18:25 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
64530

Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտության հերթական էսկալացիան «համընկավ» Իսրայելում ներքաղաքական պայքարի հետ։ Արևելյան Երուսաղեմում բախումների հավանական պատճառի և տարածաշրջանային հիմնական խաղացողների դիրքորոշումների մասին` Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում։

Մայիսի 4-ի երեկոյան Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որին ժամանակ էր տրվել կառավարություն ձևավորելու համար, երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին տեղեկացնում է, որ իրեն չի հաջողվել կոալիցիա կազմել։ Հաջորդ օրը Ռիվլինը դիմում է «Եշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լապիդին` նրանից պահանջելով կազմել կառավարություն։

Քնեսեթի 56 պատգամավորների աջակցությունը (սակայն նա խորհրդարանում պետք է ստանա 61 ձայն 120-ից) վայելող ընդդիմադիր քաղաքական գործիչը մեկ ամսից պակաս ժամանակ ունի նախարարների կաբինետ ձևավորելու համար։ Կարծես թե Նեթանյահուի հակառակորդը շանս ունի։

Բայց զարմանալի շրջադարձ։ Մայիսի 10-ին կտրուկ սրվում է իրավիճակը Արևելյան Երուսաղեմում։ Այնտեղի Շեյխ–Ջարախ թաղամասից պաղեստինցի 7 ընտանիքի արտաքսման մասին շրջանային դատարանի որոշումը բախումներ է ծնում արաբ և իսրայելացի ուժայինների միջև։ Բախումները հրթիռակոծության են վերածվում` երկու կողմից զոհերի և վիրավորների պատճառ դառնալով։

Սահմանին զորք է բերվում։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարում է 9 հազար պահեստազորայինների զորակոչի, ինչպես նաև Գազայում օդային և ցամաքային օպերացիայի մեկնարկի մասին։

Սակայն ցամաքային օպերացիա դեռևս չկա։ Հարձակումն իրականացվել է 160 ինքնաթիռի և հրետանու միջոցով։

Ինչու Իրանը բացահայտ չաջակցեց ՀԱՄԱՍ–ին

Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների հետևում, որոշ փորձագետների կարծիքով, կանգնած է Իրանը, որը «արաբների ձեռքերով է կռվում Իսրայելի դեմ»։  Միևնույն ժամանակ, Թեհրանը ներկայիս իրավիճակում աչքի է ընկնում իր զուսպ դիրքորոշմամբ։

Իրանի իշխանություններն ավելի էմոցիոնալ արձագանքեցին Ավստրիայի կառավարական շենքի վրա Իսրայելի դրոշի բարձրացմանը, քան Արևելյան Երուսաղեմում բախումների բուն փաստին։ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին մայիսի 14-ին այդ հանգամանքը «շոկային և ցավոտ» անվանեց։ Իսկ մայիսի 15-ին ԻԻՀ արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չեղարկեց իր այցը Ավստրիա, որտեղ շարունակվում են բանակցությունները «միջուկային գործարքի» վերականգնման վերաբերյալ։

Ինչո՞վ է պայմանավորված Թեհրանի` ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու ակնհայտ բացակայությունը և սառնությունն արաբների ներկայիս դժվարությունների նկատմամբ։ Նրանով, որ  Իրանի իշխանությունները, որոնք միշտ համարվել են «Իսլամական դիմադրության շարժման» հովանավոր, դեռ հիշում են ՀԱՄԱՍ-ի գործողությունները Սիրիայում։

«Գահերի խաղը»՝ արցախյան ճանապարհին․ Երևանի և Բաքվի խաղադրույքները

ՀԱՄԱՍ–ը սիրիական հակամարտության ժամանակ օգնել է Թուրքիայի և Կատարի աջակցությունը վայելող «Մահմեդական եղբայրներ» շարժման ճյուղերին, որոնք ակտիվ կռվում էին Բաշար Ասադի (որին աջակցել էին իրանամետ ուժեր) կառավարության դեմ։ Շարժումը պատասխանատու էր Սիրիայի ազատ բանակի և այսպես կոչված «չափավոր սիրիական ընդդիմության» ռազմական պատրաստվածության համար։ ՀԱՄԱՍ–ը, որը անցել էր Թուրքիայի կողմը, Սիրիայում պարտություն է կրել։ Սակայն ո՛չ Սիրիայի Արաբական Հանրապետությունում (որտեղ ՀԱՄԱՍ–ը երկար տարիներ վայելում էր Ասադների տոհմի աջակցությունը), ո՛չ Իրանում այդ դավաճանության մասին չմոռացան։

Այն, որ Իրանն իրեն հեռու է պահում ներկայիս բախումներից, վկայում է նաև այն հանգամանքը, որ «Հեզբոլահ» շիիթական կազմակերպությունը բացահայտ չի աջակցում պաղեստինցիներին։

Իսկ Թուրքիա՞ն, որը վերջին տարիներին իրեն ներկայացնում է որպես իսլամական աշխարհի առաջնորդ։

«Ղարաբաղի նման» օգնելու` Էրդողանի խոստումները 

Ի տարբերություն Թեհրանի, պաշտոնական Անկարան ակտիվորեն հանդես է գալիս հայտարարություններով` կտրուկ քննադատելով և դատապարտելով Իսրայելի քաղաքականությունը, հայտարարելով «ամբողջ աշխարհը նրա դեմ մոբիլիզացնելու» մտադրության մասին։  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Անկարան սկսում է աջակցել Երուսաղեմում բնակվող արաբներին «նույն վճռականությամբ, ինչպես սատարել է Ադրբեջանին Ղարաբաղյան պատերազմում»։

Սուլթանը զայրացել է «Իսրայել ահաբեկչական պետության հարվածների» առիթով և ընդգծել, որ այդ երկիրն անցել է արդեն «բոլոր սահմանները»։

Ինչո՞վ է սպառնում Էրդողանը` խոսելով նույն աջակցության մասին, ինչ Արցախում։ Մի՞թե թուրքական «Բայրաքթարներն» օդ կբարձրանան և կսկսեն ռմբակոծել Իսրայելի խաղաղ քաղաքները, ինչպես դա եղել է բազմաչարչար Արցախում։ Մի՞թե թուրքական հատուկ նշանակության զորքերը ցամաքային գործողություններ կիրականացնեն ավետյաց երկրում, ինչպես արցախյան շրջաններում (որտեղ ադրբեջանական զինվորականները միայնակ գլուխ չէին հանի)։

Թուրքերին լսելով` սարսափելի տեսարաններ են զարնում մարդու աչքի առաջ, որոնք, սակայն, փոքր–ինչ հեռու են իրականությունից։

Կարծում ենք, որ Թուրքիայի առաջնորդը «վճռական» հայտարարություններից գործի չի անցնի, թեև որոշակի ֆինանսական և դիվանագիտական օգնություն արաբներին իհարկե կտրամադրվի։

Ախ, հա, մոռացանք ասել. Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ահմեդ Բերաթ Չոնքարը կարծիք է հայտնել, որ Անկարան իր զինվորականներին կարող է ուղարկել Արևելյան Երուսաղեմ, բայց... միջազգային խաղաղապահ ուժերի զորախմբի կազմում։ Միևնույն ժամանակ անմիջապես հավելել է, որ Թուրքիայի խորհրդարանը դեռ նման հարցում չի ստացել։

Էրդողանի «շպագատը». պատրա՞ստ է արդյոք Հայաստանը Անկարայում հնարավոր փոփոխություններին

Եթե Անկարայից իսկապես լուրջ սպառնալիք լիներ, թուրքերին ոչ թե Նեթանյահուի որդին կպատասխաներ, այն էլ սոցցանցերում, այլ հենց ինքը` Իսրայելի վարչապետը։

Իսկ մինչ այդ արցախյան հակամարտության գոտում «փառավորված» թուրքական «Բայրաքթարների» փոխարեն, արաբները դեռ ստիպված են ինքնաշեն ԱԹՍ–ներ օգտագործել։ ՀԱՄԱՍ–ն այնքան էլ հույս չունի Անկարայի կողմից իրական և արդյունավետ օգնություն ստանալու, եթե շտապում է հաշտություն կնքել իսրայելցիների հետ։ ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշաալն արդեն հայտարարել է Իսրայելի տարածքի հրթիռակոծումը դադարեցնելու` խմբավորման պատրաստակամության մասին։ Իսրայելական կողմն այդ առաջարկին դեռ չի պատասխանել։

Միջանկյալ քաղաքական արդյունք

Ինչի՞ հույս ուներ Լապիդը, որին հանձնարարել էին ձևավորել Իսրայելի կառավարությունը։ Նախևառաջ` «Լիկուդի» անդամ, «Հա–Յամին Հա–Հադաշ» նոր կուսակցության հիմնադիր Նաֆթալի Բենեթի հետ կոալիցիայի։ Սակայն հակամարտության սրացումը խառնեց նրա բոլոր պլանները։

Բախումների մեկնարկից հետո Բենեթը հրապարակային հրաժարվեց Լապիդի «Եշ Աթիդ» կուսակցության հետ միավորվելու գաղափարից, քանի որ նոր կոալիցիան պետք է համալրեին պատգամավորներ արաբական  կուսակցություններից, մասնավորապես` ՌԱԱՄ–ից։  Ինչպես հայտարարեց Բենեթը, ազգային խռովությունների և ռազմական սպառնալիքների ժամանակ կառավարությունը չի կարող հենվել արաբական կուսակցությունների վրա ։

Այդպիսով, Նեթանյահուին, որին ձեռնտու էր արաբների հետ փոքր կոնֆլիկտը, հաջողվեց մարտավարական առավելության հասնել` պահպանելով վարչապետի աթոռը, թեկուզ` ժամանակավոր։

Սակայն պաշտոնին մնալով` նրա առջև դեռ կանգնած է գլխավոր խնդիրը (մոտ հեռանկարում)` ձախողել իրանական «միջուկային գործարքի» վերականգնման` Վաշինգտոնի և Թեհրանի ծրագրերը։   Այդ «նախաձեռնության» հաջողությունից է մեծամասամբ կախված նաև Բիբիի քաղաքական ապագան։

Արդյո՞ք Նեթանյահուն Գազայում ցամաքային գործողությունների կգնա` ամերիկացիներին Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների մեջ կրկին ներքաշելու և ստիպելու, որ Իսրայելին ավելի ակտիվ օգնեն։  

Նահանջ առանց երգի, կամ արժե՞ այսքանից հետո ընտրել փակուղուց դուրս գալու ռուսական տարբերակը

Եթե վարչապետը ռիսկի չդիմի և այս փուլն ավարտի «ոչ–ոքի», նրա մարտավարական հաղթանակը, ամենայն հավանականությամբ, կարճատև կլինի, և արդյունքում նա կզրկվի վարչապետական աթոռից։  Մյուս կողմից, ցամաքային գործողությունների անցկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Այնպես որ վարչապետը մտածելու բան ունի։

Ամեն դեպքում պաղեստինցիների հետ հակամարտության սրացումը ցույց է տալիս, թե ինչպես է Իսրայելն Արևմուտքում «դրդում» դաշնակիցներին` սեփական ռազմավարական նպատակներին հասնելու համար։

թեգերը:
«Բայրաքթար» ԱԹՍ, Թուրքիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Բինյամին Նեթանյահու, Պաղեստին, Իսրայել, Երուսաղեմ

Գլխավոր թեմաներ