21:30 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Թոշակառուներ

Թոշակառուներին երկրորդ կյանք է պետք` նվազագույն զամբյուղից օգտվելու համար

© Sputnik/ Асатур Есаянц
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
8810

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է տարվա երրորդ եռամսյակի սպառողական զամբյուղը։ Դրանից պարզ է դառնում, որ այս հարցում թոշակառուներն անտեսված են և գնում են թերսնման։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը 2017 թվականի երրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով 55 հազար 591.9 դրամ է։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասում է` դրանք նկարված թվեր են ու մեր իրականությունից դուրս են։ Վառ օրինակ է թոշակառուների հարցը։

«Թոշակառուն քանի՞ տարի պետք է աշխատած լինի, որ իր թոշակը բավարարի նվազագույն զամբյուղից ամբողջապես օգտվելու համար։ Եթե թոշակառուն չի կարող օգտվել նվազագույն զամբյուղից, հետևաբար մշակված քաղաքականությունն արհեստական էլեմենտներ ունի»,–ասաց Պիպոյանը։

Ավելի պատկերավոր լինելու համար ներկայացնենք թոշակառուներից մեկի օրինակը։ Աննա տատիկն ունի աշխատանքային 23 տարվա ստաժ և ստանում է 36 հազար 300 դրամ թոշակ։ Դրանից 15 հազար դրամն ամեն ամիս հատկացնում է կոմունալ վճարներին, իսկ 10 հազարը` դեղերին։

«Մոտավորապես 11 հազար 300 դրամ է ինձ մնում ամսվա ընթացքում գոյատևելու համար։ Ամբողջ օրը հաց ու մակարոն եմ ուտում, որ ամիսը հանեմ»,–ասաց տիկին Աննան։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալով`այս տարվա երրորդ եռամսյակում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 31 հազար 407.8 դրամ։ Այն ներառում է 11 անուն սննդամթերք։ Պարենային զամբյուղում  ամենամեծ տեղը տվել են հացամթերքին՝ օրական 355 գրամ։ Ներկայացված ցուցակում կարագի մասին խոսք չկա։ Բաբկեն Պիպոյանն ասում է` կա կալորիաների հարց, որը լուծում են հացով։

«Նախատեսված է, որ անձը պետք է ստանա օրական 2.412.1 կկալ էներգիա։ Հացը մեր երկրում միջին սպառման ծավալն է կազմում, թեկուզ չոր կալորիա պետք է ապահովեն»,–ասաց Պիպոյանը։

Հարևան Վրաստանում ապրանքների ու ծառայությունների գները ցածր են։ Ապրուստի համար այնտեղ հաշվարկված է միջին վիճակագրական սպառողի դեպքում ամսական մոտ 150 լարի կամ 63 դոլար։

Պետք է նկատել, որ Վրաստանում թոշակներն անհամեմատ բարձր են։ Բացի այդ, թոշակառուների համար ձմեռային եռամսյակում հատկացնում են վաուչերներ։ Մոտ 120 լարի կամ 50 դոլար են տալիս թոշակառուներին` ձմռան ցուրտ ամիսներն անցկացնելու համար։

Բացի այդ, սահմանված զամբյուղում Վրաստանում պարենային մթերքները բազմազան են ու ոչ մի համեմատական եզր չունեն Հայաստանում ներկայացվածի հետ։

Նայելով մեր թոշակառուների ապրուստի հնարավորություններին` մի բան ակնհայտ է դառնում` թոշակի անցածները Հայաստանում մատնված են թերսնման։

Այլ կերպ ասած` թոշակառուներին երկրորդ կյանք է պետք համապատասխան աշխատանքային ստաժ ունենալու և թոշակով նվազագույն զամբյուղից օգտվելու համար։

Գլխավոր թեմաներ