18:38 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Նույնիսկ եթե նավթի գները մեկ բարելի դիմաց 50 դոլարից ցածր լինեն, Ռուսաստանի և Եվրասիական բանկի մյուս երկրների տնտեսությունն աճելու է։ Ոչ հումքային ոլորտներն արդեն վերադառնում են նախաճգնաժամային մակարդակին։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik․ Եվրասիական զարգացման բանկի երկրներում տնտեսությունը կաճի նույնիսկ նավթի անբարենպաստ գների դեպքում։ ԵԱԶԲ երկրների տնտեսությունների վերականգնման մասին զեկույցի առցանց ներկայացման ընթացքում հայտարարել է բանկի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը։

Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությունը կսկսի վերականգնվել. Չինաստանում տնտեսությունը կաճի 8,5 տոկոսով, եվրոյի գոտում՝ 4,3 տոկոսով, ԱՄՆ-ում ՝ 5,5 տոկոսով, Եվրասիական զարգացման բանկի երկրներում՝ 3,3 տոկոսով (այդ երկրների թվում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը):

Brent տեսակի նավթի գներն ամբողջությամբ դուրս են եկել 2020 թ․-ի անկումից և հիմա կազմում են մեկ բարելի դիմաց 60-65 դոլար: Արդյունաբերական մետաղների (երկաթ, պղինձ և այլն) գներն աճել են գրեթե 40 տոկոսով, ինչը շահավետ է Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի համար: «Բայց պետք չէ մտածել, որ ԵԱԶԲ-ի երկրների տնտեսությունների աճը լիովին կախված է նավթից»,– ընդգծել է Վինոկուրովը:

Նույնիսկ հոռետեսական սցենարի դեպքում, եթե Urals (Brent-ի հետ փոխկապակցված) նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմի ընդամենը 44 դոլար, Ռուսաստանի տնտեսությունը սպասվող 3,3 տոկոսի փոխարեն կաճի 1,9 տոկոսով, այսինքն` աճ, այնուամենայնիվ, կլինի: Նմանապես Հայաստանի ՀՆԱ-ն 3,3%-ի փոխարեն կաճի 1,8%-ով։ Լավատեսության պատճառներից մեկը վերամշակող արդյունաբերությունն է, որը բանկի անդամ երկրներում արդեն նախաճգնաժամային մակարդակին է հասնում:

Ինչպես նշել է ԵԱԶԲ երկրների վերլուծության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Կուզնեցովը, ՀՆԱ-ի 3,3 տոկոս աճը, որը կանխատեսվում է Հայաստանում, սպասվում է արտահանման (մասնավորապես՝ պղնձի և ոսկու կիսաֆաբրիկատների – խմբ․) և զբոսաշրջության հաշվին։

Հայաստանում աճը փոխկապակցված է եվրոգոտու և, բնականաբար, Ռուսաստանի տնտեսության վերականգնման հետ։ Այստեղ սպառողական պահանջարկի ավելացում է սպասվում, ինչը նշանակում է, որ Հայաստանից ապրանքների (մասնավորապես՝ թարմ և պահածոյացված մրգերի և բանջարեղենի, գինու և կոնյակի, հագուստի) պահանջարկը վերականգնվելու է: Բացի այդ, համավարակի նահանջին զուգահեռ կվերականգնվի նաև մատակարարումների շղթան։

Ինչ վերաբերում է գնաճին, ապա համաշխարհային տնտեսության կայունացման շրջանում աճել են նաև պարենի գները. վերջին մի քանի ամսվա ընթացքում աճը կազմել է 24 տոկոս: Գնաճի ևս մեկ պատճառ են դարձել մատակարարումների խափանումները. կորոնավիրուսի հետ կապված խնդիրների պատճառով արտերկրյա մատակարարումները կա՛մ ուշացել են, կա՛մ երկրները սահմանափակել են պարենային ապրանքների արտահանումը: Նկատենք, որ այդ պատճառով Հայաստանը մի քանի ամիս չէր կարողանում իր թռչնաֆաբրիկաների համար ածան հավեր գնել(մատակարարող երկրները դրանք պահում էին սեփական կարիքների համար)։

Այնուամենայնիվ, ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ այս տարվա ընթացքում սննդամթերքի գների աճը կդադարի, ուստի Հայաստանում գնաճը վերահսկողությունից դուրս չի գա և կկազմի 5 տոկոսից քիչ (ավելի հստակ՝ 4,8 տոկոս): Արժույթի նկատմամբ համեմատաբար ցածր սպառողական պահանջարկը, ինչպես նաև արժույթի փոխարժեքի կայունացումը նույնպես հանդես կգան որպես գնաճը զսպող գործոններ։

Ըստ թեմայի

Քանի որ փետրվարն ուներ մեկ օր ավելի, ՀՀ տնտեսությունը համարյա վերականգնվել է. նախարար
2021-ի վերջում կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ. Վահան Քերոբյանի նոր կանխատեսումը
Ադրբեջանից բենզի՞ն է ներկրվում. տնտեսագետը բենզինի գնաճի հիմնավորումներին չի հավատում
թեգերը:
Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ), նավթ, Հայաստան

Գլխավոր թեմաներ