19:27 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Զվարճանքների այգու աշխատակից

Դեմքով դեպի աշխատավոր դասը. ՀՀ իշխանությունն ի՞նչ հարկեր կքննարկի 2019 թվականին

© Sputnik / Asatur Yesayants.
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
23410

Նախարարությունը իջեցված եկամտահարկ կառաջարկի արդյունաբերական նոր գոտիներում գործող ձեռնարկությունների աշխատակիցների համար։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. «Թող գործարաններ բացեն», – այսպես են պատասխանում տարեցները, երբ նրանց հարցնում են, թե ինչ են ուզում Հայաստանի ղեկավարությունից։ Երիտասարդները չեն ասում։ Գուցե նրանից է, որ այդ գործարաններն աշխատելիս չեն տեսել։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ուզում է 2019 թվականին շարունակել հարկային օրենսգրքի քննարկումները և այդ քննարկումների ընթացքում բարձրացնել ինչպես այս, այնպես էլ այլ հարցեր։

Իսկ ի՞նչ է պետք, որ գործարանները բացվեն։ Դժվար և երկարատև քննարկում պահանջող հարց է։ Բայց նախարարությունն ուզում է գոնե մի քայլ անել. արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցների համար առաջարկում են իջեցնել եկամտահարկը։ Ճիշտ է` ոչ համատարած, այլ միայն արդյունաբերական նոր գոտիների սահմանում։

Հայաստանում այդպիսի գոտիներ դեռ չկան, ու նախարարությունն ուզում է այդպիսիք ստեղծել։

Հանրապետությունում արդեն մի քանի ազատ տնտեսական գոտի կա։ Այստեղ աշխատող ընկերություններն ազատվում են գրեթե բոլոր հարկերից, բացի եկամտահարկից։

«Իսկ մենք հատուկ գոտիներ ենք ուզում ստեղծել հենց արդյունաբերության համար, – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը։ – Եվ կառաջարկենք այնտեղ իջեցնել աշխատակիցների եկամտային հարկը։ Առաջարկում ենք 10% (ներկայիս նվազագույն 23% հարկի պարագայում– խմբ.)։ Սակայն գլխավորը ոչ թե կոնկրետ թիվն է, այլ գաղափարը։ Պետք է հասկանալ` արդյո՞ք այդօրինակ միջոցը կօգնի արդյունաբերությանը։ Մենք կարծում ենք` կարող է օգնել։ Հետո հարցը պետք է մանրակրկիտ քննարկվի ֆինանսների նախարարության և ՊԵԿ–ի մեր գործընկերների հետ` հասկանալու համար` արդյո՞ք այդ գաղափարը կազդի բյուջեի եկամուտների վրա»։

Եկամտահարկ

Ընդհանուր առմամբ եկամտահարկի բեռից վաղուց են բողոքում փոքր արտադրողները։ Այդ հարկն նրանց ավելի է «ճնշում», քան առևտրականներին: Եթե նույն շրջանառությամբ երկու ձեռնարկություն վերցնենք (մեկը`արտադրական, մյուսը`առևտրի), ապա վստահ կարելի է ասել` արտադրության մեջ երկու–երեք անգամ շատ մարդ է աշխատում, հետևաբար՝ ավելի շատ եկամտահարկ է վճարվում։ Որոշ արտադրողներ դրա պատճառով ռիսկի են գնում և աշխատակիցների մի մասին չեն գրանցում։ Իսկ ռիսկերն աճել են. 2018 թվականի սկզբից «սև աշխատուժին» հարկայինը նախկինից ավելի խիստ է հետևում։

«Ավելի վաղ մենք լուծման մեր տարբերակն էինք առաջարկել. աշխատավարձի մի մասը հարկերից ազատել՝ նվազագույն սպառողական զամբյուղի չափով (մոտ 60 հազար դրամ - խմբ)։ Դա թույլ կտար շատերին գոնե գրանցել իրենց աշխատողներին։ Բայց գոնե փոքր ձեռնարկությունների համար (միկրոբիզնեսի) լուծումն արդեն առաջարկվել է։ Տարեկան մինչև 20 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններն իրենց աշխատակիցների համար ընդամենը 5 հազար դրամ եկամտային հարկ են վճարելու», – ասաց Ավագյանը։

Ռեստորաններ և սրճարաններ

Օրակարգում կլինի նաև սննդի կետերի հարկման հարցը։ 2019 և 2020 թվականներին, ինչպես և նախատեսված էր, այդ հարկերը կաճեն։ Այսօր նրանք 6% են վճարում` ձեռքբերումներից 3%–ը նվազեցման հնարավորությամբ, 2019 թվականից տոկոսադրույքները կաճեն մինչև «8 մինուս 5», իսկ 2020 թվականից` «10 մինուս 8»։ Ընդ որում` նվազեցումը պետք է լինի ոչ պակաս, քան ընդհանուր շրջանառության 4%–ը։ Ընդ որում, նվազեցում կարելի է ստանալ միայն փաստաթղթավորված գործարքներից։

Սակայն ինչպե՞ս պետք է փաստաթուղթ ստանան մեկ պարկ կարտոֆիլի կամ մսի դիմաց։ Չէ՞ որ այդ ամենը ռեստորանատերերը գնում են գյուղացիներից։ Իսկ գյուղացիները հաշիվ-ապրանքագիր չեն ստորագրում։

«Եթե այստեղ հնարավոր լինի կարգավորել թղթով գնումները, հարցը ինչ–որ կերպ հնարավոր կլինի լուծել։ Սակայն մենք դեպքեր ենք ունեցել, երբ հանրային սննդի խոշոր օբյեկտն ուզում էր գյուղմթերքի սեփական բազան ստեղծել և մթերքը պայմանագրային հիմքերով գնել։ Սակայն այդ փաստաթղթերը սկսեց ստուգել հարկայինը (որ պարզեր`արդյոք դրանք գյուղական ապրանքներ են, թե ոչ)։ Հարկային ծառայությանն էլ կարելի է հասկանալ. ամեն ինչ պետք է կանոններով լինի։ Բայց բիզնեսին էլ պետք է մատչելի և պարզ գործընթացներ առաջարկել», – նշում է Ավագյանը։

Բացի այդ, եթե շրջանառության հարկ վճարողները այլ գործունեությամբ են զբաղված, դրանից պետք է 20% հարկ վճարեն։ Ֆինանսների նախարարությունն ու հարկայինը պնդել են դա, որպեսզի հանրային սննդի կետերի միջոցով ապօրինի առևտուր չիրականացվի (օրինակ` ալկոհոլի կամ ծխախոտի)։

Մյուս կողմից` ռեստորաններում և սրճարաններում հաճախ պատվիրում են նույն սիգարետը` ասենք, ճաշից հետո սուրճի հետ։ Եվ եթե ռեստորանը (ուզած- չուզած) սիգարետ է առաջարկում, ապա դրա վաճառքից պետք է 20% հարկ վճարի։ Մինչև վերջ պարզ չէ նաև հյուրանոցներին կից գործող ռեստորանների հարցը. տեսականորեն նրանք էլ կարող են նման հարկման ենթարկվել։ Չէ՞ որ ռեստորանն ու հյուրանոցը գործունեության երկու տարբեր տեսակներ են։

Մեկ այլ հարցը խոշոր և փոքր բիզնեսի միջև բախումն է։ Եթե խոշոր բիզնեսն ապրանք է գնում փոքրից, ապա պետք է ԱԱՀ վճարի ոչ միայն իր, այլև փոքր բիզնեսի համար։ Ընդ որում` այդ ԱԱՀ–ն հաշվանցել չի կարող, քանի որ փոքր բիզնեսը ազատված է ԱԱՀ–ից և չի մասնակցում այդ հարկի հաշվարկներին։ Շատ հաճախ նման խնդիր է առաջանում, երբ սուպերմարկետներն ապրանք են գնում փոքր և միջին մատակարարներից (օրինակ` թռչնաբուծական ֆաբրիկաներից կամ կաթնամթերք արտադրող գործարաններից)։ Ավելորդ ԱԱՀ–ից ազատվելու համար սուպերմարկետը պահանջում է 20%–ով իջեցնել ապրանքի գինը։ Կամ, երբ կարող է, տեղական ապրանքի փոխարեն առնում է ներմուծվածը, որովհետև ներմուծողից կարող է հաշվանցում ստանալ։

Այստեղ երկու հնարավոր լուծում է առաջարկվել։ Մեկը` սուպերմարկետները ԱԱՀ–ից անցնում են շրջանառության հարկի (որը պարզապես ավելի բարձր կլինի, քան փոքր բիզնեսի մոտ)։ Այդ ժամանակ ԱԱՀ–ի հարց չի առաջանա։

Մյուս տարբերակը` սուպերմարկետների համար իջեցնում են տեղական սննդամթերքի վաճառքից գանձվող ԱԱՀ–ն։ Որքա՞ն են իջեցնում։ Սա հասկանալու համար պետք է հաշվարկել, թե այդ ապրանքների արտադրության մեջ որքան ԱԱՀ է «նստած» (օրինակ` միրգ ու բանջարեղենի պարարտանյութից, արտադրության մեջ լույսից և գազից և այլն)։ Այդ դեպքում այդ ծառայությունների և ապրանքների (միայն դրանց և ոչ ավելին) ԱԱՀ–ն հնարավոր կլինի սուպերմարկետից գանձել։

«Այսպես ասծ, կուտակային ԱԱՀ-ի հաշվարկներ դեռ չկան, սակայն հույս ունեմ` մոտ ապագայում մենք կանցկացնենք», – ասում է Ավագյանը։

Բայց արի ու տես...

«Անկախ այս և այլ խնդիրներից, բիզնեսն ավելի շատ է սկսել վստահել կառավարությանը։ Եվ սրանք սոսկ գնահատականներ չեն», – ասում է Ավագյանը։

Մասնավորապես, վերջին ամիսների ընթացքում փոքր բիզնեսը ստվերից դուրս է բերել շուրջ 35 հազար աշխատակցի,որոնց համար էլ այսօր հարկ է վճարում։ Օրինակ` 2018 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով` շրջհարկ վճարողների մոտ շուրջ 110.7 հազար վարձու աշխատող է գրանցված` մեկ տարի առաջվա 75.3 հազարի փոխարեն։ Ավելի քիչ են սկսել թաքցնել ոչ միայն աշխատողներին,այլև շրջանառությունը. նույն ժամանակահատվածում այն աճել է շուրջ 20%–ով։

Զուտ նյութական օգուտն այդքան էլ շատ չէ. Հայաստանում փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունները շուրջ 70 հազար են, սակայն դրանք պետբյուջեի բոլոր եկամուտների միայն մի քանի տոկոսն են ապահովում (70%–ից ավելին տալիս են հազար խոշորագույն հարկատուները)։

«Մեզ համար արժեքը վստահության մեջ է։ Եվ այդ վստահությունը պետք է փոխադարձ լինի։ Մենք պետք է բիզնեսին ցույց տանք, որ կանխատեսելի և երկարատև կանոններ ենք ձևավորում։ 2019 թվականին մենք պետք է ավարտին հասցնենք օրենսդրության քննարկումը և ցույց տանք, որ կանոնները առաջիկա մի քանի տարիների ընթացքում կայուն են լինելու», – ընդգծում է Ավագյանը։

Դրա համար 2019 թվականին նախարարությունը մանրակրկիտ քննարկումների է նախապատրաստվում կառավարության գործընկերների և մասնավոր հատվածի հետ։

Գլխավոր թեմաներ