ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների գործարարների և ներդրողների հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից, ֆորումի երկրորդ օրը վարչապետը հանդիպել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ։ Փաշինյանը բարձր է գնահատել «Մարիոթ Ինթերնեյշնլի» գործունեությունը Հայաստանում և նշել, որ «Մարիոթ» հյուրանոցը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում, և ՀՀ կառավարությունը շահագրգռված է մեր երկրում միջազգային հայտնի հյուրանոցային ցանցի զարգացմամբ ու ընդլայնմամբ:
Արնե Սորենսոնը տեղեկացրել է, որ իրենք քննարկում են Հայաստանում նոր ներդրումներ անելու ու նոր հյուրանոցներ բացելու հարցը։
ՀՀ վարչապետը հանդիպել է նաև «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ։ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո ներդրումների համար ստեղծվել ու բացվել են լավ հնարավորություններ ու պայմաններ: Կիրիլ Դմիտրիևն էլ ներկայացրել է գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում ընթացիկ ծրագրերի ընթացքն ու հավելել, որ հիմնադրամը շարունակելու է Հայաստանում նոր նախագծեր կյանքի կոչելու քաղաքականությունը և պատրաստվում է քայլեր ձեռնարկել իրենց միջազգային գործընկերներին մեր երկիր ներգրավելու ուղղությամբ:
«Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ վարչապետ Փաշինյանը քննարկել է Հայաստանում ավիացիայի և այլ ոլորտներում նախատեսվող առաջիկա ներդրումային ծրագրերը, մասնավորապես`«Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններում նախատեսվող աշխատանքները, «Հայփոստի» հետագա կառավարմանն ու զարգացմանը, Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերը: