16:26 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
985 0 0

2021 թվականին Հայաստանում ավելանում են անշարժ գույքի, մի շարք ակցիզային ապրանքների հարկերը, նվազում է եկամտահարկը և ավելանում են կենսաթոշակային վճարումները։ Կնվազի՞ արդյոք դոլարի փոխարժեքը՝ մեծապես կախված է մեզանից։

Մի շարք հարկային փոփոխություններ ուժի մեջ են մտնում 2021 թվականին։ Մենք ավելի շատ կվճարենք մեր տների և բնակարանների համար, կթանկանան ծխախոտն ու ալկոհոլը։ Դա մեզանից կախված չէ (ծխախոտի և օղու դեպքում դա, թերևս, նույնիսկ ավելի լավ է):

Ապրում ես կենտրոնում՝ վճարիր, որ ուրիշներն էլ կարողանան ապրել

2021թ․-ից Հայաստանում սկսում է աճել գույքահարկը հատկապես քաղաքի կենտրոնում և մոտակա թաղամասերում (Արաբկիր, Նորք-Մարաշ համայնքներ, Էրեբունի համայնքի մի մասը) գտնվող թանկարժեք տների համար։ Դժվար է միջին հաշվարկով ասել, թե հստակ որքան կավելանա հարկը․ այդ հաշվարկում մի քանի ուղղիչ գործակիցներ կան, այդ թվում՝ շենքի տարիքի և տանիքի հիմքի (փայտ կամ երկաթբետոն) նյութով պայմանավորված։

Համեմատության համար՝ Երևանի կենտրոնում` Թումանյան փողոցում գտնվող 70 քմ մակերեսով «ստալինկայի» համար, օրինակ, հարկը պետք է տարեկան մոտ 7 հազար դրամից աճի մինչև 30 հազար դրամ կամ ամսական 2500 հազար դրամ։

Հարավարևմտյան թաղամասում` բազմահարկ շենքում 80 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարանի համար հարկը տարեկան զուտ ձևական 100-200 դրամից կաճի մինչև տարեկան 9000 դրամ(ամսական 750 դրամ)։ Բայց այս տարի նոր հարկերն ուժի մեջ կմտնեն միայն 25%-ով, իսկ ամբողջությամբ՝ 2026թ․-ից (ավելի մանրամասն՝ այստեղ)։

Համեմատության համար նշենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ հանրապետությունում «մաքուր» միջին աշխատավարձը ամսական 140 հազար դրամից մի փոքր ավելի է(մոտ 270 դոլար), իսկ միջին կենսաթոշակը՝ 40 հազար դրամից մի փոքր ավելի (80 դոլարից մի փոքր ավելի)։ Ընդ որում. նվազագույն սպառողական զամբյուղը ամսական 61 հազար դրամ է (մոտ 120 դոլար)։

Այդ փոփոխությունների հակառակորդները բողոքում էին, որ ժառանգաբար Երևանի կենտրոնում ապրող (և ոչ միշտ շատ ունևոր) երևանցի ընտանիքները ստիպված կլինեն ավելի շատ հարկ վճարել։ Իրոք, կարելի է վիճել այն մասին, թե արդյո՞ք օրենքի այդ փոփոխությունները կծառայեն իրենց նպատակին, իսկ նպատակը ունևոր քաղաքացիների հարկումն է։ Եթե այդպես է, ապա ակնհայտ է, որ հաշվարկելիս հարկի գործակիցները պետք է ավելի բարձր լինեին նորակառույցների համար։ Դրանց համար հարկն իսկապես ավելի բարձր է, հարցն այն է, թե որքանով։ Օրենքի հին խմբագրված տարբերակի համեմատ` հին շենքերի բնակարանների համար գործակիցը չի նվազել, նույնիսկ աճել է (0,6-ից մինչև 0,76):

Խուսանավում ենք

Նոր տարում կշարունակի գործել 2020թ․-ին ընդունված «հարկային մանյովրը»։ Դրա նպատակն է հարկային բեռը աշխատանքային եկամուտներից (բիզնեսի շահույթ, աշխատակիցների աշխատավարձ) տեղափոխել թանկարժեք գույքի (մասնավորապես՝ թանկարժեք տների) վրա։ Ինչպես նշեցինք՝ թե որքանով է հայտարարված նպատակը համապատասխանում իրականին՝ վիճելի հարց է։

Այսպես թե այնպես` աճող գույքահարկի ֆոնին նվազում է եկամտահարկը։ 2020թ․-ից այն համահարթեցվել էր և հաստատվել 23%՝ անկախ աշխատավարձի չափից։ Այս և հաջորդ երկու տարիների ընթացքում հարկը կնվազի 1-ական տոկոսով, այսինքն՝ 2021թ․-ին այն կկազմի 22 տոկոս, 2022-ից սկսած՝ 21 տոկոս, իսկ 2023 թվականից կհաստատվի 23 տոկոս։ Շահութահարկը 2023թ․-ին 20 տոկոսից կնվազի մինչև 18 տոկոս։

Դրա հետ մեկտեղ կավելանան կուտակային կենսաթոշակային վճարումները։ 2018 թ․-ի հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակների համակարգն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 1974 թ․-ին և դրանից հետո ծնված քաղաքացիների համար (մյուսները կենսաթոշակը ստանում են հին համակարգով)։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ վճարումը կկազմի աշխատավարձի 5 տոկոսը, նույնքան էլ կավելացնի պետությունը։ Ընդ որում, այդ գումարները գնում են քաղաքացու անձնական կուտակային հաշվին (բայց դրանից օգտվել կարելի է միայն կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո կամ ծայրահեղ դեպքերում, օրինակ՝ լուրջ հիվանդության դեպքում)։ Քաղաքացիների ֆինանսական ծանրաբեռնվածությունը միանգամից չավելացնելու համար որոշվեց այսպես. աշխատողը վճարում է 2,5 տոկոսը, իսկ պետությունն ավելացնում է 7,5 տոկոսը։

«Կուլակաթափ» հայկական ձևով, կամ ինչու մեր երկրում հարուստներին չեն սիրում 

Բայց այս տարվանից` մեր եկամտահարկը նվազեցնելուն զուգահեռ պետությունն ավելացնում է մեր կենսաթոշակային վճարումները և նվազեցնում իր ավելացրած վճարները։ 2021թ․-ին հարաբերակցությունը կկազմի 3,5%/6,5%, 2022թ.-ից՝ 4,5%/5,5%, իսկ 2023թ․-ին մենք և պետությունը կվճարենք հավասար՝ 5-ական տոկոս։

Զինվորականների վճարումները

Կավելանա նաև Զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության հիմնադրամի վճարումը։ Նախկինում այն կազմում էր 1 000 դրամ՝ յուրաքանչյուր աշխատող անձից, այսուհետ կախված է լինելու աշխատավարձի չափից։ Մինչև 100 հազար դրամ աշխատավարձի դեպքում նվազագույն վճարը կկազմի 1 500 դրամ, 100-200 հազար դրամ աշխատավարձի դեպքում՝ 3 հազար դրամ։ Այնուհետև վճարումը շարունակում է աճել և 1 միլիոն դրամից բարձր աշխատավարձի դեպքում կազմում է ամսական 15 հազար դրամ։ Բայց այդ վճարումների դեմ, իհարկե, ոչ ոք չի առարկում, ընդհակառակը, հնարավորության դեպքում հիմնադրամին ավելի շատ են փոխանցում, քան պաշտոնապես պահանջվում է։

Հիշեցնենք՝ վճարումներն ավելացել են հետին թվով` սեպտեմբերի 27-ից սկսած։

Համընդհանուր հայտարարագրեր

Ըստ Ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի գաղափարի՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքնուրույն հաշվետու լինի իր եկամուտների մասին։ Հարկայինը համեմատելու է՝ արդյո՞ք նա իր եկամուտները գերազանցող գույք չի գնել, օրինակ՝ 30 հազար դոլար արժողությամբ մեքենա՝ 100 հազար դրամ աշխատավարձի պայմաններում։ Այդ դեպքում հարկայինը բացատրություններ կպահանջի և կստիպի հարկեր վճարել այն եկամուտներից, որոնք քաղաքացին թաքցրել է։ Դրանք կարող են արտասահմանում ապրող ազգականների գումարային փոխանցումները լինել կամ ինքնազբաղվածությամբ աշխատանքը։

Պետությունն էլ չի օգնի հարուստներին․ 2021 թ–ից ԱԱՀ արտոնությունները կկրճատվեն

Համընդհանուր հայտարարագրերի նախագիծը փորձագիտական մակարդակով ֆիննախում քննարկվել է անցած տարի, սակայն կորոնավիրուսային ճգնաժամի, այնուհետև ռազմական գործողությունների պատճառով այդ քննարկումները հետաձգվել են և դեռևս չեն վերսկսվել:

Առողջ եղեք

Հունվարից Հայաստանում կրկին կբարձրանա ակցիզը․ ծխախոտի համար՝ 15 տոկոսով, օղու համար՝ միանգամից 30 տոկոսով։ Այդ ավելացումների նպատակն է հավասարեցնել ակցիզները Եվրասիական միության երկրներում (Հայաստանում անգամ ավելացումից հետո ծխախոտի ակցիզը մոտ երկու անգամ ավելի էժան կլինի, քան Ռուսաստանում)։ Արդյունքում Հայաստանում կարող են սկսել ավելի քիչ ծխախոտ և ալկոհոլ գնել (այս միտումը սկսվել էր արդեն 2020թ․-ին՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով)։

Դրա հետ մեկտեղ` գինու, գարեջրի, կոնյակի և մրգօղու ակցիզը չի բարձրանա։

Ի՞նչն է մեզնից կախված

Դոլարի փոխարժեքը, որն աճել էր 2020–ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, շարունակում է բարձր մնալ։ Մենք արդեն բազմիցս գրել ենք, որ պատճառները հիմնականում շուկայի թելադրանքը չեն։ Ճիշտ հակառակը՝ 2020 թ․-ի առաջին 10 ամիսներին ապրանքների ներմուծումը Հայաստան կրճատվել է մոտ 15 տոկոսով, այսինքն՝ նվազել է Հայաստանից արժույթի արտահոսքը։

Փոխարժեքն աճել է հիմնականում հայկական դրամով հաշիվներն ու խնայողությունները զանգվածային կերպով դոլարի վերածելու պատճառով։ Այսպիսով` որքան շուտ նվազի արժույթի աժիոտաժային պահանջարկը, այնքան շուտ կնվազի դրա փոխարժեքը` գոնե մասամբ։ Դա կմեղմացնի գնային ճնշումը ներկրվող ապրանքների վրա (այդ թվում՝ երկրի համար կարևոր այնպիսի ապրանքների, ինչպիսիք են ցորենը և ալյուրը, արևածաղկի յուղն ու սերուցքային կարագը, շաքարը, դեղերի մի մասը, ինչպես նաև բենզինը և գազը)։

Այսպիսով՝ 2021թ․-ին մեր ֆինանսական դրությունը մասամբ կախված է հենց մեզնից։

Հարկեր փուչիկներից և լարովի շնիկներից. որոշել են փողոցային առևտուրն էլ հարկային դաշտ բերել

Ըստ թեմայի

Ես վատ եմ զգում ինձ, երբ նման նախարարն իմ վճարած հարկից պարգևատրումներ է ստանում. Արամյան
Ներմուծվող որ ապրանքները կազատվեն հարկերից. փոխնախարարը մանրամասներ հայտնեց
ՊԵԿ նախագահը հայտնեց` որ ոլորտների շնորհիվ է նախատեսվածից ավել հարկ հավաքվել
թեգերը:
Հայաստան, հարկային օրենսգիրք, գույքահարկ, եկամտահարկ, հարկեր

Գլխավոր թեմաներ