02:22 25 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
ՀՀ կառավարության նիստ

Որ գերատեսչությունում բարձր աշխատավարձ կստանան, կամ ում համար են հավասար ՀՀ բոլոր պատգամավորները

© Sputnik / Aram Nersesyan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
525720

Ամենից բարձր աշխատավարձեր են ստանալու բյուջեն ստուգող Հայաստանի Վերահսկիչի աշխատողները: Իսկ ամենացածրը` դատական պրիստավները:

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա.

2018 թվականին Հայաստանի ո՞ր գերատեսչությունում կստանան ամենաբարձր աշխատավարձը: Ոչ, դա նախագահականը չէ (ինչպես շատերը մտածեցին) և խորհրդարանն էլ չէ (թեև, սահմանադրության համաձայն, մենք անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգին): Այլ, որքան էլ զարմանալի է` Վերահսկիչ պալատը:

Նրանք, ովքեր ստուգելու են մեր բյուջեն, հենց նրանք էլ բոլորից շատը կստանան` 550 հազար դրամ: Նույնիսկ ավելի շատ, քան նախագահի աշխատակազմում. Այստեղ միջինում կստանան 491 հազար դրամ: Ճիշտ է՝ 2018 թվականի ապրիլից հետո աշխատակազմը խիստ կկրճատվի. Սերժ Սարգսյանի իրավահաջորդի իրավասությունները զգալիորեն կկրճատվեն (նոր սահմանադրության համաձայն, ոչ մի անձնական բան): Այդ պատճառով էլ աշխատակիցները կկրճատվեն 2,5 անգամ` կմնան 180-ը:

Իշխանությունը գրեթե ամբողջ ծավալով կանցնի կառավարությանը: Ահա այստեղ աշխատակազմը լավ կընդլայնեն` 292-ից հասցնելով 600-ի: Ճիշտ է՝ միջին աշխատավարձն ավելի ցածր կլինի` 284 հազար դրամ:

Այսպիսով, պատգամավորները կառավարության հանդեպ դեռևս հաղթողի դիրքում՝ աշխատավարձի թեմայով վեճում: Հենց այս «հայկական հարցից» էլ նրանք սկսեցին այս գումարման նիստը: Ոչ թե անվտանգության կամ սոցիալական պաշտպանության հարցերից, այլ այն հարցից, թե ով է ավել ստանալու. պատգամավորի օգնականը, թե՞ նախարարության աշխատակազմի աշխատակիցները:

Նշենք, որ աշխատավարձերի չափը ոչ թե գերատեսչության ղեկավարն է որոշում, այլ օրենքը (իսկ, թե ով պարգևավճար կստանա` այլ հարց է): Իսկ հիմնական աշխատավարձը կախված է քաղծառայության աստիճանից: Եթե այն բարձր է, ուզում ես գյուղնախարարությունում աշխատիր, ուզում ես՝ ԱԳՆ-ում, նույն աշխատավարձն ես ստանալու: Այս հավասարության սկզբունքը կպահպանվի նաև նախարարների համար: 2018 թվականին նրանք 793 հազարական դրամից մի փոքր ավելի կստանան: 

Ֆինանսապես հավասար են նաև պատգամավորները: Դահլիճում նրանք իշխանության և ընդդիմության են բաժանված: Տարբեր պահվածքներ են դրսևորում նախագահի ու վարչապետի առաջ: Սակայն նրանք բոլորը հավասար են մի մարդու` խորհրդարանի գլխավոր հաշվապահի առաջ: Յուրաքանչյուր ամիս նա պատգամավորներին 661 հազարական դրամ է վճարելու` չմոռանալով պահել հարկերը: Իսկ նրանցից, ովքեր չեն ներկայանում նիստերին, յուրաքանչյուր բացակա օրվա համար պահում են անում 30 հազարական դրամ: Այնպես որ, պատգամավորների ապրուստը կախված է հենց իրենցից` պատգամավորներից:

Այլ գերատեսչություններից, ամենաբարձր աշխատավարձը կստանան Հատուկ քննչական ծառայությունում և դատախազությունում` 476 և 449 հազար դրամ:

Տնտեսական բլոկի գերատեսչություններից առաջինն այս հարցում ֆինանսների նախարարությունն է` 418 հազար դրամ: Այդքան չեն ստանում նույնիսկ Պետեկամուտների կոմիտեում, այնտեղ աշխատավարձը կազմում է 336 հազար դրամ:

Բացի այդ, 2018 թվականին Կոմիտեում կկրճատեն շուրջ 500 մարդու: Հիմնականում ոչ թե կենտրոնական աշխատակազմից, այլ մաքսակետերից և հարկայինի բաժանմունքներից:

Պետական մարմիններից ամենացածր միջին աշխատավարձը կստանան դատական պրիստավները` 229 հազար: Կխնդրեինք նրանց իրենց բարկությունը չհանել անվճարունակ պարտապանների ավտոմեքենաներից ու հեռուստացույցներից:

Նշենք նաև, որ խոսքը պետական ապարատի աշխատակիցների մասին է, ոչ թե պետական հատվածի: Այստեղ մեծ տարբերություն կա: Պետական հատվածը` ոչ միայն նախարարներն ու վարչությունների պետերն են, այլև ավագ դասարանների ուսուցիչներն ու պետական հիվանդանոցների բժիշկները: Եթե նրանց էլ գումարենք` միջին աշխատավարձը խիստ կնվազի` մինչև 156 հազար: Իսկ թե այստեղ ումից պետք է բարկությունը հանել՝ պարզ չէ:

Գլխավոր թեմաներ