03:08 22 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Թալիշ

541,3 մլն դրամ` Թալիշին. սահմանամերձ համայնքը հետ է կանչում գյուղացիներին

© Sputnik/ Asatur Yesayants
Արցախ
Ստանալ կարճ հղումը
14820

Բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ Հայաստան համահայկական հիմնադրամը շուրջ 541,3 մլն դրամ կտրամադրի արցախա–ադրբեջանական սահմանամերձ գյուղի` Թալիշի զարգացմանը: Նպատակն է` այնտեղ բարենպաստ միջավայր ստեղծել վերաբնակեցման համար։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Գոհար Սարգսյան. Թալիշի գյուղապետարանի, բուժկետի և ակումբի, 18 տան վերակառուցման ու վերանորոգման համար բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ Հայաստան համահայկական հիմնադրամը շուրջ 541,3 մլն դրամ կտրամադրի։ Այս մասին ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Նախորդ տարվա ապրիլյան գործողություններից հետո նպատակ կա նոր շունչ հաղորդել Թալիշին։

«Գյուղապետարանի շենքի շինարարությունն ավարտին է հասնում, իսկ, օրինակ, մանկապարտեզի շենքը նկուղային հարկից բարձրացել է, առաջին հարկը շարված է։ Դպրոցի շենքի հիմքերի վրա են աշխատում»,–ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին Թալիշում բնակվում է մոտ 30 մարդ` բոլորը տղամարդիկ։ Նա հույս ունի, որ տների վերակառուցումից հետո ընտանիքները լիարժեք կվերադառնան իրենց հայրենի գյուղ։

«Երբ աշխատանքներն ավարտվեն, կտեսնենք, թե որը որից հետո է։ Թալիշը մեր պապենական գյուղն է, մենք մեր ձեռքերը չենք լվացել»,–ասաց Պետրոսյանը։

Այս պահին Թալիշի գյուղապետն իր հարազատ գյուղից մոտ 40 կմ հեռավորության վրա է։ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղ։

«Հիմա նստած եմ Ալաշանի գյուղապետարանում, բայց համարվում եմ Թալիշի գյուղական համայնքի ղեկավարը։ Թալիշից տեղափոխվածների մեծ մասն ապրում է հենց Ալաշանում։ Թալիշում լինում եմ այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում։ Ընտանիքս պարտադրող պայման է, այսինքն` որտեղ ընտանիքս լինի, այնտեղ էլ ես պետք է լինեմ»,–ասաց Վիլեն Պետրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ այսօր Թալիշում ապրող տղամարդիկ տարբեր գործերով են զբաղվում։ Մարդիկ կան, որ ծառայության են մեկնել, մյուսները մասնակցում են շինարարական աշխատանքներին, բայց կան նաև նվիրյալներ, որոնք իրենց կյանքը չեն պատկերացնում Թալիշից հեռու։

Թալիշում վերաբնակվելու երազանքներ ունեն շատ գյուղացիներ` երբեմն անտեսելով ահազդու վտանգը։ Օրինակ` արցախցի Գայանեն Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ ապրիլյան պատերազմից հետո երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան, բայց ամուսնուն այդպես էլ չի կարողացել մտափոխել. նա մնացել է Թալիշում։

«Արցախցին այդպիսին է, կառչում է հողից ու վտանգից չի վախենում»,–ասաց նա։

Ավելի վաղ Spunik Արմենիան զրուցել է նաև թալիշցի տատիկ–պապիկի հետ, որոնք ապրում էին Ստեփանակերտում։ Նրանք երազում են տաքսու գումար ունենան ու մեկնեն Թալիշ, համբուրեն տան պատերն ու վերադառնան։

Անկախ գտնվելու վայրից` Թալիշը ձգում է գյուղացիներին։

Գլխավոր թեմաներ