11:15 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05

Ընդդիմության նվերը, կամ ինչպե՞ս կընթանա Փաշինյան-Քոչարյան «շախմատային պարտիան»

Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
52910

Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն ընտրական գործընթացների նախաշեմին արդեն պարզ են։ Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է երկրում ուժերի դասավորվածությունը, ինչպես նաև իշխանության և ընդդիմության նախընտրական մարտավարությունը։

Ընդդիմությունը տանուլ տվեց պայքարի հերթական փուլը, երբ Հայաստանի վարչապետը հայտարարեց արտահերթ ընտրությունների անցկացման մասին ու ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները համաձայնեցին նրա հետ:

Դրանից հետո բողոքի ալիքը, որն առանց այդ էլ առանձնապես հզոր չէր, վերջնականապես խեղդվեց։ Երևանում բոլոր հանրահավաքներն ու երթերը գրեթե դադարեցին (բացառություն էր ապրիլի 7-ին կանանց բողոքի փոքր ակցիան), Բաղրամյան պողոտան բացեցին, վրանները հանեցին, ընդդիմադիր շարժումը, որն ի սկզբանե համախմբվածությամբ աչքի չէր ընկնում, սկսեց աչքի առաջ քայքայվել։

«Այսօրվաններին» կարող են հաղթել միայն «վաղվաննե՞րը»

Արտահերթ ընտրությունների հետ կապված մարտահրավերն առաջիններից ընդունեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախկին նախագահը դեռ հունվարին հայտարարել էր ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, եթե դրանք, իհարկե, կազմակերպվեն։

Անշուշտ, Քոչարյանը գործող վարչապետի գլխավոր ընդդիմախոսներից է։ Նախկին նախագահն արդեն հայտնել է, որ ընտրությունների կգնա՝ գլխավորելով դաշինքը։ Հայկական մամուլում տեղեկություններ են հրապարակվում, որ Քոչարյանը նախընտրական ցուցակ է կազմում, ներառելով այնտեղ «հեղինակավոր բարձր կարգավիճակ ունեցող մարդկանց»։ Նշվում են ինչպես նախկին բարձրաստիճան զինվորականների (ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրով, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան), այնպես էլ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող քաղաքական գործիչների անունները: Մասնավորապես, որպես առաջին կին թեկնածու, ցուցակում հիշատակվում է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի անունը։

Ինչպես ասում են՝ «հին ձին ակոսները չի փչացնի». հասկանալի է, որ իրական կառավարման փորձ ունեցող քաղաքական գործիչները կարող են օգնել երկրի վերականգնմանը։ Եվ հենց Քոչարյանի անձը, որն արտաքին ճակատում աչքի է ընկել որպես կամային քաղաքական գործիչ, շատերի համար է հիմա համակրելի։

Սակայն բացի փորձառու մարդկանցից, երկրին պետք են նոր դեմքեր, որոնք չեն ասոցացվում նախկին իշխանության հետ (պայմանականորեն անվանենք նրանց ոչ թե «նախկին», այլ «երեկվա»)։ Իհարկե, մենք չենք սովորեցնում փորձառու քաղաքական գործիչներին, թե ինչպես է պետք թիմ ձևավորել, այնուամենայնիվ, թույլ կտանք մեզ մեկ դիտարկում. մեր կարծիքով՝ «այսօրվաններին» կարելի է հաղթել ոչ թե «երեկվանների», այլ «վաղվանների» միջոցով։ Այո, պատրաստվելու ժամանակ գրեթե չկա, սակայն հեռատես ընդդիմադիր առաջնորդի գլխավոր խնդիրը պետք է լինի ոչ այնքան «կարգավիճակի», որքան որակապես նոր թիմի ստեղծումը, որտեղ կընդգրկվեն մասնագետներ, որոնք մինչ օրս, հնարավոր է, ստվերում են մնացել։ Ժամանակն է նրանց առաջ քաշելու և առաջ տանելու։

Ընդդիմության տեղապտույտը, կամ ինչ է թաքնված Շուշիի մասին Փաշինյանի խոսքերի տակ

Իր հարցազրույցներից մեկում Քոչարյանն ասել է, որ «պետք է փորձել միավորել փորձն ու երիտասարդների էներգիան»: Նրա կարծիքով՝ այդ կապը կարող է արդյունավետ լինել երկրի ապագայի համար, քանի որ «փորձը էներգիայից կտրելով՝ ստանում ենք այն, ինչ ունենք»։ Քոչարյանն իհարկե շատ փորձ ունի, մնացել է նոր էներգիա ներգրավել։

Հենց այդ թարմ ուժերն էլ պետք կգան Փաշինյանի հակառակորդների ձայների համար պայքարում։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք պարզապես չգիտեն՝ ում սատարել, քանի որ «այլընտրանքն», ի դեմս նախկին իշխանության ներկայացուցիչների, որոնք արդեն հոգնեցրել են, նրանց չի բավարարում։ Նման քաղաքացիները քիչ չեն, և ընտրություններում նրանց ձայները կարող են որոշիչ լինել։

Ընդդիմության սխալ մարտավարությունը

Ընդդիմությունը հրաշալի նվեր մատուցեց Փաշինյանի թիմին՝ այդպես էլ չկարողանալով միավորվել։ Նախընտրական իրարանցման մեջ սկսեցին կուսակցություններ հայտնվել այնպես, ինչպես սնկերն անձրևից հետո։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ նրանք բավարար ձայներ չեն հավաքի, հետևաբար, կսկսեն միավորվել ու դաշինքներ ստեղծել։ Միայն թե իսկական «հակափաշինյանական» ճակատի ստեղծման հույս չկա. գաճաճ կուսակցությունները, թեկուզ ընդդիմադիր, փոշիացնում են ձայները՝ բարձրացնելով վարչապետի շանսերը։

Բացի իշխանությունը վերացնելու համար գոնե ժամանակավոր կոնսոլիդացիայի անկարողությունից, ընդդիմությունը երկրորդ կարևոր սխալն է թույլ տալիս՝ նախկինի պես անտեսելով մարզերը (բացառությամբ Սյունիքի), որտեղ շատերը դեռ գործող վարչապետին որպես «մերոնքական» են ընկալում։ Փաշինյանի ընդդիմախոսները եթե նույնիսկ այնտեղ ինչ-որ աշխատանք են տանում, ապա այն այնքան աննշան է, որ անզեն աչքով դժվար է նկատել։

Փաշինյանի հույսը «տնտեսական հրաշքի» խոստու՞մն է

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ոգևորությունը չի թուլանում նույնիսկ երկրի խորը ճգնաժամի ֆոնին, ընդդիմության ձեռքից վերցրեց նախաձեռնությունն ու սկսեց ակտիվ հանդիպումներ անցկացնել մարզերի բնակիչների հետ: Փաշինյանն այնտեղ իրեն բավականին ազատ է զգում. չէ՞ որ մարզերում գրեթե մրցակիցներ չունի։ Վարչապետն առանց հոգնելու տեղի բնակչությանը բացատրում է իշխանության դիրքորոշումը՝ մարդկանց համոզելով, որ իրենց ընտրած ուղղությունն այլընտրանք չունի։

Ու թեև ոչ բոլոր ուղևորություններն են առանց միջադեպերի անցնում, դրա թարմ օրինակը այցելությունն է Վայոց Ձոր, որտեղ տեղի բնակիչը թույլ չտվեց վարչապետին ծաղիկներ դնել Արցախում զոհված ազգականի շիրիմին, այնուամենայնիվ, Փաշինյանին դա առանձնապես չի հուզում և, առավել ևս, չի կանգնեցնում։

Կառավարության ղեկավարը կրկին առատորեն խոստումներ է բաժանում՝ շեշտը դնելով երկրի տնտեսական վերականգնման վրա։ Ինչի՞ մասին է խոսում վարչապետը։ Իհարկե հաղորդակցության ապաշրջափակման հեռանկարների մասին, ինչի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները, թեկուզ և «հպարտությունը» կորցրած, վերջապես մարդավարի կապրեն։ Բայց այդ հեռանկարները դեռ մշուշոտ են, և Փաշինյանը չի կարող կոնկրետ ինչ-որ բան երաշխավորել այն պարզ պատճառով, որ նրանից քիչ բան է կախված։

Այն մասին, թե որքանով են «իրական» Փաշինյանի խոստումները, կարելի է դատել միայն նրա նոր՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայտարարությունից։ Նախօրեին նախարարը հայտարարեց, որ կանի հնարավոր ամեն ինչ, որ առաջիկա 10 տարիներին Հայաստանի համար «վերականգնի» արդյունաբերական երկիր համարվելու հեռանկարը: Նկատի ունեցեք, որ խոսքը ոչ թե բուն արդյունաբերության վերականգնման մասին է, այլ միայն ոլորտի հեռանկարների։ Վախենամ, որ այսպիսի տեմպերով իմ սերունդը չտեսնի ինդուստրիալ Հայաստանի կայացումը։

Նահանջ առանց երգի, կամ արժե՞ այսքանից հետո ընտրել փակուղուց դուրս գալու ռուսական տարբերակը

Բայց այս ամենը «հրաշալի հեռավորի» մասին է, իսկ ի՞նչ կարող է իշխանությունն անել առաջիկայում։ Աչքի անցկացնենք փետրվարին կառավարության կողմից ընդունված տնտեսության վերականգնման ծրագիրը։ Ոչ մի գործարանի մասին (բացառությամբ «Նաիրիտի») խոսք չկա, բայց աչքի են զարնում երկու պահ։ Առաջինը՝ կառավարությունը որոշել է աջակցել Երևանի Կոնդ թաղամասում էլիտար տների կառուցման ներդրումային ծրագրին․ այնտեղ, բնականաբար, հարուստ քաղաքացիներ են բնակվելու։ Հարց է առաջանում՝ երբ են սկսելու սոցիալական կացարաններ կառուցել՝ հաշվի առնելով Արցախից փախստականների հոսքը։ Ինչով են «ներկաները» տարբերվում «նախկիններից», եթե շարունակում են իրենց տնտեսական քաղաքականությունը և գնում են այն ճանապարհով, որն անխուսափելիորեն փակուղի է տանում։

Երկրորդը՝ կառավարությունը որոշել է զբաղվել գյուղատնտեսության զարգացմամբ՝ մասնավորապես առաջարկելով ավելացնել բարձրարժեք մշակաբույսերի ցանքատարածությունները՝ ներառյալ կանեփը։ «Երկաթե» փաստարկը հօգուտ կանեփի. դրանից կարելի է ստանալ արժեքավոր յուղ, ինչպես նաև կանեփ, որն անհրաժեշտ է տեքստիլում, բիոպլաստիկի արտադրությունում և այլն: Կարդալով Փաշինյանի թիմի այս «նոու-հաուի» մասին, այդպես էլ ուզում եմ կատակով հարցնել՝ իսկ ինչո՞ւ ընտրեցիք կանեփը, այլ ոչ թե կակաչը (ափիոնն ավելի թանկ է): Եվ պետք չէ համոզել, որ խոսքը բացառապես հոգեմետ նյութերի ցածր պարունակությամբ տեխնիկական տեսսակների մասին է։ Մի՞թե սթափ մտածող որևէ մեկը կասկածում է, որ Հայաստանի կանեփի դաշտերում կհայտնվեն այդ «հրաշագործ» խոտի ավանդական տեսակներով ցանված շարքեր։ Կոռուպցիան, անփութությունն ու շահամոլությունը երկրում դեռ ոչ ոք չի չեղարկել՝ չնայած ղեկավարության կարգախոսներին։ Ինչ-որ մեկը կասկածու՞մ է, որ արդյունքում այդ մտահղացումը կհանգեցնի երկրում թմրամոլների թվի աճին․..

Պարտության հիմքը, կամ ինչ է լինում, երբ «դուխով» հրամանատարը քար է գցում եկեղեցու բոստանը

Յուրաքանչյուր ողջախոհ մարդու համար հասկանալի է՝ էլիտար բնակարանների հաշվին ու առավել ևս կանեփեի հաշվին երկիրը փոսից դուրս չի գա: Եվ «տնտեսական հրաշքը», որը խոստանում է վարչապետը, ոչ այլ ինչ է, քան «փուչիկ», որն այդքան անհրաժեշտ է իշխանությանը, հատկապես նախընտրական շրջանում։

Արդյո՞ք հունիսի 20-ին ընտրություններ կլինեն

Քանի դեռ շատերը պատրաստվում են քվեարկությանը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրություններում երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործիքակազմ չի տեսնում։ Ավելին, կասկածի տակ դրեց հունիսի 20-ին դրանց անցկացման փաստը։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում Սարգսյանն ընդգծել է, որ ընտրությունների օրը նշանակելու որոշման հետ կապված փաստաթուղթը պետք է նախ իր սեղանին դրվեն, ու այդ ժամանակ ինքը որոշում կկայացնի։ Իսկ առայժմ ոչինչ պարզ չէ:

Նա հավանություն չտվեց նաև Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնք մշակվել ու ընդունվել են իշխող ուժի կողմից՝ հրաժարվելով ստորագրել դրանք ու միևնույն ժամանակ, փաստաթուղթը չուղարկեց ՍԴ։ Նախագահն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս իր անկախությունը և ընդգծում իր դերը որպես ևս մեկ ծանրակշիռ անձ քաղաքական գործընթացներում (չնայած լիազորությունների սահմանափակ լինելուն)։

Այսպիսով, Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտում գործում են երեք առանցքային ֆիգուրներ՝ Փաշինյան, Քոչարյան և Սարգսյան։ Չնայած ընտրությունների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, հիմնական մրցակիցները՝ գործող վարչապետն ու նախկին նախագահը, բացահայտ հայտարարել են ընտրություննեևին նախապատրաստվելու մասին՝ չթաքցնելով հաղթելու իրենց ձգտումը: Բայց եթե Փաշինյանը, հենվելով միայն «ժողովրդի» (տվյալ դեպքում՝ իր ընտրազանգվածի) վրա, չի ցանկանում ոչ մի լուրջ քաղաքական ուժի հետ պայմանավորվել ու կիսել հաղթանակը, ապա Քոչարյանը, լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ, միանգամայն կարող է համաձայնության գալ խոշոր խաղացողների հետ։ Թե ինչ դիրքորոշում կորդեգրի Սերժ Սարգսյանը, դեռ հայտնի չէ։

«Տեղացու» համախտանիշ, կամ պառակտումը մեզ կհասցնի ինքնաոչնչացման

Ըստ թեմայի

Փաշինյանը ոչ մարզիչ է, ոչ էլ, առավել ևս, Նապոլեոն
«Ես ճանաչում եմ Արցախը», կամ Հայաստանի բաց թողած հնարավորությունը
Արցախյան վերանվաճում, կամ Հայաստանում հնարավո՞ր է «գերմանական հրաշքի» կրկնություն
Ինչու չարժե վարվել Վրաստանի նման, կամ ո՞ր սխալները պարտությունը բերեցին մեզ Արցախում
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ

Գլխավոր թեմաներ