արդյոք ճի՞շտ է ասում։ Ավելին, նրանք պատրաստ են, ինչպես ասում են, հում-հում ուտել յուրաքանչյուրին, ով կհանդգնի նման կասկած հայտնել։

Ախր քաղաքական վերնախավից են օրինակ վերցնում։ Խոստովանեք՝ քանի-քանի՜ անգամ եք տարբեր ամբիոններից լսել խրոխտ, նույնիսկ սպառնալից զգուշացումը. «Եվ թող որեւէ մեկի մտքով անգամ չանցնի», կամ «Եվ թող որևէ մեկը չհամարձակվի կասկածի տակ առնել»։ Ընդ որում, սա ասվում է այնպիսի տոնով, որ ակամայից ուզում ես հնարավորինս արագ ազատվել բոլոր վտանգավոր մտքերից ու կասկածներից, քանի դեռ չեն տարել «Նուբարաշեն»։

Չգիտեմ ում ընտրել, բայց հաստատ գիտեմ՝ ում չպետք է ընտրել

​Այնուամենայնիվ, ինչո՞ւ են մարդիկ նախընտրում սուտը։ Ամերիկացի ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Փոլ Էքմանը, իր «Ստի հոգեբանությունը» գրքում փաստում է. «Ախր մարդիկ հրաշալի հասկանում են, որ ստախոսն իրենց խաբում է, բայց կա մի նրբություն՝ եթե սուտասանը ձեր հակակրանքն է առաջացնում, դուք առանց վարանելու նրան ստախոս կանվանեք, բայց երբեք նման բան չեք անի այն դեպքում, եթե ակնհայտ ստախոսը ձեզ դուր է գալիս, ավելին՝ առաջացնում է ձեր հիացմունքը»,- նկատում է ամերիկացի մասնագետը։ Այլ փորձագետներ զարգացնում են այս միտքը՝ արձանագրելով, որ ստախոսի նկատմամբ հիացմունքով տոգորված մարդիկ խմբեր են կազմում, նույնականացնում են միմյանց իրար հետ, վերջապես պարզապես «սիրում են միմյանց»։ Համաձայնե՛ք,սրանում համոզվելու համար հեռուն գնալ պետք չի. բացեք Ֆեյսբուքը, բայց, ի սեր Աստծո, հանկարծ չփորձեք վիճել նման խմբի անդամների հետ։ Հավատացե՛ք ինձ. ոչ թե վատ, այլ շա՜տ վատ հետևանքներ է ունենալու ձեզ համար։

​Ի դեպ, հավատալու մասին։ Նույն ֆրանսիացի մասնագետ Պատրիկ Քլերվուան շատ հետաքրքիր օրինակ է բերում. կկվի օրինակը։ Չնայած հայտնի ստեղծագործության հայտնի աղվեսը բավական բացասական որակում է տալիս կկվին՝ անվանելով նրան հիմար, բայց իրականում կկուն հոգեբանական շատ խորը գիտելիքներ ունի, դրա համար էլ ձվեր է դնում այլ թռչունների բներում։ Հրաշալի գիտեք, թե ինչ է լինում հետո՝ կկվի խոշոր ձագը մնացած բոլորին բնից դուրս է գցում՝ շատ լավ իմանալով, որ նրանց մայրը ոչ միայն նույն ձևով չի վարվի իր հետ, այլև հակառակը՝ կսկսի խնամել ու կերակրել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դյուրահավատ է, անվերապահորեն հավատում է, որ դա իր ձագն է։ «Էստեղից՝ հետեւություն, -ասում է ֆրանսիացի մասնագետը, -սուտասանը երբեք չէր բարգավաճի ու ծաղկի, եթե այդքան շատ չլինեին դյուրահավատ մարդիկ»։

Ի՞նչն է ստիպում մարդուն հրապարակայնորեն կարծիք հայտնել, կամ ամենամեծ վտանգի աղբյուրը

Համաձայնե՛ք, լիովին ճիշտ է մասնագետը, ավելին, քանզի որոշ մարդկանց պարզապես անհնար է համոզել, որ այս կամ այն գործիչը, կներեք, հասարակ սուտասան է, նրանք, միևնույն է՝ առաջիկա ընտրություններում անպայման քվեարկելու են այն գործչի օգտին, որը հիացրել ու գերել է իրենց։ Եվ քանի դեռ դյուրահավատ մարդկանց պակաս չկա, կկուն մեծ հավանականությամբ կընտրվի ու կընտրվի։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (373)

Ըստ թեմայի

Եկեք ուտենք գագարինավարի. աշխարհի առաջին տիեզերագնացը գերել էր թագուհի Եղիսաբեթ 2-րդին
Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, սուտասան, սուտ, Հայաստան, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ