ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ռուսական շուկան մեծ է, և խաղացողների թվի աճը որևէ մեկին չի խանգարի, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է մրցակցել ռուսաստանյան շուկայում գոյություն ունեցող մատակարարների հետ և, նույնիսկ, նեղել նրանց:
«Երբ խնդիրներ են առաջանում մեկի համար, մյուսի համար դրանք կարող են հնարավորությունների վերածվել: Հենց դրանից էլ մենք անցյալ տարի օգտվեցինք: Ռուսաստանն էլ է զարգացնում արդյունաբերությունը (լոլիկի աճեցումը), բայց շուկան այնքան մեծ է, որ այստեղ խաղացողների թվի աճը ոչ մի վնաս չի հասցի ոչ մեկին, միայն օգուտ կբերի»,- նշել է ՀՀ նախագահը:
Ըստ Հայաստանի միրգ և բանջարեղեն արտահանող խոշորագույն «Սպայկա» ընկերության տվյալների՝ 2016-2017 թ.թ. Հայաստանից Ռուսաստան ջերմոցային լոլիկների տարեկան արտահանումն ավելացել է 30 հազար տոննայով:
Մոսկվան 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայից մի շարք ապրանքների մատակարարման վերաբերյալ էմբարգո է նշանակել: Այնուհետև սահմանափակումները մասամբ հանվեցին, սակայն թուրքական լոլիկի ներմուծման արգելքը դեռևս ուժի մեջ է:
Ռուսական իշխանությունները բազմիցս նշել են, որ Թուրքիայից լոլիկները շարունակում են անօրինական մուտք գործել Ռուսաստան հարևան երկրներից արտահանելու միջոցով, մասնավորապես, «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել Բելառուսից, Հայաստանից և Ադրբեջանից լոլիկի մատակարարման զգալի աճի վերաբերյալ: