09:20 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.89
  • GBP712.54
  • EUR629.98
  • RUB7.05
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
123110

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում կորսված տնտեսական կարողություններին ու դրանց փոխարինման հնարավորություններին։

2021թ.–ին Հայաստանի համար կանխատեսվող ծանր տնտեսական տարին լրացուցիչ բարդություններ է առաջ բերելու նաև Արցախում կորսված տնտեսական կարողությունների պատճառով։  Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Նրա մատնանշած առաջին խնդիրը Արցախի էներգետիկ կարողությունների կորուստն է։ Եթե մինչև հիմա Արցախը էլեկտրաէներգիա արտադրող ու նույնիսկ արտահանող երկիր էր, ապա հաջորդ տարվանից չի բացառվում, որ իր պահանջարկը բավարարելու համար ստիպված է լինելու Հայաստանից էնեկրաէներգիա ներկրել։

«Թեև Արցախը որոշակի արտադրություն դեռ ունի, ասենք` Սարսանգի ՀԷԿ–ը, որը հիմնական էլեկտրաէներգիայի ծավալն է ապահովում։ Իսկ մանր ՀԷԿ–երը հիմնականում անցել են Ադրբեջանին։ Որքան ինձ հայտնի է` Արցախում հիմա երկու ՀԷԿ է մնացել հայկական կողմի տնօրինության տակ։ Հետևաբար, չի բացառվում, որ որոշակի պայմաններում Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիա մատակարարելու խնդիր առաջանա։ Եվ եթե Արցախը հավելյալ էլեկտրաէներգիայի կարիք ունենա` ինչ խոսք` Հայաստանը պետք է տրամադրի»,– ասաց Չիլինգարյանը։

Էլեկտրաէներգիայի սակագնի` 3 դրամով թանկացման մասին ՀԾԿՀ–ի վերջին որոշումը, Չիլինգարյանի դիտարկմամբ, որոշակի առումով կապ ուներ նաև Արցախում կորցրած էներգետիկ հնարավորությունների հետ։

Արցախի 34 ՀԷԿ-ից մնացել են 6-ը. պակասող էլեկտրաէներգիան կմատակարարվի Հայաստանից

«Իհարկե, շատ չնչին, բայց ինչ–որ կապ ուներ։ Չէ՞ որ Արցախից էլ որոշակի քանակի էլեկտրաէներգիա է ներկրվում Հայաստան»,– ասաց Չիլինգարյանը, որը ներկա է եղել հանձնաժողովի նիստին։

Նրա խոսքով` նույն նիստում քննարկվել է նաև Հայաստանում ու Արցախում հնարավոր էներգետիկ ճգնաժամի առաջացման հարցը, բայց քննարկման արդյունքում հանգել են այն եզրակացության, որ նման վտանգ այս պահին դեռ չի սպառնում։

Նշենք, որ մինչև 2018 թվականն Արցախը էներգետիկ առումով ինքնաբավ էր, 2018թ–ից սկսեց էլեկտրաէներգիա արտահանել Հայաստանի Հանրապետություն: 2021թ.–ին նախատեսված էր Արցախից 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա ներկրել։ Բայց պատերազմը խափանեց բոլոր ծրագրերը։

Արցախից Հայաստան նաև հացահատիկ էր ներկրվում։ Հիմա հակառակը` Արցախն իր հացի խնդիրը պետք է լուծի ներկրման հաշվին։

Չիլինգարյանի տվյալներով` Հայաստանում տարեկան սպառվող 500-600 հազար տոննա հացահատկի 20-30%-ը կամ շուրջ 150-200 հազար տոննան ստացվում էր Արցախից։ 2021թ.–ից Հայաստանը պետք է լրացնի ոչ միայն այս բացը, այլև Արցախի պահանջարկը, քանի որ Արցախի հացահատիկի ցանքատարածությունների շուրջ 90 %-ը (Քաշաթաղի, Հադրութի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում) անցել է հակառակորդին։

Հացահատիկից բացի Արցախում նաև գյուղատնտեսական այլ արտադրանքի լուրջ կորուստ է գրանցվել, ընդ որում, ոչ միայն ցանքատարածությունների, այլև հենց վերամշակող գործարանների մասով։

Ադրբեջանի ենթակայության տակ անցած ՀԷԿ–երի ճակատագիրը դեռ կճշգրտվի. ՄԱԿ–ի ազգային փորձագետ

Կարեն Չիլինգարյանը, սակայն, այս կորուստները Հայաստանի տնտեսության համար «կատաստրոֆիկ» չի համարում։

«Ինչ–որ չափով բացասական ազդեցություն ունենալու է, բայց դրանք չենք կարող համեմատվել մեր այլ` նյութական, ոչ նյութական ու, իհարկե, մարդկային կորուստների հետ»,– ասաց Չիլինգարյանը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով Արցախում կորցրած տնտեսական պոտենցիալի մասին, տեսակետ հայտնեց, որ Հայաստանը պետք է առանց ժամանակ կորցնելու վերանայի իր տնտեսական զարգացման հայեցակարգը։

«Նախ հարկավոր է մտածել Հայաստանի հողերի ամեն մի քառակուսի սանտիմետրն օգտագործելու մասին։  Եթե մինչև հիմա Հայաստանի վարելահողերի 15-20 տոկոսը չէր օգտագործվում, այսօր դրանք պետք է մշակվեն` փոխհատուցելու Արցախում կորցրած ցանքատարածությունների տնտեսական վնասները»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` եթե Հայաստանն ընդլայնի ինտենսիվ գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառությունը, ոչ միայն կմեծացնի իր տնտեսական պոտենցիալն ու ժամանակավորապես կաջակցի Արցախին, այլև արտահանման մեծ պոտենցիալ կստեղծի։ Բայց այդ մասին, ըստ նրա, հարկ է մտածել շատ ավելի արագ, քանի դեռ գյուղատնտեսական արտադրանքի պահանջարկը չի լրացվել ներմուծման ծավալներն ավելացնելու հաշվին։

Արցախում պատերազմի հետևանքով կրած տնտեսական կորուստների պաշտոնական հաշվարկներ այս պահի դրությամբ դեռ չեն արվել։ Արցախի ու Հայաստանի որևէ պետական մարմին նման պաշտոնական ցուցանիշներ դեռ չի հրապարակել։

Ըստ թեմայի

Մենք նորից ունենք սթրեսային իրավիճակին բնորոշ տնտեսություն. Քթոյան
Ինքնահոսի մատնված երկիր, կամ պատերազմող Հայաստանում որևէ հրահանգ տնտեսությունը չի ստացել
Արցախը վերականգնելու համար Արցախում կորցրած տնտեսությունը պետք է տեղափոխել Հայաստան
թեգերը:
էլեկտրաէներգիա, Հաց, տնտեսություն, Հայաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ