23:24 17 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.37
  • GBP636.68
  • EUR563.47
  • RUB7.69
Մոնրեալ

Րաֆֆի Էլիոթ. ուղևորություն Մոնրեալից Երևան կամ տոմս` մեկ ուղղությամբ

© Sputnik / Сергей Субботин
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
11330

Հայկական և իռլանական արմատներով կանադացի Րաֆֆի Էլիոթն արդեն մի քանի տարի է` բնակվում է Հայաստանում և զբաղվում սեփական բիզնեսով։ Րաֆֆին Sputnik Արմենիային պատմել է, թե ինչն է պատճառը, որ ոչ բոլոր հայրենադարձներն են կարողանում հաստատվել պատմական հայրենիքում։

Շուտով կծնվի կանադահայ Րաֆֆի Էլիոթի դուստրը։ Նա կլինի ընտանիքի առաջին երեխան, որը կծնվի հայկական հողում 120 տարի անց այն ժամանակից, երբ Րաֆֆիի նախնիները փրկվեցին Հայոց ցեղասպանությունից։ Էլիոթի հետ զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

- Րաֆֆի, ի՞նչը Ձեզ դրդեց Կանադան փոխարինել Հայաստանով։

— Ինչպես իրավացի նկատեցիք, ես ծնունդով Կանադայից եմ։ Հայրս իռլանդական արմատներով կանադացի է, մայրս` սիրիահայ։ Բայց ես մեծացել եմ Մոնրեալում, հաճախել եմ հայկական դպրոց, կիրակի օրերին` հայկական կաթոլիկ եկեղեցի։ Մենք բավական խորն ենք գիտակցել մեր ազգային պատկանելությունը։

Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանը, ինչպես հայտնի է, գտնվել է ծանր իրավիճակում։ Այդ ժամանակ մայրս, որն ատամնաբույժ էր, հիմնել է Կանադայի Հայ բժիշկների միությունը և բարեգործական գործունեություն ծավալել Հայաստանում ու Արցախում։ Ուստի մենք հաճախ ենք եղել պատմական հայրենիքում։ Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ Կանադայում հայ լինելը դժվար չէ, բայց ծանր է գիտակցել, որ քո երեխաներն ամեն դեպքում կկորցնեն իրենց ազգային ինքնությունը։

Իմ հայկական արմատներն ինձ համար մեծ նշանակություն ունեին, և պետք էր ինչ-որ ուղի գտնել` իրական հայկական մշակույթին վերադառնալու համար, որն ապրում է միայն այստեղ։ Ղեկավարվելով այս մտքով` ես մշտապես ինչ-որ ծրագրեր էի գտնում, որոնք թույլ էին տալիս գրեթե յուրաքանչյուր ամառն անցկացնել Երևանում։ Բուհն ավարտելուց հետո ես մեկ տարով աշխատանք գտա և 2011թ-ին տեղափոխվեցի այստեղ։

Раффи Элиот
© Sputnik / Karen Yepremyan
Րաֆֆի Էլիոթ

- Այսինքն, հենց հետնորդների մասին միտքն է դարձել ձեր տեղափոխվելու գլխավոր պատճառը…

— Այո, դա յուրօրինակ փիլիսոփայական հիմք է եղել։ Դե, իհարկե, եղել են նաև այլ, ավելի գործնական պատճառներ։ Առաջին հերթին, նշեմ, որ անկախ իմ ծագումից` ես շատ եմ սիրում Հայաստանը։ Հիանալի է երկիր է, մարդիկ բարի են, շատ անմիջական։ Երևանը փոքր, բայց շատ գեղեցիկ ու դինամիկ քաղաք է։

- Ինչո՞վ եք զբաղվում Հայաստանում։

— Սկզբում ես աշխատում էի միջազգային ընկերությունում, որը զբաղվում էր Հայաստանի եվրաինտեգրմամբ։ Երբ պայմանագրի ժամկետը լրացավ, ես այստեղ մնալու ուրիշ միջոցներ գտա։ Առաջին հերթին, այդ ժամանակ ես հանդիպեցի ապագա կնոջս, և 2013թ-ի սկզբին հիմնեցի իմ սեփական բիզնեսը։ Այդ ժամանակ Հայաստանում ապրելով շուրջ մեկուկես տարի` ես հասկացա, որ այստեղ շատ լավ ծրագրավորողներ կան։ Հետո հասկացա, որ հաջող բիզնես վարելու համար պետք է փորձել զբաղվել ինտերնետային առևտրով։ Բացի այդ, ներքին շուկան մեծ չէ։ Արդյունքում մենք հիմնեցինք կայքերի ստեղծման և զարգացման ընկերություն, որն աշխատեց մի քանի տարի։ Մենք շատ պատվերներ էինք ստանում սփյուռքի ներկայացուցիչներից. նրանք ցանկանում էին ոչ միայն գումար ուղարկել Հայաստան, այլև ինչ-որ բան զարգացնել, որից նաև իրենք կարող էին օգուտ ստանալ։ Օրինակ, եթե Մոնրեալի գործարարը մեզ մոտ վեբ-կայք էր պատվիրում, ապա օգտակար էր թե՛ նրա, թե՛ Հայաստանում աշխատող ընկերության համար։

- Բայց հիմա Ձեր գործունեության տեսակը փոխվել է։

— Այո, ինչպես արդեն ասացի, ես ընկերություն ունի, բայց մենք արդեն հոգնել էինք կայքերի զարգացմամբ զբաղվելով, բացի այդ մրցակցությունը խիստ աճել էր ինչպես միջազգային, այնպես էլ տեղի շուկայում։ Այդպես մենք որոշեցինք կյանքի կոչել ավելի հետաքրքիր և ինչ-որ տեղ տարօրինակ գաղափար. հիմնեցինք ընկերություն, որը ինտերնետային հարթակ է բժշկական զբոսաշրջությունը հեշտացնելու համար։ Այդ գաղափարն ինձ մոտ ծագեց` ելնելով անձնական փորձից։ Կանադայում ես առողջական խնդիր ունի, որն այդպես էլ չէր հաջողվել լուծել։ Երբ եկա Հայաստան, գտա լավ բժշկի, որը հեշտորեն լուծեց այդ խնդիրը։ Բացի այդ, ես հաճախ եմ լսում, որ Հայաստանում լավ բժիշկներ կան, իսկ բուժումը բավական էժան է։

2014թ-ից մենք զբաղվում ենք բժշկական զբոսաշրջության զարգացմամբ, այսինքն այն մարդկանց, որոնք ցանկանում են բուժվել Հայաստանում, «կապում ենք» մեր տեղի բժիշկների հետ։ Ես գիտեմ, որ այստեղ եղել են այդ ոլորտը զարգացնելու փորձեր, բայց մեր ընկերության հիմնելը լուրջ փորձ չի եղել։

- Սփյուռքի շատ ներկայացուցիչներ փորձում են հաստատվել իրենց պատմական հայրենիքում, սակայն մեծամասնությունը հիասթափվում է ու հեռանում այստեղից։ Ի՞նչ դժվարությունների եք բախվել Հայաստանում։

— Իմ կարծիքով` հիասթափության պատճառն այն է, որ մարդիկ այդքան էլ հստակ չեն պատկերացնում հայկական իրականությունը, այստեղի իրողությունները։ Ես արդեն նշեցի, մինչև Հայաստան տեղափոխվելը հաճախ էի լինում այստեղ, այսինքն ես որոշակի փորձ ունեի։ Բացի այդ, ես գիտեի լեզուն, երկրի պատմությունը, ինչը շատ առումներով բացատրում է մարդկանց պահվածքը, որն ինձ երբեմն տարօրինակ էր թվում։ Ես հասկանում էի, որ շատ բան մնացել է խորհրդային շրջանից։ Երբ հերթի մեջ ինձանից առաջ էին անցնում, ես գիտեի, որ չի կարելի բարկանալ, քանի որ անհնար է որևէ բան փոխել։ Գիտեք` երբ ես տեղափոխվեցի Հայաստան, ապա որոշեցի, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի փոխեմ այն, ինչը կարող եմ փոխել, բայց կընդունեմ այն, ինչն ի զորու չեմ ընդունել։

- Կարելի՞ է ասել, որ այդ սկզբունքն է եղել Ձեր հաջողության գաղտնիքը։

— Այո, ես գտա գործունեության այնպիսի ոլորտ, որն ինձ հեշտությամբ է տրվում և որոշակի օգուտ է բերում Հայաստանին։ Բայց ես հաճախ եմ նկատել, որ սփյուռքի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են այստեղ գործ սկսել, դրան ավելի շատ որպես բարեգործության են վերաբերվում, ոչ թե բիզնեսի։ Մտածում են` մենք պետք է օգնենք մեր հայաստանցի դժբախտ եղբայրներին, աշխատատեղեր ստեղծենք։ Դա բիզնես վարելու սխալ մոտեցում է, որը հանգեցնում է սխալների և հետագայում անիմաստ ծախսերի։ Նրանք չափից դուրս շատ են «բացվում», ուստի նրանց հաճախ են խաբում։ Հետո այդ մարդիկ հիասթափվում են և այլևս ոչինչ չեն ցանկանում լսել Հայաստանի մասին։ Չի կարելի գալ Հայաստան, ինչ-որ մեկին մեծ գումար տալ և ասել. «Վերցրու, բիզնես սկսիր, աշխատատեղեր ստեղծիր, ես գիտեմ, որ դու հայ ես և չես խաբի ինձ»։ Բնականաբար կխաբի…

Բացի այդ, կան նաև օբյեկտիվ արգելքներ. փոքր շուկայի պատճառով գործունեության որոշակի տեսակներ ուղղակի իմաստ չունեն։ Օրինակ, ես չէի հրաժարվի Կանադայի իմ կյանքից, որպեսզի տեղափոխվեմ Հայաստան և այստեղ շաուրմա վաճառեմ. յուրաքանչյուր փողոցում 8-10 նման կետ կա։ Կան նաև ուրիշ խնդիրներ։ Նկատի ունեմ օրենքի որոշ կետեր, հարկային ծառայության աշխատանքը, թեև այն որոշակի փոփոխությունների է ենթարկվել։

- Այսինքն, իրավիճակը բարելավվե՞լ է։

— Իմ կարծիքով` այո։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ինչ-որ բան բարելավվել է, մասնավորապես` էլեկտրոնացման ճանապարհով։ Օրինակ, երբ ես նոր էի հիմնել իմ ընկերությունը, պետք է ամիսը մեկ անգամ գնայի հարկային տեսչություն, իսկ հիմա գրեթե չեմ գնում և այլևս չեմ հանդիպում աշխատակիցների հետ, բոլոր գործողություններն առցանց եմ կատարում։ Այդպես ավելի հեշտ է։

- Հայաստանի ո՞ր ոլորտներում եք պոտենցիալ տեսնում։

— Դրանք մի քանիսն են` գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսական ոլորտ, զբոսաշրջություն։ Զբոսաշրջությունը շատ կարևոր ոլորտ է, կարծում եմ` կառավարությունը մինչև հիմա չի գիտակցել այդ ներուժը։ Հայաստանի մեկուսացված լինելն ամենից շատ արտացոլվում է հենց այդ ոլորտների վրա։ Դրանք կարող ենք մեծ ներդրումներ գրավել, ինչն իր հերթին կօգնի բարձրացնել երկրի կենսամակարդակը։

- Ի՞նչ է Ձեզ տվել Հայաստանը։

— Կարող եմ անկեղծորեն ասել, որ այստեղ ապրելն ինձ համար երջանկություն է։ Ուզում եմ նշել նաև, որ կինս հղի է, և մի քանի ամիս անց մենք աղջիկ կունենանք։ Նա կլինի մեր ընտանիքի առաջին երեխան, որը կծնվի հայոց հողում։ Վերջին 120 տարվա ընթացքում մեր տոհմում նման բան չի եղել (ժպտում է)։

- Իսկապես, պատմական իրադարձություն է։

— Այո, ինձ համար շատ կարևոր է։ Կինս, իհարկե, հանդիմանում է ավելորդ ռոմանտիզմի համար, որը բնորոշ է հայրենադարձներին։ Թող այդպես լինի, չէ որ դա ճշմարտություն է (ժպտում է)։

Ինչ վերաբերվում է բիզնեսին, ապա, իհարկե, ես կցանկանայի, որ այն միջազգային դառնար։ Օրինակ, որպեսզի տասը տարի անց ավստրալացին, օգտագործելով մեր հարթակը, բուժվեր Թաիլանդում։ Մեր ընկերությունը շարունակեր մնալ հայկական։ Օրինակ, հայկական Picsart ծրագրի մասին գիտեն ամբողջ աշխարհում։ Հուսով եմ` այնպիսի ընկերությունները, որոնք կկարողանան մեծ հաջողությունների հասնել միջազգային շուկայում, ավելի շատ կլինեն։

- Ուրեմն Ձեր երեխաների ապագան միայն Հայաստանո՞ւմ եք տեսնում։

— Այո։

- Իսկ եթե Ձեր երեխաները որոշեն վերադառնալ Կանադա՞։

Երբ նրանք 18 տարեկան դառնան, ապա կարող են անել այն, ինչ ուզում են։ Քանի որ նրանք իմ երեխաները կլինեն և կստանան իմ դաստիարակությունը, ապա հազիվ թե նման որոշում ընդունեն (ժպտում է)։

Русская версия

Գլխավոր թեմաներ