05:06 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.07
  • GBP608.65
  • EUR542.91
  • RUB7.61
Սիգի վաճառք Երևանում

Սևանի սիգի պահածոյի մասին բոլորն իմացել ու լռել են. ի՞նչ է թաքնված թիթեղյա տարաների տակ

© Sputnik / Diana Atoyan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
326420

Սևանում սիգի արգելված որսի պայմաններում Հայաստանում ոչ միայն որս են արել, այլև պահածոյացրել են, վաճառել ու արտահանել։ Ընդ որում, բնապահպանության փոխնախարարի խոսքով, այդ մասին իմացել են բոլոր պատկան կառույցները, բայց` լռել։ Այսօր, երբ աղմուկն ահագնացել է, նույն այդ կառույցները վստահեցնում են` այդ մասին առաջին անգամ են լսում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Նելլի Դանիելյան. Հայաստանում արտադրվում է Սևանի սիգի պահածո, որի որսն արգելված է։ Համացանցում մեծ աղմուկ բարձրացրած այս ահազանգերը, պարզվում է, պատկան կառույցներին դեռ չեն հասել։

Այսպես, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը, Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան, հայտնեց, որ տեսչությունը շուկայում վաճառվող ձկան պահածոների մասին տեղեկություն չունի։ Ավելին՝ սուպերմարկետներում վաճառվող Սևանի սիգի պահածոյի մասին մեր տեղեկությունները տեսչությունում խոստացան գրանցել որպես հաղորդում ու դրա հիման վրա ուսումնասիրություն սկսել։

«Ձեր անունով ահազանգ գրանցենք, ես հարցը փոխանցեմ քննարկենք, տեսնենք այդ հարցին ո՞ր կողմից պետք է անդրադառնանք` «Սևան» ազգային պարկի կողմից, թե արտադրող ընկերությունից»,– ասաց Պեպանյանը` հավելելով, որ նախնական ուսումնասիրությունները կարող են մի քանի օր տևել։

ՀՀ ոստիկանությունից ու դատախազությունից, Սննդի անվտանգության ծառայությունից ևս հայտնեցին, որ սիգի պահածոյի հարցով ուսումնասիրություն կամ քննություն այս պահին այդ կառույցներում չի իրականացվում։

Պատկան կառույցներից ու հատկապես բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Sputnik Արմենիային տրված պատասխանները, մեղմ ասած, զարմացրեցին Բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանին, որը, հիշեցնենք, արդեն հայտնել է իր հրաժարականի դիմումի մասին։

Այսեր Ղազարյանը հայտնեց, որ բնապահպանության և ընդերքի տեսչության պետը դեռ ամիսներ առաջ է իրեն այդ նույն  պահածոները ցույց տվել։ Իսկ երբ փոխնախարարը փորձել է ուսումնասիրել խնդիրը, պարզել է, որ պահածոյացված սիգը Հայաստանում ոչ միայն վաճառվում է, այլև արտահանվում, ընդ որում` ահռելի քանակով, և որ ամենակարևորն է` անօրինական որսի, արտադրության ու իրացման մասին տարիներ շարունակ տեղյակ են եղել հենց բնապահպանության նախարարությունում։

«Ես տեսա, որ բնապահպանության նախարարությունից թղթեր են անցկացնում, քանի որ կենդանական ու բուսական ծագման ապրանքատեսակների միջազգային առևտուրը պետք է թույլտվությունով իրականացվի։ Կցված փաստաթղթերը zip ֆայլով բացեցի և տեսա, որ ապրանքատեսակը, որը պետք է մաքսակետով անցնի,  2 տողով նշված էր` «Սևանի սիգի պահածո` յուղով, տոմատի սոուսով» ու քանակը` ահռելի` մասնավորապես` մի թղթի վրա ավելի քան 100 000 տուփ էր։ Ես դա բարձրաձայնեցի։ Նույնիսկ կենսառեսուրսների գործակալության պետը ասաց. «Ինչո՞ւ, մենք միշտ էլ տեսել ենք»»,– պատմեց փոխնախարարը։

Այսեր Ղազարյանը դիմել է նաև ՊԵԿ` հարցում անելով 2012- 2019թթ–ին ՀՀ սահմանով անցած Սևանի ձկան ծավալները։

«Պարզվեց, որ ամենամեծ քանակը 2018թ–ի մայիսից է եղել։ Այդ թղթերը մենք ուղարկեցինք բնապահպանական տեսչություն»,– ասաց Ղազարյանը։

Բնապահպանության փոխնախարարը շեշտում է, որ Սևանում սիգի որսն արդեն 6 տարի է, ինչ արգելված է, հետևաբար դրա ցանկացած քանակի արտադրություն ու վաճառքը` անկախ տարվա ժամանակահատվածից, անօրինական է։

Նույն տեսակետը մեզ հետ զրույցում հայտնեց նաև ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը` նշելով, որ հիշյալ պահածոների արտադրության ժամկետները հուշում են, որ դրանք չէին կարող արտադրվել 2013թ–ից առաջ, երբ սիգի արդյունագործական որսը դեռ արգելված չէր։

«Դա չի կարող լինել, ասենք` 6 տարի առաջվա արտադրության։ Իսկ Սևանում 6 տարի է արդեն, ինչ օրինական որս չկա։ Եվ ուրիշ տեղ էլ սիգ չկա։ Եվ այնտեղ գրված է հենց «Սևանի սիգ»»,– ասաց Գաբրիելյանը։

Հայաստանյան խոշոր առևտրի ցանցերում այսօր էլ վաճառվում են Սևանի սիգի պահածոներ տարբեր տեսակի` տոմատի սոուսով ու սեփական հյութի մեջ։  Օրինակ «ՍԱՍ» սուպերմարկետի օն–լայն առևտրի հարթակով հրապարակված տեղեկատվության համաձայն, 250 գրամանոց պահածոյի գինը 1250 դրամ է։ Արտադրողը «Գալիլիա» ՍՊԸ–ն է։ Այս ընկերությունը կապվում է Սևան ԱՊ տնօրեն Վահե Գուլանյանի ու նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվան հետ։  Պետական ռեգիստրի կայքում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, դրա սեփականատերը Հեղուշ Բագրատի Գալստյանն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2014թ–ին։

Սևանի սիգի պահածո  է արտադրում նաև  «Էկո Ֆուդ» ՍՊԸ-ն։

Ընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն, սիգի պահածոյի պահպանման ժամկետը 18 ամիս է, ինչը նշանակում է, որ այս վաճառվող պահածոն չէր կարող արտադրվել սիգի որսի արգելքի վերջին 6 տարիներից  առաջ։

Ըստ թեմայի

Որսագողության և Սևանի սիգի խնդիրներն ինքնուրույն կլուծվեն. «հիանալի դեղատոմս» կա
Հայաստանում անում են այն, ինչ ամբողջ աշխարհում սրբապղծություն է համարվում
Սևանում սիգ որսացողներին բերման են ենթարկել. պայքարն ուժեղացվում է
Բնապահպանության տեսչությունը Սևանի մայրուղուց մեծ քանակությամբ սիգ է առգրավել
Սևանում ձկան պաշարներն ավելացել են, բայց ձկնագողերը չեն պակասել
Ոչ թե որսն արգելել, այլ լուծել որսով զբաղվողների զբաղվածության հարցը. Բորիս Գաբրիելյան
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան, Սևան

Գլխավոր թեմաներ